«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


ՎԻՐԱՎՈՐՎԵ՛Ք, ՀԱՅԵՐ

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի այցը Թուրքիա եւ այնտեղ տեղի ունեցած միջադեպը (տե՛ս «Ազգ» թիվ 115, 116) արժանացել էր քաղաքական ու մտավորական մի շարք գործիչների վրդովմունքին: Նրանք եկել էին իրենց վերաբերմունքը հանրությանը հայտնելու «Փակագիծ» ակումբի ամբիոնից եւ ակնկալելու հասարակության տարբեր խավերի, իրենց կարծիքով անհրաժեշտ արձագանքը:

Ըստ բանախոսների, կաթողիկոսին 50 հոգանոց ամբոխի բողոքի ցույցով դիմավորելու եւ ենթադրաբար նրան տանող մեքենան ձվերով գնդակոծելու վայրենաբարո ակցիան, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի համաձայն, քայլ է ոչ թե Վեհափառի անձի, այլ ողջ հայ ժողովրդի ու նրա առաջնորդի դեմ: Ցույց անելը նորմալ է եւ մարդկանց իրավունքը, սակայն ձվեր շպրտելը չափազանց է, եզրակացրինք նրա խոսքից:

Ի դեպ, միջադեպի մասին Հայաստանում տարածված կարծիքը մասնակիորեն չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ պատրիարքարանի պաշտոնաթերթ «Լրաբեր» կայքէջի, ցուցարարները քարկոծել են ոչ թե կաթողիկոսին տանող, այլ նրան դիմավորելու եկած պատրիարքարանի ծառայողական մեքենաները (այս մասին «Ազգը» տեղեկացրել է նախապես): Վեհափառ հայրապետին դիմավորել եւ օդանավակայանից պատրիարքարան է տեղափոխել ավտոշարասյունից անջատ ընթացող մեքենաների մեկ այլ շարասյուն:

Արմեն Մազմանյանը համոզված է, որ այս միջադեպը եկավ հաստատելու եւ հասկացնելու, որ արտաքին քաղաքական մեր դիրքորոշումներում «չորանալու» եւ «կոշտանալու ժամանակն է, քանի որ հիմա ցինիկ քաղաքական ֆորմատի դարաշրջանում ենք ապրում, երբ ամեն մեկն անում եւ ասում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Ես վստահ եմ, որ միջադեպը պետականորեն արված քայլ է: Պատահական ոչ մի թափթփուկ 50 հոգի փողոցում չի հայտնվի ձվերով: Վաղը Եվրոխորհրդում նրանք ելույթ են ունենալու, թե, տեսե՛ք, մեր ժողովուրդը այլ կերպ է նայում հայերի հետ հարաբերություններին: Այո՛, ժամանակն է ծայրահեղ ազգայնականության գնալ բոլոր ոլորտներում: Եթե դա ամոթ է այս երկրում, ապա ես ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ», եզրակացություն-հարց է առաջ քաշում ռեժիսորը:

«Ակնհայտ է, որ անցյալ տարվա ընթացքում Արեւմտյան Հայաստանում պայթեցված երկու եկեղեցիների պայթյունների մեղավորները ո՛չ գտնվել են, ո՛չ էլ պատժվել, նշեց ԱԺ պատգամավոր, հանրապետական Արմեն Աշոտյանը: Թուրքական լրատվամիջոցներում հաճախ են հնչեցնում, որ թուրքական իշխանություններն աչք են փակում այն հանգամանքի վրա, որ տեղական իշխանությունները վաճառում կամ հայկական պատրիարքարանին զրկում են իրեն պատկանող կալվածքներից: 2004-ին նույնիսկ արգելվեց պատրիարքի այցը Ախթամար կղզի, այնտեղի վանքում պատարագ կատարելու համար: Մինչդեռ հայոց պատրիարքարանը խաղաքարտ է դարձել Թուրքիա-Եվրոմիություն հարաբերություններում, իսկ պատրիարքը գրեթե բոլոր այցերում ուղեկցում է վարչապետ Էրդողանին եւ բավականին երկիմաստ հայտարարություններ է անում, որ Թուրքիայում կարծես թե պաշտպանված են կրոնական եւ ազգային փոքրամասնությունների շահերը»: Այնուամենայնիվ, բանախոսներն ակնարկեցին նույն պատրիարքարանի եւ Թուրքիայում ապրող հայերի անվտանգության խնդիրը, սակայն այդ հանգամանքը խորությամբ ու համապատասխան լրջությամբ հաշվի չառնվեց:

«Երկար տարիներ Հայաստանը ներկայացնող առաջին դեմքեր Թուրքիայում չեն եղել, ինձ համար ամենակարեւորն այն էր, որ կաթողիկոսի ծրագրում նախատեսված է այցելություն Արեւմտյան Հայաստանի հուշարձանային կոթողներ ու հայկական սրբավայրեր: Սա պետք է դիտվի որպես հայրենատիրության խնդիր», նկատում է Ա. Աշոտյանը, նաեւ մտահոգություն է հայտնում, որ նույնատիպ այցեր չեն կատարվում Ջավախք` ջավախահայությանը ոգեւորելու, այնտեղ եղած մեր կոթողների խնդիրները լուծելու նպատակով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4