Միջազգային հիպերսիոնիստական շարժման նպատակները
«Հանուն հայրենիքի» միջազգային հիպերսիոնիստական շարժման առաջնորդ Ավրոմ Շմուլեւիչը մոսկովյան «Զավտրա» թերթին տված ծավալուն հարցազրույցում խոսում է համաշխարհային մի շարք նախագծերի, շարժման կայսերական ծրագրերի, հակահրեականության, «Երկրորդ Խազարիայի» եւ այլ հարցերի մասին:
- Ո՞րն է ձեր շարժման իմաստը: Ի՞նչ է նշանակում «հիպերսիոնիզմ»:
- Իսրայելի իշխանական կառույցների մեծ մասը որեւէ ձեւով կապված է ամերիկացի գլոբալիստների հետ: Նրանց հարկավոր չէ ազատ Իսրայել, նրանք նախընտրում են դառնալ աշխարհաքաղաքացիներ: Ոմանք կարծես թե հրեա են, բայց բնակարան ունեն Լոնդոնում, տունՙ Փարիզում եւ այլն: Նրանց տրամաբանությունը հետեւյալն է. եթե Իսրայելն անհետանա, եթե ամերիկացիները, ռուսները կործանվեն, ապա «մենք» Թել Ավիվից, Նյու Յորքից, Մոսկվայից հեշտությամբ կտեղափոխվենք ուրիշ մայրաքաղաք: Կան նաեւ ուղղափառ հրեաներ, որոնք ուզում են կյանքը կառուցել ըստ հուդայականության սկզբունքների: Բայց նրանց «գետտոյական» ապրելակերպը պահանջում է թաքնվել, չմիջամտել անգամ սեփական երկրի կյանքին: Մենք առաջարկում ենք երրորդ մոտեցումը, որ անհրաժեշտ է կյանքը կառուցել հրեական ավանդույթի հիման վրա, որ արեւմտյան աշխարհակարգը հանգեցնում է հուդայականության կործանմանը: Ուստի Իսրայելը պետք է հարձակման անցնի: Մենք հանդես ենք գալիս իսրայելական կայսրության ստեղծման օգտին: Նեղոսից Եփրատ ձգվող սահմանը տարածաշրջանի բնական աշխարհաքաղաքական սահմանն է: Մեր շարժումը ձգտում է հուդայականությունը դարձնել գաղափարախոսություն, քանզի այդ կրոնն առավել հարմար է հասարակության հետինդուստրիալ վիճակի համար:
- Այդ պատկերացումները շա՞տ հետեւորդներ ունեն Իսրայելում:
- Բնակչության մեծ մասը մեզ համամիտ է: Բայց շատերը, ցավոք, չեն հավատում մեր նպատակների իրագործելիությանը:
- Այն տպավորությունն է ստեղծվում, թե Իսրայելը գաղափարախոսական ու բարոյական խոր ճգնաժամ է ապրում:
- Իսրայելն աշխարհի սիրտն է: Ուստի այդ տարածքի շուրջն առկա է նման մեծ լարվածություն: Մենք ծանր ժամանակ ենք ապրում: Սա հին աշխարհի մահվան եւ նորի ծննդյան ժամանակն է: Արդեն քսան տարի հետո մեր զավակները կտեսնեն միանգամայն ուրիշ աշխարհ: Պարզապես Իսրայելում դա առավել հստակ է զգացվում:
- Այսօր Իսրայելն ստիպված է արձանագրել, որ «Համասը» դառնում է իր քաղաքական գործընկերը: Հասարակության մեջ պառակտում է հասունանում: Իսրայելցիներն զգում են, որ Ամերիկան ըստ էության կորցնում է հետաքրքրությունն իրենց տարածաշրջանի հանդեպ:
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, տարբեր նախագծերի բախման հետեւանքն է: Չնայած Արեւմտյան Եվրոպայի եւ Ամերիկայի հակասություններին, Արեւմուտքն այնուամենայնիվ միեւնույն ուժն է: Արեւմուտքի նախագիծը մնում է ուժի մեջ. նա ուզում է պահպանել իր գերիշխանությունը: Բայց ես կարծում եմ, որ դա նշանակում է զարգացման դադարեցում: Կա նաեւ այսպես կոչված իսլամիզմ: Տվյալ նախագիծը պահանջում է վերադառնալ Մուհամմեդ մարգարեի ժամանակների քաղաքակրթությանը: Այդ իսլամը ենթադրում է քաղաքակրթության զարգացման դադարեցում: Կա Չինաստան, որն առայժմ միայն փորձում է նախագիծ դառնալ:
