Հայ եկեղեցու պատմության դասավանդումն, ըստ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, վերապահված է միայն հայոց լեզվի, հայ գրականության եւ պատմության ուսուցիչներին: Պարտադիր է նաեւ այն, որ վերոնշյալ առարկան ուսուցանողը զերծ լինի աթեիստական գաղափարներից եւ չլինի աղանդավորական շարժման անդամ: Բայց միշտ չէ, որ դպրոցի տնօրենները հաշվի են առնում այս պայմանը` վերապատրաստման ուղարկելով տեխնիկական կրթություն ունեցողներին, աթեիզմի գաղափարակիրներին եւ Եհովայի վկաներին:
Հանրակրթական դպրոցներից մեկում` «կյանքի հմտություններ» առարկայի դասաժամին, աշակերտի հարցին ի պատասխան ուսուցիչը կարծիք է հայտնել, թե Աստված չկա: Ըստ վարչության պետի, հանրակրթական դպրոցում նման երեւույթները քիչ չեն, օրինակՙ թիվ 124 միջնակարգ դպրոցի կրոնի ուսուցիչը, լինելով Եհովայի վկա, դասաժամը ծառայեցրել է ի շահ սեփական համոզմունքների: Նրան, ի դեպ, զրկել են եկեղեցու պատմություն դասավանդելու իրավունքից:
Այն հարցին, թե վերապատրաստման փուլում որքանո՞վ են նկատելի այլ համոզմունքների տեր ուսուցիչները, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այնուամենայնիվ, այնքան էլ հեշտ չէ բացահայտել յուրաքանչյուրի համոզմունքներն ու սկզբունքները: Եհովայի վկաները չեն նախընտրում հանդես գալ ծպտյալի կարգավիճակով, բայց այնուամենայնիվ, եթե նման փաստեր կան, նշանակում է, պետք է առավել աչալուրջ լինել, երկամսյա դասընթացների շրջանակում ստուգելով նաեւ նրանց կրոնական համոզմունքները:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