«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2006-06-22 | #116, 2006-06-23 | #117, 2006-06-24


«ՕԵԿ» ԿԱՆԱՅՔ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՇՏՈՆՅԱՆ

Կառավարության նիստերի կանանցով լեփլեցուն դահլիճում երեկ սկսվեց «Օրինաց երկիր» կուսակցության կանանց միության 5-րդ համաժողովը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խրոխտ ելույթով: Կանանց միության 5-րդ համաժողովի անցկացումը համընկել էր կուսակցության հիմնադիր համագումարի 10-րդ տարեդարձի հետ, եւ առիթն օգտագործելով` Արթուր Բաղդասարյանը հետադարձ հայացք գցեց իրենց անցած ուղուն` որակելով կայացման տարիներ: «Մենք ձեւավորել ենք մի կուսակցություն, որը գիտե իր ասելիքը, իր անելիքը եւ հանդարտ շարժվում է առաջ», ասաց ԱԺ նախագահի պաշտոնը թողած ՕԵԿ նախագահը` հավելելով, որ իրենք իշխանության մեջ միշտ էլ բարձրաձայնել են փոփոխություններին կողմ լինելու մասին:

ՕԵԿ նախագահի ելույթի հաջորդ հատվածը թվաբանական գործողություններն էին, ուր նա ներկայացրեց իրենց կուսակցության շարքերն անդամագրվածների «մեծ» քանակը: Նրա խոսքերով, եթե այս վերջին երկու ամիսներին ՕԵԿ նավը լքել են 100-200 մարդ, ապա փոխարենը ահռելի քանակով անդամագրվողներ են եղել: Նախագահն ընդգծեց, որ կուսակցության մեծ մասը կանայք են:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ մեր երկրի «օլիգարխիկ տնտեսությանը»` նշելով, որ երկրի բյուջեի 70 տոկոսը լցնում են նրանք, այնինչ ուրիշ երկրներում բյուջեի 80 տոկոսը լցվում է մանր եւ միջին ձեռներեցների գործունեության արդյունքում: Կուսակցության նախագահը նկատում է, որ տնտեսությունը կենտրոնացել է մի քանիսի ձեռքերում, «զոռբայության եւ կեղծիքի կենտրոնացում ենք նկատում»: Բաղդասարյանի տեղեկացմամբ, օգոստոսից իրենք կսկսեն խորհրդակցություններ առողջ քաղաքական ուժերի հետ, իսկ աշնանը կհրապարակեն կուսակցության գործունեության հետագա ծրագիրը:

Արթուր Բաղդասարյանին հաջորդեցին Կանանց միության նախագահի եւ կուսակցության մարզային կառույցների ղեկավարների ելույթները, որոնք հիմնականում արտահայտեցին իրենց ցանկություններն ու նպատակները իշխանական կառույցներում ներգրավվելու վերաբերյալ: Իսկ ՕԵԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ մտահոգություն արտահայտեց երկրի առջեւ ծառացած խնդիրների առնչությամբ` դրանք լուծելու հարցում նշելով հենց իրենց կուսակցության հնարավորությունը: Բիշարյանը համոզված է, որ չեն կարող լուրջ մտայնություններ չլինել, երբ հրաժարական է տալիս երկրի երկրորդ պաշտոնյան: «Ինչո՞ւ մենք չպետք է առաջ մղենք այն ուժին, որն ուզում է մեր կյանքում ինչ-որ բան փոխել», ասաց Բիշարյանը:

Համաժողովից հետո ՕԵԿ Կանանց միությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե պատրաստակամ է պայքարելու ՕԵԿ քաղաքական գծի օգտին: Կուսակցության կանայք իրենց առաջնային խնդիրներն են համարում պայքարը իշխանական մարմիններում իրենց ներգրավվածության, սեփական իրավունքների պահպանման, Հայաստանում օրենքի իշխանության հաստատման համար:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4