Նախագծերից մեկն էլ հրեական քաղաքակրթության նախագիծն է: Տարագրության ժամանակաշրջանում հուդայականությունը ներամփոփված էր: Հրեաների հայրենադարձման սիոնիստական նախագիծը հուդայականությունը դարձրեց ողջ մարդկության համար նշանակալի հոգեւոր գործոն: Ընդսմին սիոնիզմի գաղափարը սահմանափակ էՙ ստեղծել հրեաների ապաստան եւ չխառնվել մյուս ժողովուրդների գործերին: Սիոնիստներն ուզում էին սփյուռքի բոլոր հրեաներին հետ բերել եւ ստեղծել մի սովորական երկիր: Ցավոք, աշխարհն այնպես է կառուցված, որ գետտո-պետությունում նստած մնալն անհնար է: Արաբների առածն ասում էՙ եթե չես ուզում գայլ դառնալ, շները քեզ կուտեն:
Հրեաները պետք է ընդունեն պատմության մարտահրավերը, դառնալով համաշխարհային ուժ: Մերձավորարեւելյան հակամարտությունն ինչո՞ւ է այսքան երկար շարունակվում: Բանն այն է, որ հրեաների եւ նրանց հարեւան արաբների կյանքը սահմանող որոշումները Երուսաղեմում կամ Ռամալլայում չեն ընդունվում: Դրանք ընդունվում են Վաշինգտոնում, Բրյուսելում, Պեկինում, Եվրոպայում, Ջակարտայումՙ որտեղ ասես, միայն թե ոչ Մերձավոր Արեւելքում: Աշխարհում որոշ ուժեր շահագրգռված են հակամարտության հավերժացմամբ: Բայց մենք պետք է տնօրինենք մեր ճակատագիրը:
Ռուսաստանին, օրինակ, ձեռնտու են նավթի բարձր գները, ուստի նա գործ է բռնում միաժամանակ թե՛ «Համասի» եւ թե՛ Իսրայելի հետ: Նա շահագրգռված է արաբ-իսրայելական հակամարտության հավերժացմամբ, Ամերիկանՙ նույնպես, քանզի նրա համար տարածաշրջանը ռազմավարական կարեւորություն ունի: Քանի որ անհնար է ամերիկյան կայազոր պահել իսրայելական, եգիպտական կամ հորդանանյան յուրաքանչյուր քաղաքում, Ամերիկան ուզում է առաջացնել կառավարելի ճգնաժամ: Պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարի գլխավոր շարժիչ ուժն Ամերիկան է, որը մինչեւ օրս չի ճանաչում Իսրայելի մայրաքաղաքը, նրա 1968 թ. սահմանները:
Ամերիկացիները շահագրգռված են Պաղեստինի պետության ստեղծմամբ, որն, ի դեպ, բացարձակապես անկենսունակ է լինելու: Իսկ կողքին կլինի Իսրայելը, որի լայնությունն ամենանեղ մասում 16 մղոն է: Նման տեսքով նույնպես պետությունը չի կարող գոյատեւել: Ինքնավարության տարածքում 50 տարի ապրող արաբ բնակչությունը «դատապարտված է» պատերազմի, ինչպես արդեն երկու տասնամյակ մարտնչող չեչեն գրոհայինները:
Քանի որ Պաղեստինում տնտեսություն չկա եւ չի նախատեսվում (պատճառն արաբների կաշառակերությունն է), տարածաշրջանում կլինի լարվածության մշտական աղբյուր: Երկու կողմերին վերահսկելովՙ Ամերիկան կպահպանի ռազմավարական կարեւոր տարածաշրջանը: Իսրայելի բյուջեն ավելի քան 100 մլրդ դոլար է: Երեք միլիարդանոց ռազմական «օգնություն» հատկացնելովՙ ամերիկացիները վերահսկողության տակ են պահում Իսրայելի ռազմարդյունաբերությունը:
- Ուրեմն Իսրայելն ամերիկյա՞ն նախագիծ է:
- Ո՛չ: Իսրայելը հրեական նախագիծ է, 20-րդ դարում մեր խոշորագույն նվաճումներից մեկը: Ժողովուրդը կորզեց իր պետությունըՙ ի հեճուկս գլխավոր համաշխարհային ուժերի (հիտլերյան Գերմանիա, ԽՍՀՄ, ԱՄՆ):
Խորհրդային Միության փլուզումը նշանավորեց ռուսական ազգայնական նախագծի, համամարդկային ինչ-ինչ հարցերի պատասխանող ռուսական քաղաքակրթության անկումը: Ռուսաստանի ներկայիս ուղին փաստորեն ռեզերվացիայի ուղի է, որն առավել հարմար է Էստոնիայի կամ Լիտվայի համար: Ռուսաստանում (ինչպես եւ Իսրայելում) ներկայումս կառավարող բուրժուազիան առեւտրական միջնորդի դեր է խաղում, վաճառելով երկրում արդյունահանվող նավթը: Ռուսական վերնախավն այլ բանի ընդունակ չէ: Իսրայելը չունի բնական հարստություններ: Միակ «բնապաշարը» երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, որի վաճառքով է զբաղվում կառավարող ընտրախավը:
