«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


«ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՀ Է, ՈՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՄԻ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔ ՄՇԱԿԵԼ»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՅԴ առաջարկով երեկ «Երկքաղաքացիության հիմնախնդիրները. միջազգային իրավունքը եւ փորձը» թեմայով կազմակերպած խորհրդարանական լսումների նպատակը հնարավորինս հղկված օրինագիծ ներկայացնելն էր: Երկքաղաքացիության լինելիությունը Հայաստանում, ըստ Հայ հեղափոխական դաշնակցության, արյան եւ հողի իրավունքի իրականացում է եւ արդեն վաղեմություն ունեցող խնդիր, որի լուծման անհրաժեշտությունը փոփոխված սահմանադրությամբ է ենթադրվում նաեւ: Երկքաղաքացիության լինելիությունն, ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի, հայ ժողովրդի համահավաք պետականության ստեղծմանը, ներուժի կենտրոնացմանը կնպաստի: Երկքաղաքացիություն շնորհվելու է արդարության, իրավահավասարության, խտրականության բացառման եւ իրավաչափության սկզբունքով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը կարեւորեց պարտավորությունների եւ իրավունքների հավասարակշռումը. «Եթե որեւէ քաղաքացի ուզում է իրականացնել համապատասխան իրավունքներ, ապա պետք է դրան համապատասխան պարտավորություններ արդեն իսկ ստանձնած լիներ: Այլապես անարդար է իրեն տալ իրավունք, որքան ունի ՀՀ այսօրվա քաղաքացին: Սա խտրականություն չէ, այլ արդարացի բալանսավորում»: Ռուստամյանի կարծիքով երկքաղաքացիության հնարավորություն չտալով կորցնում ենք նաեւ ՀՀ քաղաքացիների, ովքեր ապրելու միջոց են փնտրում ու գտնում արտերկրում: ՀՅԴ-ն ձգտում է հարցին լուծում տալ եւ ըստ էության վտանգ ու բացասական հետեւանքներ չի տեսնում երկքաղաքացիության հնարավորություն ընձեռելու մեջ: Իսկ հակառակը Կիրո Մանոյանի կարծիքով կնշանակի հայրենիք-սփյուռք իրավական կապի խզում. «1995-ի սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորության մերժումը հիասթափություն առաջացրեց: Տակավին լավատեսության զգացում կա, բայց շատ զգուշավոր, որովհետեւ վերջը չգիտեն: Անշուշտ իրենց առօրյան չի փոխվի, բայց այն խնդիրները, որ, կարծում ենք, միայն հաց ու կարագով պիտի լուծվեն, այդպես չի լինի: Հայրենիքի հետ իրավական կապի մասին է խոսում քաղաքացիությունը, կապերը կտրելով մնացած կապերի մասին կարելի է միայն բաղձանքներ ունենալ եւ ոչ երաշխավորված մոտեցում»:

Իսկ ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը սփյուռքում բնակվող հայության համար ուղղակի անհավասար պայմանների ընձեռում է գնահատում երկքաղաքացիության իրավունքը, քանի որ դրա իրականացումը միակողմանի չի կարող լինել եւ կախված չէ ՀՀ իշխանություններից. «Երբ պատգամավոր էի, ցանկացած իրավունք, նորմ դիտարկում էի իմ ընտրողների, իմ երկրի քաղաքացիների կտրվածքով: Երկքաղաքացիության իրավունքը ոչինչ չի տալու ՀՀ քաղաքացուն, որովհետեւ դա կախված չէ ՀՀ իշխանություններից: Սա արվում է այլ երկրների հայ քաղաքացիների համար: Կախված այն հանգամանքից, թե հայը որ երկրում է ապրում, ինքը ընդհանրապես կզրկվի այդ նորմի իրականացումից: Եթե, օրինակ, Ֆրանսիան աչք է փակում, թե իր քաղաքացին էլի քանի երկրի քաղաքացի է, ապա ԱՄՆ-ը պարտադիր է համարում իր երկրի քաղաքացիությունը հպարտորեն կրելը»: Բացի ասվածից, Իգիթյանի տեսանկյունից երկքաղաքացիության ընդունումն արդեն իսկ հակասություններ ունի սահմանադրության հետ, քանի որ ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սահմանադրությամբ վճռված են եւ օրենքով փոփոխելի չեն, իսկ երկքաղաքացիության դեպքում դրանք սահմանվում են օրենքով:

Փորձագետ Հրայր Թովմասյանի համոզմամբ էլ, ե՛ւ արդյունքների ե՛ւ հետեւանքների տեսանկյունից ուռճացված է. «Երկքաղաքացիությունը նման է բահի, որով կարելի է մի փոքր տարածք մշակել, բայց ոչ տան հիմք փորել»:

ՄԱԿ-ի անդամ 191 երկրներից այսօր միայն 54-ն է ընդունում երկքաղաքացիությունը, ընդ որում դրա մի մասըՙ վերացական մոդելի մեջ, մյուս մասըՙ այդ ինստիտուտի որոշակի տարրերով, այսինքնՙ մասնակիորեն:

Ամփոփելով լսումները, Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման քննարկումները տարբեր ձեւաչափերով լինելու են շարունակական, մինչ ամբողջական օրենքի ընդունումը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4