Իհարկեՙ ֆինանսների առկայության դեպքում
Շիրակի մարզի տարածքը հարուստ է վաղ եւ միջնադարյան նյութական մշակույթի հուշարձաններով, որոնց մի մասը նոր է բացում իր գաղտնիքները հետազոտողների առջեւ: Վերջին ավելի քան մեկ տասնամյակում այստեղ լուրջ աշխատանք են ծավալել տեղի հնագետները: Այս տարիներին մարզի տարբեր վայրերում հայտնաբերվել եւ սկսել են ուսումնասիրվել նոր, արժեքավոր հնավայրեր, հնագիտական հուշարձաններ, դրանց վերաբերյալ բավական հարուստ նյութ է դրվել գիտական շրջանառության մեջ:
Շիրակցի հնագետների համար աշխատանքային հագեցած ու հետաքրքրական շրջան էր նաեւ անցյալ տարին:
Մ. թ. ա. 1-ին հազարամյակի դամբարան Կարմրաքարում
Գյումրի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք գտնվող Կարմրաքար գյուղը կառուցված է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի հնավայրի վրա: 1986 թ., շինարարական աշխատանքների ժամանակ դիպվածաբար բացվել եւ պեղվել են անտիկ դամբարաններ, ավելի ուշՙ նաեւ ամբողջ դամբարանադաշտը:
2005 թ. գարնանը Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախումբը գյուղից արեւելք, երկրաշարժից հետո բնակարանների կառուցման համար հատկացված տարածքում հայտնաբերեց եւս մեկ, մինչ այդ անհայտ հնավայր: Բնակելիների հիմքերի համար փորած ու չօգտագործած չորս ընդարձակ փոսերի եզրերին ի հայտ եկան այս կամ այն չափով բացված ինչպես կիսավեր, այնպես էլ դեռեւս անխաթար մնացած դամբարաններ: Դրանցից պեղած մի կիսավեր ուղղանկյունաձեւ դամբարանի եւ գտածոների քննությունը թույլ է տալիս տվյալ հուշարձանը նախապես թվագրել մ. թ. ա. արդեն 1-ին հազարամյակով (VIII-VII դդ.), որով փաստորեն ընդլայնվում է Կարմրաքարի հնագիտական հուշարձանների ժամանակագրությունը: Նոր դամբարանադաշտի ամբողջական նկարագիրը հնարավոր կլինի պարզել պարբերական պեղումներով հետագա համալիր ուսումնասիրության միջոցով:
Սեպասարում որպես կապակցող քսուք օգտագործել են բնական նավթ
Շիրակի մարզի եւ Հայաստանի հյուսիսում գտնվող Աշոցքի սարահարթը մարդու վաղ բնակության բազմաթիվ հետքեր է պահպանել: Սարահարթի հյուսիս-արեւմուտքում, լեռներով գոտեւորված մի քանի կիլոմետր շառավղով հարթության վրա իշխում են կենտրոնում բարձրացող երկու սարերՙ Մեծ Սեպասարը (բարձրՙ 2081 մ) եւ Փոքր Սեպասարը (2053 մ): Ախուրյան գետը բաժանում է դրանքՙ իրենց հարավային լանջերին փռված համանուն գյուղերով: 1998 թ. Աշոցքում իրականացված հնագիտական հետախուզության ժամանակ Փոքր Սեպասարի գագաթին հայտնաբերվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, Մեծ Սեպասարի լանջերին եւ գագաթի հարթության վրաՙ կառույցների հետքեր, մերձակա դաշտերումՙ քարեդարյան գործիքներ, վաղ բրոնզեդարյան եւ միջնադարյան խեցեղենի բեկորներ: Մեծ Սեպասարի վրա հայտնաբերվել է գագաթի մոտավորապես 1 հեկտար հարթությունը զբաղեցրած հին բնակավայր, որի արեւմտյան կեսը 1980-ական թթ. ջրամբարի կառուցման հետ կապված շինարարական աշխատանքների ժամանակ հիմնովին ավերվել է: Բնակավայրի 2004 թ. սկսված պեղումները շարունակվեցին անցյալ տարի, ամերիկաբնակ մեր հայրենակից ամուսիններ Արմեն եւ Թերի Աշեր-Մինասյանների ղեկավարածՙ հայ հնագիտությանն աջակցող «Փրոջեքթ դիսքավըրի» հիմնադրամի միջոցներով: Երկու տարվա պեղումները ցույց տվեցին, որ Մեծ Սեպասարի վաղ բրոնզի դարաշրջանի տեղաբնիկները բարձրլեռնային, շրջապատի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող եւ երկրագործության ու անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններով տեղանքում կառուցել են կլոր եւ ուղղանկյուն կացարաններով համալիր: Շերտագրական տվյալները փաստում են, որ բլուրը բնակեցված է եղել մ. թ. ա. 3-րդ հազարամյակից, վերակառուցման ենթարկվել ու բնակության է ծառայել նաեւ վաղ միջնադարում:
Մի հետաքրքրական մանրամասն: Հնավայրից հայտնաբերված վաղբրոնզեդարյան խեցեղենի բեկորներից մի քանիսի վրա պահպանվել են այդ շրջանի վերականգնման ժամանակ օգտագործված քսուքի հետքեր: Հռոմի լաբորատորիայի եզրակացության համաձայնՙ օգտագործվել է բնական նավթ: Ճեղքված կարասների վրա եւս պահպանվել են նավթի հետքեր, որը բարակ թաղանթ առաջացնելովՙ թույլ է տվել ամանը նորից օգտագործել հեղուկ պահելու համար: Սա, թերեւս, արժեքավոր տեղեկություն կարող է լինել Շիրակի մարզի տարածքում անցյալ տարվանից նավթի որոնման նախնական աշխատանքներ կատարող մասնագետների համար...
