Մեթյու Բրայզայի ձեւակերպումները խառնում են իրավիճակը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Նախագահներին ներկայացվել է շրջանակային համաձայնագիր», «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական, ներկայումս արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա որոշակի առումով եւ առանց մանրամասնելու հրապարակել է այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունները, որոնք այսօր դրված են ղարաբաղյան բանակցությունների սեղանին:
«Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են», հայտարարել է Մեթյու Բրայզան: Ամերիկացի համանախագահը չի պարզաբանել, թե իր մատուցմամբ կամ ընկալմամբ որոնք են «այն տարածքները», որտեղ տեղակայված են հայկական զորքերը: Ի դեպ, պարզ չէ նաեւ, թե ինչ ասել է հայկական զորքեր, այս հասկացությունը հաստատապես կարիք ունի ճշգրտման, քանի որ ելնելով զինված ուժերի պատկանելությունից` հստակեցվում է դրանց այստեղ կամ այնտեղ գտնվելու հիմնավորվածությունը: Այստեղ տարընկալման հիմք է նաեւ «Ադրբեջանի տարածք» ասվածը. ինչպե՞ս հասկանալ, միջազգային սկզբունքներից որի՞ կիրառմամբ, ի՞նչ ծավալով, ի՞նչ մասշտաբով... Բրայզան թերեւս հաջողությամբ տառացիորեն լղոզել է անվտանգության գոտու շրջաններին վերաբերող կետըՙ ընդհանրապես չնշելով Լաչինի եւ Քելբաջարի մասին:
«Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում», նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Բրայզան, սակայն, սկզբունքը հայտարարելու դեպքում անգամ հարցականներ է թողել չափազանց դեկլարատիվ բնույթ կրող այս արտահայտության առնչությամբ: Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես այդպիսին կապերի բացակայությունը նախ ենթադրում է դրանց հաստատում, հետո` նորմալացում կամ մեկ այլ գործընթաց: Եթե անգամ նման մոտեցումը շրջանակային որակվող համաձայնագրում առաջարկվում է որպես սկզբունք կամ դրույթ, իրականացվելու տեսանկյունից բնավ էլ սկզբունքի նման չէ, այլ գուցե թե լավ ցանկության: Ավելի շուտ համաձայնագրի կետերի մեջ անընդհատություն կամ էլ հաջորդ դրույթի հիմք ապահովելու փորձ է:
Բանակցային գործընթացի ընթացքում այդքան հարցերի ու ենթադրությունների տեղիք տված փաստաթղթից Բրայզան էլի մեջբերումներ է արել` ըստ էության չնչին չափով հաստատելով արդեն իսկ արված «գուշակությունները»: «Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին, ապա, եթե հավատալու լինենք «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքէջի ձեւակերպմանը, Բրայզան արտահայտվել է առավել քան տարօրինակ: Այլ կերպ ինչպե՞ս որակել հետեւյալ հայտարարությունը. «Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկությունՙ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը»:
Ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի այս «բացահայտման» համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված է կոնկրետ առաջարկ, սեղանին դրված է կոնկրետ համաձայնագիր, որը նրանք առայժմ հրաժարվում են ընդունել: Հիշեցնենք, որ նախագահների ռամբույեյան եւ բուխարեստյան հանդիպումներից ստացվող ոչ լիարժեք տեղեկություններով, այդ փաստաթղթում անհամաձայնություն է առաջացրել մեկ դրույթ-կետ: Սակայն այդ կետի ինչպիսին լինելու առնչությամբ ամերիկացի համանախագահը որեւէ մանրամասն չի հաղորդել:
Հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել այս համաձայնագիրը: «Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում», նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Արդյոք համանախագահներն անցնում են «հարձակմա՞ն»... Որոշակի առումով հրապարակային դարձնելով այդքան ջանքերով գաղտնի պահված սկզբունքներից մի քանիսը, արդյոք Մինսկի խումբը հենց ինքը չի՞ փորձում օգտագործել այդքան չարչրկված «հնարավորության պատուհանը», միայն թե պարզ չէ` պատրաստվում են իրենք «խցկվել» այդ պատուհանի՞ց, թե՞ «խցկել» Քոչարյանին ու Ալիեւին: Ամեն դեպքում, պարզ չէ նաեւ, թե որտեղ կհայտնվեն «հնարավորության պատուհանից» այն կողմ հայտնվածները` հաշվի առնելով հենց այս պահին ինչ-որ իրարանցում առաջացնելու Միացյալ Նահանգների նկրտումները:
Հայաստանի դիրքորոշման առնչությամբ «Ազգի» հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Հայաստանն առաջնահերթությունը տալիս է կարգավիճակի հարցին, եւ ինչպես նախարար Վարդան Օսկանյանը բազմիցս ասել էՙ նախ կարգավիճակի լուծում, ինչը հնարավորություն կտա անդրադառնալու մնացյալ հարցերի լուծմանը: