Կարծում է Թեսա Հոֆմանը
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովը թեպետ նախատեսված էր ավարտել հունիսի 24-ին, սակայն եզրափակումը տեղի ունեցավ երեկՙ հունիսի 23-ին:
Եզրափակիչ լիագումար նիստից առաջ գիտաժողովի կազմակերպիչները հրավիրեցին մամուլի ասուլիսՙ ամփոփելու եռօրյա միջոցառման արդյունքները: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը գիտաժողովն իբրեւ երեւույթ եզակի համարեց այն տեսանկյունից, որ նորանկախ Արցախում առաջին անգամ է նման լուրջ գիտաժողով կազմակերպվում: Նրա համոզմամբՙ գիտաժողովը փաստեց այն իրողությունը, որ ԼՂՀ-ն գոյություն ունի որպես սեփական ուժերով իր պետականությունը կերտող երկիր, որն ունակ է ոչ միայն ինքնուրույն պաշտպանել իր սահմանները, այլեւ տնտեսություն ու մշակույթ զարգացնել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել գիտաժողովի հաջող անցկացմանը:
Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքովՙ գիտաժողովը փաստեց, որ Արցախը ոչ միայն դիմադրական, այլեւ գիտամշակութային կենտրոն է, եւ պետք է նման միջոցառումները ԼՂՀ-ում հաճախակի դարձնել: ԵՊՀ ռեկտորը ափսոսանք հայտնեց, որ երիտասարդները ակտիվ չէին գիտաժողովի ժամանակ: Նա նաեւ շեշտադրեց այն համոզմունքը, որ հետայսու Արցախում կազմակերպվելիք նմանօրինակ միջոցառումները պետք է իրականանան հիմնականում տեղական գիտական ներուժի հիման վրա, որովհետեւ դրսից եկածները կարող են միայն դետոնատորի դեր կատարել: Ստեփանակերտյան գիտաժողովը, ըստ Ա. Սիմոնյանի, ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը ուղղակի նպաստ չի կարող բերել, սակայն կարող է աուրա ստեղծել միջազգային հանրության ճիշտ ընկալումների համար, ինչպես նաեւ քարոզչական առումով նշանակալից դեր կունենա:
Բոլոր ելույթներն առանձին գրքով կհրատարակվեն ու կբաժանվեն հանրությանը, որպեսզի ժողովուրդը եւս տեղյակ լինի գիտաժողովում հնչած կարծիքներին, տեղեկացրեց ԼՂՀ ԿՄՍ նախարարը: Բացի այդ, պատրաստվում է մի հայտարարություն-փաստաթուղթ, որը կուղարկվի համապատասխան միջազգային կառույցներ:
«Ազգի» թղթակցի խնդրանքով ասուլիսին մասնակից գերմանացի հայտնի քաղաքագետ Թեսա Հոֆմանը պարզաբանում տվեց մամուլում արտահայտած իր այն տեսակետի առնչությամբ, որում նա ասել է, թե ԼՂՀ-ի համար շատ կարեւոր է, որպեսզի թեկուզեւ մեկ երկիր պետականորեն ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Տիկին Հոֆմանն ասաց, որ ինքը նկատի ունի նախ եւ առաջ միջազգային այն կառույցներին, որոնք զբաղվում են ղարաբաղյան հիմնախնդրով: Իսկ միջազգային հանրության համար ներազդուն կլինի, անշուշտ, որեւէ հզոր երկրի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, որին պիտի հետեւողականորեն ձգտել:
Արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը դրական ազդեցություն կունենա՞: «Ազգի» այս հարցին Թեսա Հոֆմանը բացասական պատասխան տվեցՙ հիշեցնելով Հյուսիսային Կիպրոսի օրինակը: «Շահագրգիռ երկրի կողմից ճանաչումը նույնիսկ հակառակ հետեւանք կարող է ունենալ: Անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա չեզոք երկրի կողմից», ասաց նա:
Անժխտելի է, որ Ստեփանակերտում կայացած միջազգային գիտաժողովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից ունի կարեւոր նշանակությունՙ Ակնկալվում է դրսում դրա համարժեք արձագանքը եւ, թվում է, էականը տվյալ դեպքում այն է, որ միջազգային մակարդակով գիտական միտքն ուղղակի իմաստով հող է ստեղծել հիմնախնդրին իրավական ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