Շիրակցի հնագետների վկայությամբ, Աշոցքով է անցնում հին աշխարհի Պեւտինգերյան տախտակների մեջ բերվածՙ Արտաշատից Շիրակ, այնուհետեւ Վրաստան ու Աբխազիա (դեպի Սեւ ծով) գնացող ճանապարհի մի հատվածը, որը մատենագրական աղբյուրներում կոչվում է «ճանապարհ Աշոցաց» կամ «պողոտայ Աշոցաց» եւ շարունակում է գործել առ այսօր:
Անիի քարանձավային արվարձանը Հայկաձորում
Մարզային երկրագիտական թանգարանի եւ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի համատեղ արշավախումբը 2000-2001 թվականների ընթացքում մարզի Հայկաձոր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել է տարբեր ժամանակաշրջանների (քարի դարից ուշ միջնադար) հնագիտական հուշարձաններ: Դրանցից մեկիՙ մ. թ. ա. II - մ. թ. I դդ. անտիկ բնակավայրի տարածքից պեղած նյութերի թվում է արտաշիսյան կոթողի մի ներքնասալՙ Բենիամինից գտնված ներքնասալից հետո երկրորդ նմանատիպ գտածոն Հայաստանում:
Հայկաձորի հուշարձաններից ամենաուշագրավը, սակայն, Ախուրյանի կիրճում, Հոռոմոսի վանքի դիմաց ընկնող տարածքում հայտնաբերված քարանձավային բնակավայրն է, որը, հնագետների համոզմամբ, քիչ հեռու գտնվող Անի մայրաքաղաքի արվարձանն է: Այն կազմված է իրար հետ կապված բազմաթիվ, հիմնականում երկհարկ եւ ամեն մեկը մեկ-երկու սրահով քարանձավներից, որոնցից վերին հարկինները ձեռակերտ ենՙ բնական քարանձավների շարքի վրա ձգվող տուֆի շերտի մեջ փորված: Հնագիտական արշավախումբը նորահայտ արվարձանի ուսումնասիրությունը սկսել եւ իրականացնում է 2003 թվականից, նախ որպես պետբյուջեից ֆինանսավորվող թեմա, ապա ֆրանսահայ բարերարներ Պետրոս եւ Մանիկ Թերզյան ամուսինների ֆինանսական հովանավորությամբ: Պեղումներով մինչեւ այժմ ի հայտ եկած նյութերը ենթադրել են տալիս, որ 8-9-րդ դարերից այս քարանձավները բնակելի են եղել եւ կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 17-18-րդ դարերը: Առաջին հարկի ավելի վաղ ծագում ունեցող բնական քարանձավների եւ դիմացի հարթակների պեղումների ժամանակ հայտնաբերվել են վանակատից (օբսիդիանից) ու դացիտից գործիքներ, այլ նյութեր, որոնցով հաստատվում է այստեղ նաեւ քարեդարյան մշակույթի առկայությունը:
Անցած երեք տարիների ընթացքում հնագիտական արշավախումբը պեղել է առայժմ չորս քարանձավային համալիր (առաջին-երկրորդ հարկի քարանձավներն իրենց սրահներով եւ դիմացի հարթակները): Բացվել են հավանաբար Հոռոմոսի վանքին նախորդած մի մատուռ-քարանձավ, առաջին քարանձավի առաջին հարկումՙ գոմ երեք մսուրներով, սալահատակով: Հայտնաբերվել են քարանձավի պատի ներքեւի մասում փորված կամարաձեւ բուխարի, տարբեր տեղամասերումՙ օջախներ, թոնիրներ, տնտեսական ամբարներ ու հացահատիկի հորեր, պատերինՙ նույն նպատակով տարբեր չափերի խորշեր, փոքր միջանցիկ փորվածքներ, նաեւ կավագործական կամ այլ արհեստանոցի հետքեր: Գտածոները բազմազան ենՙ բյուզանդական եւ Անիի քաղաքային դրամներ (10-14-րդ դդ.), խոհանոցային, ամենօրյա օգտագործման խեցանոթներ, քառանկյուն եւ բլթակավոր ճրագներ, 14-15-րդ դարերին վերաբերող կանացիակերպ մի աղաման, կարմրափայլ եւ ջնարակված բարձրորակ անոթների, ապակու բեկորներ, կավից, քարից, մետաղից եւ ոսկորից իրեր, աշխատանքի գործիքներ: Որոշ գտածոներ իրենց զուգահեռները չունեն Հայաստանի միջնադարյան նյութերի մեջ:
Այրային բնակավայրը ներառել է նաեւ քարանձավների դիմացի հարթակները, որտեղ, մասնավորապես, կառույցների, պատերի տարբեր ժամանակների վերակառուցումներ են երեւան եկելՙ կապված երկրաշարժերից փլուզումների ու մասնակի ավերումների հետ: Անցյալ տարվա պեղումների տվյալներովՙ հարթակները կառուցվել են աստիճանաբար ցած իջնող որոշակի համակարգովՙ հավանաբար հասնելով Ախուրյանի ափը: Գետի ափամերձ հատվածի հետախուզության արդյունքով հայտնաբերվել են նաեւ բնակավայրը Հոռոմոսի վանքի հետ կապող կամրջի մնացորդները:
Ֆինանսների սղության պատճառով անցյալ տարի պեղումներ չեն կատարվել Բենիամինի անտիկ դաստակերտի տարածքում: Այստեղ բավարարվել են հուշարձանի մաքրման, կարգավորման աշխատանքներով եւ շերտագրական ստուգումներով:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