«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի կետերի հրապարակումը մեկնաբանությունների առիթ դարձավ, եւ հարցեր առաջացան, թե արդյոք այդ կետերի բովանդակությա՞մբ է բնորոշվում կարգավորման էությունը: ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի պատասխանն այդ հարցին հետեւյալն է. «Բրայզայի հրապարակած կետերը կողմերին առաջարկված փաստաթղթի ընդամենը որոշ տարրերն են, որոնք, բնականաբար, չեն արտացոլում համաձայնագրի նախագծի էությունը, ինչն անտեղի մեկնաբանությունների հրապարակ գալու առիթ տվեց: Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում կրկին նմանատիպ բացահայտումներ հայտնվեն, ապա հայկական կողմը կհրապարակի վերջին 7-8 տարիներին բանակցությունների ժամանակ քննարկված բոլոր փաստաթղթերըՙ «ընդհանուր պետության» սկզբունքով համաձայնագրի նախագիծը, Քի Վեսթում հրապարակված փաստաթղթերը, Բուխարեստում քննարկված նախագիծը: Վստահ եմ, արդեն այդ ժամանակ ամեն բան պարզ կդառնա: Ի դեպ, բոլոր երեք նախագծերը մերժել է հենց ադրբեջանական կողմը»:

Իսկ Բրայզայի հայտարարություններին հաջորդած Ադրբեջանի նախագահի հայտարարությունները Վիկտոր Սողոմոնյանը հարկ չհամարեց մեկնաբանել. «Հերթական անգամ մեկնաբանել այդ նույնաբովանդակ արտահայտություններն անտեղի ենք համարում»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4