Արցախի կամերային նվագախումբը ժամանել է Երեւան` մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնին: Նվագախումբը հունիսի 25-ին համերգներով հանդես եկավ Վանաձորում, հունիսի 27-ին ելույթ կունենա Երեւանում:
Նախորդ շաբաթ Արցախի կամերային նվագախումբը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ Սբ. Հովհաննես Մկրտչին նվիրված ուխտ կատարեց դեպի Մարտակերտ, որտեղ ելույթներով հանդես գալուց եւ ջերմ ընդունելությունից հետո ուղեւորվեց Բերձոր: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանը խոստացավ տարին մի քանի անգամ այնտեղ համերգներով հանդես գալ:
Նվագախումբը ստեղծվել է 2004-ի սեպտեմբերին, եւ ստեղծման օրից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստանձնել է նվագախմբի հովանավորությունը: ՀԲԸՄ-ն ոչ միայն ամսական դրամական աջակցություն է ցուցաբերում նվագախմբի անդամներին, այլեւ հոգում է Երեւանից ժամանած երաժիշտների բնակարանային եւ կոմունալ ծախսերը: Նվագախումբն օր օրի համալրվում է արցախցի երաժիշտներով:
Նվագախումբը բազմիցս համերգներով ներկայացել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հանդիսատեսին: Նվագախմբի առաջին համերգը 2004-ի հոկտեմբերին էր` գործունեությունից ընդամենը 1 ամիս անց:
Այս տարիների ընթացքում նվագախումբը բացի Ստեփանակերտից հանդես է եկել Արցախի գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաեւ Երեւանի բեմերում: