«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ PBS-ԻՑ

Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր»

«Նյու Յորք Թայմս»-ը հունիսի 14-ին հաղորդեց, որ PBS-ի (Public Broadcasting Service - Հանրային հեռարձակման ծառայություն) ծրագրերի գծով առաջին փոխնախագահ Ջեյքոբա Աթլասն այս ամսվա վերջին ազատվելու է պաշտոնից: Նա թերթին հայտարարել է, որ «չգիտե, թե ինչ է անելու հետագայում»:

Նրա հեռանալը չպետք է անակնկալ լինի նրանց համար, ովքեր հետեւում էին PBS-ում վերջին վիճահարույց զարգացումներին: Որպես ծրագրերի գծով առաջին փոխնախագահ` տիկին Աթլասը PBS-ի այն պատասխանատուն էր, որը կազմակերպել էր ապրիլի 17-ին Էնդրյու Գոլդբերգի Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմից հետո Հայոց ցեղասպանության շուրջ ցեղասպանության երկու ուրացողների մասնակցությամբ բանավեճի հեռարձակումը:

Այդ կերպ վարվելով` տիկին Աթլասը ոչ միայն հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության հավաստիությունը, այլեւ լուրջ վնաս հասցրեց նույն PBS-ին` հարուցելով մեծաթիվ հեռուստադիտողների եւ աջակիցների, ինչպես նաեւ PBS-ի բյուջեի հիմնական մասը տրամադրող Կոնգրեսի շատ անդամների հակազդեցությունը:

Տիկին Աթլասն ամբողջովին թերացավ այս անչափ վիճահարույց իրավիճակում: Երբ ավելի քան 30 հազար հեռուստադիտողներ էլեկտրոնային փոստով նամակներ հղեցին եւ պահանջագիր ստորագրեցին` խնդրելով նրան ամբողջ երկրով մեկ ամբիոն չտրամադրել ցեղասպանության ուրացողներին, նա անտեսեց դրանք: Երբ Ամերիկայի հայկական գլխավոր կազմակերպություններից մեկը` Հայ դատի հանձնախումբը, գրեց նրան` հանդիպում խնդրելով այդ լուրջ հարցի քննարկման համար, նա մերժեց այդ խնդրանքը: Երբ Կոնգրեսի 30 անդամներ համատեղ նամակ հղեցին` խստիվ առարկելով «կլոր սեղանի» հեռարձակման դեմ, նա հաշվի չառավ նրանց մտահոգությունները` շատ լավ իմանալով հանդերձ, որ Կոնգրեսը կարող է դադարեցնել միլիոնավոր դոլարների ֆինանսավորումը, որ ամեն տարի դաշնային բյուջեով հատկացնում է PBS-ին: Նա անտեսեց նաեւ համապետական հնչեղություն ստացած այս վեճին առնչվող տասնյակ հոդվածները «Վաշինգտոն Փոստ», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս» եւ բազմաթիվ այլ պարբերականներում:

Բոլոր փորձերը` բացատրելու տիկին Աթլասին, որ սխալ էր եթեր տալ ցեղասպանության ուրացողներին` «հավասարակշռելու» Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական ֆիլմը, լռության պատի հանդիպեցին: Գոլդբերգի վավերագրական ֆիլմը հավասարակշռման կարիք չուներ, քանի որ արդեն իսկ ընդգրկում էր տխրահռչակ ուրացողներ Յուսուֆ Հալաջօղլուի եւ Գյունդուզ Աքթանի մեկնաբանությունները: Ավելին, ինչպես PBS-ի իրավունքների պաշտպանն (օմբուդսման) էր բացահայտել իր ծավալուն զեկույցում, «PBS-ի բարձրաստիճան պաշտոնյաները», ամենայն հավանականությամբ տիկին Աթլասն էլ նրանց թվում, ներգրավված են եղել վավերագրական ֆիլմի խմբագրման եւ վերանայման գործում եւ «պահանջել են սցենարի վերանայումներ»:

Եթե տիկին Աթլասն իրոք հետաքրքրված էր թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ուրացման թեմայի հետագա ուսումնասիրությամբ, ապա նա ընդամենը պետք է հրավիրեր մի խումբ փորձագետների, որոնք կարող էին խելամտորեն բացատրել, թե ինչու եւ ինչպես են զանգվածային կոտորածների հեղինակները զբաղվում ուրացմամբ եւ մարդկության դեմ հանցագործությունների քողարկմամբ (!):

Ի վերջո, մարտի սկզբին տողերիս հեղինակը, վրդովված, կոչ արեց PBS-ից ազատել տիկին Աթլասին, երբ վերջինս անարգեց Հայոց ցեղասպանության զոհերին` հայտարարելով, թե հայերի եւ հրեաների ցեղասպանությունները «նման չեն»: Նա այդ վիրավորական մեկնաբանությունն արեց ի պատասխան համառ հարցերի, թե արդյոք ինքը կկազմակերպե՞ր նաեւ բանավեճ Հոլոքոսթի վերաբերյալ, որում ընդգրկված լինեին նեոնացիստներ կամ Հոլոքոսթի ռեւիզիոնիստներ, եւ կհեռարձակե՞ր այն Հոլոքոսթի վերաբերյալ վավերագրական ֆիլմից հետո(!):

Ըստ PBS-ից հավաստի աղբյուրների, տիկին Աթլասն ազատվել է պաշտոնից այն բանից հետո, երբ PBS-ի բարձրաստիճան ղեկավարությունը եզրակացրել է, որ նա թերացել է «կլոր սեղանի» հարցում եւ դրա հետեւանքով ծագած բանավեճում` վանելով PBS-ի բազմաթիվ երկարամյա հեռուստադիտողների եւ աջակիցների:

Ի լրումն այդ ամենի, Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովն անցած շաբաթ քվեարկեց Հանրային հեռուստատեսությանը հատկացվող դաշնային ֆինանսավորումը 2007 թ. համար էապես կրճատելու եւ 2009 թ. համար լրիվ վերացնելու օգտին:

Նույնիսկ եթե հանձնաժողովը դիմել է այս քայլին գլխավորապես քաղաքական նկատառումներով, այնուհանդերձ PBS-ին օգուտ չի բերել այն, որ իր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իր (PBS-ի. «ՆՏ») դեմ է տրամադրել Կոնգրեսի ավելի քան 30 անդամների այն ժամանակ, երբ PBS-ն անչափ սուր է զգում յուրաքանչյուր կոնգրեսականի քվեի եւ ամեն մի դոլարի եկամուտի կարիքը:

Տիկին Աթլասի հեռանալուց հետո ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է հանդիպեն PBS-ի նորանշանակ նախագահ Փոլա Ա. Քերգերի հետ եւ հարթեն եղած տարաձայնությունները: PBS-ը արժեքավոր ծառայություն է մատուցում համայնքին ամբողջությամբ վերցրած եւ արժանի է լիակատար աջակցության: Մի նախկին պաշտոնյայի անհեռատեսությունը չպետք է մնայուն ճեղքվածք թողնի ամերիկահայ համայնքի եւ հանրային հեռուստատեսության միջեւ: Ի վերջո, PBS-ի հեռուստադիտողների մեծ մասը չտեսավ «կլոր սեղանը», որը կազմակերպելու համար տիկին Աթլասը կաշվից դուրս էր գալիս: Ամբողջ երկրով մեկ PBS-ի կայանների մեծ մասի ծրագրերի տնօրենները, եւ հատկապես խոշորագույն քաղաքներինը, գտան, որ «կլոր սեղանն» անհրաժեշտ չէ եւ ոչինչ չի ավելացնում վավերագրական ֆիլմին (!):

Այն բանից հետո, երբ PBS-ի հետ հարաբերությունները վերականգնված կլինեն, ամերիկահայ համայնքը պետք է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին (Պալատի ավելի քան 150 անդամներ), ինչպես նաեւ Միացյալ Նահանգների Սենատին խնդրի վերականգնել հանրային հեռուստատեսության բյուջեն, երբ այս թեմային վերաբերող օրինագիծը հասնի Պալատի եւ Սենատի քննարկմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4