Վաթսունական թվականներին լեզվագիտական շրջանակներում հաճախ խոսվում էր, որ ռուսաց լեզվի զարգացումը հենվել է երեք կիտերի վրա... Կներեք, ոչ թե կիտ, այլ կետ: Իհարկե, նկատի ունեն ծովային հսկա կաթնասուն կենդանուն: Բանն այն է, որ վերջերս հաճախ եմ լինում Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում, որտեղ ժամանակակից տեսքով մի շենքի ճակատին խոշոր տառերով եւ հայերեն ու ռուսերեն գրված է ծովային հսկայի անունը կիտ տառերով: Ցանկացած մարդ, հատկապես երեխաները կկարծեն, որ կետը կետ չէ, այլ կիտ, թելադրություն գրելիս սխալ թույլ կտան: Սա իմիջիայլոց, քանի որ խոսքս վերաբերում էր ռուսաց լեզվի երեք խոշոր գիտնական մասնագետներին` Բարխուդարովին, Բուդաղովին եւ Ավանեսովին: Իհարկե, կային նաեւ ուրիշները, սակայն այս եռյակին հիշեցի, քանզի մեր հայրենակիցներն են: Ընդհանրապես մեր արյան մեջ կա. ուրիշին ավելի լավ ծառայել, քան հայրենի ժողովրդին: Ահա մի շատ հետաքրքրական օրինակ մեր օրերից: Երեւանում բացվել են սրճարաններ «Բերլոգա» անունով: Այս «Արջի որջերում», պետք է ենթադրել, որ ավելի շատ մատուցվում է գարեջուր, քան սուրճ: Ենթադրությունս հիմք ունի: Սրամիտ տերերը սրճարանի անունը ցուցանակին գրել են երկու լեզվով, ահա այսպես` «BeerսՏչՈ»: Դուք էլ տեսնում եք, որ առաջին մասը լատինատառ է, թեեւ ռուսերենի հետ չի խոսում R տառը, իսկ մյուս կեսը` կիրիլիցայով: Մինչեւ օրերս էլ կարելի է հանդիպել գարեջրատների, որոնց ցուցափեղկերին պարզապես նկարված է գարեջրի բաժակ սպիտակ փրփուրներով: Թերեւս դա ավելի ճիշտ է, քանզի տառասխալ անելու վտանգ չկա: Հիմա դա ավելի արդարացված կլիներ, այսօր գրագետ մարդիկ արդեն ճնշող մեծամասնությունն են եւ Beer բառը կկարդան «բիր» (գարեջուրը գերմաներեն): Իսկ բիրլոգա ոչ մի լեզվով ոչ մի բան չի նշանակում: Այնպես որ մեր ձեռներեցների այս սրամտությունն էլ չանցավ: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ իրենց սրճարանին օտար անուն տվեցին:
Եվ դա ոչ մի պարագայում չի արդարացվի, եթե անգամ գարեջուր մատուցողը արջ լինի:
Իսկ հիմա մեր խոստացած Աբովյան փողոցը, որի, ցավով եմ ասում, միայն մի հատվածն է Հայաստան հիշեցնում: Այդ հատվածը սկսվում է Իսահակյան փողոցի խաչմերուկում եւ ավարտվում է Խաչատուր Աբովյանի պուրակ-հրապարակում: Այստեղ բացարձակ գերիշխող են հայերեն գրերն ու հայկական անունները. «Մարի-Նուբար» ակնաբուժական «կլինիկա», «Երեւանի պետական համալսարան», «Երեւանի բժշկական համալսարան», «Լիություն», «Արմենիա», «Մթերային», «Նարեկ», դեղատուն, գործվածք, «Փերի» մինչեւ «Բոլիվար»: Իհարկե, Բոլիվարը հայ չի եղել, ոչ էլ եվրոպացի, սակայն գոնե մի հերոս է եղել, որի անունով էլ կնքվել է Հարավային Ամերիկայի Բոլիվիա պետությունը: Հիմա մի քանի հայկական եւ հայերեն անուններ դիմացի մայթից. «Ուրարտու», «Նիրվանա», «Ուռենի», «Նանե», «Անի», «Հյուրանոցային համալիր Աստաֆյան», «Պույ-պույ մուկիկ»: Սակայն, Տեր աստված, իսկ թե ինչեր կան օտար եւ օտարատառ, անթիվ-անհամար: Թեեւ ոչ բոլոր գովազդների ցուցանակներն են Մեսրոպատառ, բայց ես կներկայացնեմ մեզ բոլորիս հասկանալի տառերով: Եվ այսպես` Նեմիրօֆ, Սնիկերս, աուդիո-վիդեո, Սելա, դիսկ պլանետ, Յուվադենտ, գրանդ պիանո, Մերի, Լեդերմա, Ռոբերտո, Ռենուար, Լեոնիդաս, գլոբուս, Շանտելլե Մանգո (ի դեպ` հագուստի խանութ է), Բանանա, Դարկ, Ռենկոմ, Նյու կոլեկշն, Կալիֆոռնիա, վեբ մաստեր, Մագուգ, Նատուրա գոլդ, հերթս, Ռենտ ը կար, Նայթ քլաբ, Պալաս Ամիրա, Մաքս փոուեր, գեյմ զոն, կոմպյուտեր կլաբ, դիսկո բար, թրեյնինգ հոլլ, դիսկոբար Քրաշ, Ռաֆայել, դիսկ փլանեթ, Մարկո Պոլո, Ռեստորան, լանչ բուֆե, լոունջ բար, դիսկլենդ, պիցա դի Ռոմա, Դայմոնդ պիցցա, վին կոլլար, թեյարան Ռեմբրանդտ:
Եվ սրանք բոլորը չեն: Ըստ որում դժվար է հասկանալ, թե այս հիշյալ անուններից որոնք են անգլերենը, ֆրանսերենը, իտալերենը եւ ինչպես պետք է արտասանել հայերեն տառադարձությամբ: Ես միտումնավոր բաց եմ թողել «Շրջանային մարկետ», «Հոթ Փար» եւ «Սալաթ Սմակ» ցուցանակները: Մարկետների, շորերի, ֆուդերի եւ կյարչերների մասին կխոսենք հաջորդ հոդվածում: Իսկ «Hot pat», որը թարգմանվում է «Տաք կաթսա» եւ «Salat Smack»-ը, որի հայերենը հուշում է, թե այստեղ համեղ սալաթներ են պատրաստում, ուղղակի վիրավորանք են: Բանն այն է, որ լատինատառ անգլերեն այս անունները գրված են «խոշոր» տառասխալներով, այսպես` «Hot por», «Salat Smak»:
Ի՞նչ է անհրաժեշտ առաջին հերթին, քանի դեռ չի ավարտվել Հյուսիսային պողոտայի շինարարությունը (պատկերացնում եք չէ՞, թե ինչ կկատարվի, եթե օտարամոլության դեմը չառնվի): Առաջին հերթին անհրաժեշտ է ստուգել բոլոր օտարագիր անունների ուղղագրությունը, վերջնականապես որոշել, օրինակ, «Белаяворона»-ն պե՞տք է թարգմանել հայերեն, կամ, «Սպիտակ ագռավը» պե՞տք է թարգմանել ռուսերեն (գուցե անգլերեն էլ թարգմանենք): Մեր գործարարներն ու ձեռներեցները շատ հարուստ են, խնդիր չկա, ապե: Ու մեկ էլ խնդրում ենք գրել մեզ, թե ինչ եք հասկանում, երբ «Պույ-պույ մուկիկի» կողքին կարդում եք «Սքուեր ուան» «Squar one»:
Հասցեատերն է «Ազգ» օրաթերթի «Խոշոր մանրուքների» խորագիրը: Մեզ համար պարզ է, որ պետք է վերջ տրվի ամբոխային քաղքենիությանը եւ պաշտոնական անտարբերությանը:
Լ. ԱՆԱՆԻԿՅԱՆ