Ռուսաստանը եւ Իսրայելը կարող են համագործակցել: Իսրայելում առկա է բարեհաճ վերաբերմունք Ռուսաստանի, ռուսական մշակույթի նկատմամբ: Բայց ռուսների ազգայնական շարժումը զգալի չափով տոգորված է հակահրեական նախապաշարմունքներով: Ժամանակին դրա հետեւանքով կործանվեց Ռուսական կայսրությունը: Իրականում հրեաները միշտ եղել են կայսերապաշտ ժողովուրդ եւ Ռուսաստանի պատմության ընթացքում դարեր շարունակ աջակցել են կենտրոնական իշխանությանը: Սակայն Ռոմանովների գահատոհմի ջանքերով հրեա երիտասարդությունը դարձավ հեղափոխության հարվածային ուժը: Այսօր նույն սխալը կրկնում են ռուս ազգայնականները, թշնամիներ հռչակելով հրեաներին եւ Իսրայելին:
Հակահրեականության գաղափարախոսությունը խիստ վնասում է Ռուսաստանին: Այն մոռացության է մատնում երկրում գոյություն ունեցող խնդիրները: Եթե ռուսները կարողանան Իսրայելին եւ հրեական հարցերին նայել առանց հրեատյացության ակնոցի, ապա հնարավոր կլինի շատ կարեւոր եւ փոխշահավետ դաշինք: Կարելի է վերհիշել Մոլոտով-Ռիբենտրոպ դաշինքը: Եթե Հիտլերը, Հաուսհոֆերի եւ իր հայրենակիցների մեծամասնության կամքին հակառակվելով չխախտեր այն, ապա չէին լինի ոչ Հոլոքոսթի, ոչ էլ 2-րդ աշխարհամարտի արհավիրքները:
- Ձեր կարծիքով, ո՞րն է «ռուսական ֆաշիզմի» պատճառը:
- Դա նախագահի վարչակազմի հղացած իշխանական նախագիծ է: «Ռուսական ֆաշիզմի» ուրվականով ուզում են քողարկել իրավիճակը: Ռուսաստանում կառավարվող կոմպրադորական բուրժուազիայի համար գլխավորը նավթային շահույթներից չզրկվելն է: Այդ մարդիկ կյանքում այլ բան չգիտեն: Իսկ ռուսների ազգայնական վերածնունդը, բնականաբար, կպահանջի նավթային եկամուտներն ուղղել ոչ թե առանձին անձանց գրպանները, այլ երկրի վերածնությանը, գիտության, կրթության, մշակույթի զարգացմանը:
Ուստի ներկայիս կառավարիչները կենսականորեն շահագրգռված են ռուսական ազգայնական նախագծի ոչնչացմամբ:
Այս հարցում ռուսական «ընտրախավը» նման է իսլամիստներին: Իսլամի փորձագետներից մեկը մի առիթով ինձ ասաց. «Կարծում եմ, կգա օրը, երբ Կրեմլի պաշտոնյաներից շատերը չհրկիզվող պահարաններից կհանեն թասակները եւ «Ալլահ աքբար» կասեն»: Իսլամիստական նախագիծը շատ համահունչ է կյանքի զարգացումը սառեցնելու գաղափարին, ուստի ռուս ղեկավարները շահագրգռված են ռուսական ազգայնական շարժման ճնշմամբ:
- Լսե՞լ եք «Երկրորդ Խազարիայի» նախագծի մասին:
- Խազարիայի առասպելի հեղինակը Լեւ Գումիլյովն է: Պատմական հայեցակարգի գրեթե բոլոր հեղինակներըՙ Մարքսը, Թոյնբին, Գումիլյովը, եղել են հրեատյացներ:
Խազարիան (7-10-րդ դդ.) առաջին եվրասիական կայսրությունն էր: Խազարների մշակած կայսերական կառավարման տեխնոլոգիաներն զգալի չափով ժառանգեցին մոնղոլները, իսկ Ոսկե հորդայի կործանումից հետո դրանք անցան Ռուսական կայսրությանը: Խազարիան տարբեր ժողովուրդների շահերը ներդաշնակեցնող նախագիծ է:
Իմ կարծիքով, «Երկրորդ Խազարիան» Ռուսական, Թուրքական եւ Հրեական կայսրությունների դրական համագործակցության տարբերակ է:
Պ. Ք.