«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՎԵՐԱԲԱԺԱՆՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Ամերիկյան աղբյուրներ վկայակոչելով` մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը գրում է, որ մեր աչքերի առջեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում անգլո-ամերիկյան առանցքի վերահսկողության ներքո ձեւավորվում է մի հսկայական էլիպսաձեւ տարածք: Այդ էլիպսը կազմված է երկու` հյուսիսային եւ հարավային աղեղներից:

Եթե որպես մեկնակետ վերցնենք Միջերկրական ծովը, որը վաղուց ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ է, ապա առաջին` հյուսիսային աղեղն անցնում է Ստամբուլով եւ ամբողջ Կովկասով: Ուստի պատահական չէ այն ամենը, ինչ ներկայումս տեղի է ունենում Վրաստանում, Չեչնիայում, Ղրիմում: Կովկասին հաջորդում է Մերձկասպյան տարածաշրջանը` ԱՄՆ-ի միջինասիական ռազմակայաններով: Ի դեպ, վերհիշենք, թե Ամուդարյայի ափերին ովքեր էին ֆինանսավորում եւ խորհուրդներ տալիս բասմաչներին:

Երկրորդ` հարավային աղեղն անցնում է Միջերկրական ծովի արեւելքով (դարձյալ ընդգրկելով Ստամբուլը), Թել Ավիվով, ներառում Իրաքը, Իրանը եւ Պարսից ծոցով հասնում Պակիստան: Ամեն ինչ միակցվում է Աֆղանստանում: Դա մեծ ռազմավարական շրջան է, որը վերահսկում է նավթի հանքավայրերի բոլոր ծովային մատույցները: Այդ շրջանը միաժամանակ Ռուսաստանին զրկում է Միջերկրական ծով դուրս գալու կարեւոր ուղիներից:

Այսպիսով, ԱՄՆ-ը ստեղծում է վերահսկելի ներքին համաշխարհային ածխաջրածնային էլիպս, որը բոլոր մակրոտնտեսական ռազմավարական հետազոտություններում հենց այդպես էլ կոչվում է:

Անմիջապես հասկանալի է դառնում, որ դրա վերջնական կայունացման համար նախ պետք է ընկնի Բաղդադը, ապա` Թեհրանը: Քանզի Պարսից ծոցը կարելի է վերահսկել դրա իրաքյան եւ իրանական ափերը հսկողության տակ առնելով միայն: Այլ կերպ ասած, սկսվել է աշխարհի նոր, անչափ լուրջ վերաբաժանում, որտեղ Ռուսաստանին հազիվ թե որեւէ դեր վերապահված լինի:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4