«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ԻՐԱՑՈՒՄԸ «ՖԻՐԴՈՒՍՆՈՑՈՒՄ» ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՍԿՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ, ԻՍԿ ԿՈԶԵՌՆՈՒՄ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Վերջերս կառավարության որոշմամբ Երեւանի 33-րդ թաղամասի կամ, ինչպես հայտնի է բնակչության մեջ, «Ֆիրդուսնոցի» տարածքըՙ մոտ 5 հազար քմ, կառուցապատման իրավունքով տրվեց «Սիթի սենթր դիվելոփմենթ» կազմակերպությանը: Բնական է, որ այդ տարածքի բնակիչների մեջ անմիջապես ծագեցին «ի՞նչ կազմակերպություն է դա եւ ի՞նչ կարգով պետք է կատարվեն իրացման աշխատանքներն ու գույքի փոխհատուցումը» հարցերը: Այս եւ օրակարգում գտնվող մեկ այլ իրացման տարածքիՙ Կոզեռնի բնակիչներին հուզող հարցերին պատասխանելու խնդրանքով դիմեցինք Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանին:

- Պարոն Դավթյան, կառավարությունից 33-րդ թաղամասիՙ «Ֆիրդուսնոցի» կառուցապատման իրավունքը ստացած «Սիթի սենթր դիվելոփմենթը» տեղակա՞ն, թե՞ օտարերկրյա ընկերություն է:

- Ընկերությունը, որը ցանկություն է հայտնել կառուցապատման ծրագիր իրականացնել, տեղական կազմակերպություն է եւ գրանցված է այստեղ: Այդ թաղամասն ունի կառուցապատման այնպիսի սխեմա, որ ոչ բոլոր կառուցապատողները կարող են դա կատարել: Դա մեկ միասնական սխեմա է եւ քաղաքաշինական խորհրդում քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ այստեղ ավելի ճիշտ է ունենալ մեկ կառուցապատող:

- Ապագա կառուցապատողը նորաստե՞ղծ կազմակերպություն է:

- Այո: Համենայն դեպս քաղաքի կառուցապատման ծրագրերում նախկինում չի եղել: Սակայն հնարավոր է, որ կազմակերպությունն անունով նորը լինի, բայց մինչ այդ այլ անվամբ մասնակցած լինի այլ ծրագրերի:

- Բնակիչներից դժգոհություն եղե՞լ է այդ տարածքի սպասվող իրացումից:

- Այդ տարածքում մենք գույքագրում ենք կատարել եւ այդ ընթացքում բնակիչներից որեւէ դժգոհություն կամ առաջարկություն չի եղել: Դեռեւս իրացում չի եղել եւ ինչի՞ց պետք է դժգոհեն բնակիչները:

- Փոխհատուցումն ի՞նչ կարգով է լինելու:

- Սեփականություն ունեցողի սեփականության գնահատում եւ արժեքի վճարում, իսկ եթե սեփականություն չունի եւ միայն գրանցված է, ապա անձերի թվով յուրաքանչյուրինՙ 3 մլն դրամի փոխհատուցում: Գինը կախված է ունեցվածքից, եթե միայն գույք էՙ մի գին է վճարվում, եթե նաեւ հող ունի, ապա այդ գինն ավելանում է: Խրախուսում գոյություն ունի, որն ըստ կարգի թեեւ տրվում է 10 օրվա ընթացքում դուրս գալու դեպքում, բայց իրականում ավելի երկար է լինում եւ այդ հարցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվում բնակիչների հետ:

- Դժգոհությունները բացառո՞ւմ եք:

- Չեմ բացառում, որովհետեւ փաստաթղթերի մեջ օգտագործվող սեփականության ձեւակերպումները շատ հաճախ չեն լինում, ավելացված շինությունները օրինականացված չեն լինում եւ այլն: Այդ խնդիրներն առկա են: Սակայն եթե դժգոհությունները շատ լինեին, ապա ամբողջ իրացվող տարածքներից հազարավոր բնակիչներ պետք է դժգոհեին, այլ ոչ թե 20-30-ը:

- «Ֆիրդուսնոցի» բնակիչներին առաջարկվելո՞ւ են փոխհատուցման տարբեր ձեւեր:

- Ճկուն քաղաքականություն կլինի եւ տարբեր ձեւեր կառաջարկվի: Դա կարող է լինել գումարային փոխհատուցում կամ նոր բնակարանի տրամադրում կառուցվող տարածքում: Կառաջարկվի նաեւ Կենտրոնի այլ վայրում բնակարանի տարբերակ:

- Ե՞րբ կսկսվի իրացումը:

- Հավանաբար սեպտեմբերին:

- Ո՞ր իրավական ակտի հիման վրա կկատարվեն իրացման աշխատանքները: Սպասելո՞ւ եք մինչեւ հոկտեմբերի 1-ը, երբ սեփականության օտարման մասին նոր օրենք ընդունվի:

- Միգուցե գործընթացն սկսվի, եւ կարծում եմ, երբ նոր օրենքն ընդունվի, այդ պահից դա կկատարվի նոր օրենքով: Ասել, որ շատ տարբերություններ կլինեն նոր օրենքում, չի կարելի: Ուղղակի ավելի կոնկրետ եւ պարզ կլինեն մոտեցումները: Այսինքն, իրացումը կկատարվի մեկ օրենքի, այլ ոչ թե մի քանի տարբեր իրավական ակտերի հիման վրա: Հուսով եմ, որ դա ավելի կհեշտացնի աշխատանքները:

- Մեկ այլ իրացման տարածքումՙ Կոզեռնում գույքագրման հանձնաժողով է ստեղծվել: Ի՞նչ է այստեղ կատարվել:

- Քաղաքապետը մի քանի անգամ հանդիպել է թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ: Բնակիչները կարծես թե դանդաղ են արձագանքում: Նրանք ասում են, որ դեմ չեն կառուցապատմանը, բայց չեն համաձայնում, որ հանձնաժողովը գա եւ սկսի գույքագրումը: Նրանց խնդիրների մի մասը կապված է չգրանցված սեփականության, մյուս մասըՙ անձանց գրանցման հետ: Հետեւաբար, բոլոր խնդիրները նույն սկզբունքներով չենք կարող լուծել: Ազգային արխիվն այստեղ կարեւոր դեր ունի իրավական հիմքերը վեր հանելու առումով:

- Քանի՞սն այս թաղամասում նման խնդիրներ ունեն:

- Նման խնդիրներ, ըստ իրենց ներկայացման, ունի 150-160 ընտանիք:

- Եվ ի՞նչ ժամկետում պետք է այդ խնդիրներին լուծում տրվի:

- Քաղաքապետը երեք ամիս ժամկետ է սահմանել, բայց հիմա արդեն այդ ժամկետները խախտվում են: Գույքագրման հանձնաժողովը, աշխատանքային խումբը մի քանի անգամ հրավիրել են բնակիչներին, բայց նրանք չեն եկել: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ նրանք առաջարկում են իրենց խնդիրները հասարակական կազմակերպության մասնակցությամբ դա անել, որի անհրաժեշտությունը մենք չենք տեսնում: Կոնդում, երբ համանման խնդիրները լուծվեցին, ոչ մի հասարակական կազմակերպություն չկար:

- Սակայն չէ՞ որ այդ տարածքում ապրում են հարյուրավոր այլ բնակիչներ, որոնք բնակարանների բարելավման անհրաժեշտություն ունեն եւ ցանկանում են, որ իրացումն այստեղ շուտ սկսվի: Չէ՞ որ իրացման աշխատանքների ձգձգման դեպքում նրանց շահերն են ոտնահարվում:

- Համաձայն եմ, որ կան այդպիսի մարդիկ: Ի վերջո, մեկ հասարակական կազմակերպության, որն ընդամենը մեկ հոգի է, մասնակցությունը այդ գործընթացին բերում է նրան, որ այնտեղ ոչ մի բան չի արվում: Համոզված եմ, որ այդ տարածքում շատերը կարիք ունեն բարելավման:

- Մի խոսքով, այդ եռամսյա ժամկետն ավարտվելուց հետո նոր ժամկե՞տ պետք է տրվի:

- Երբ աշխատանքները սկսվեն, այդ ժամանակ կերեւա, թե որքան կտեւի գույքագրումը: Միգուցե դա ավելի կարճ լինի, քանի որ Կոզեռնը ավելի փոքր տարածք է, եւ ավելի շուտ կարվի: Սակայն դրա համար պետք է սկսել գույքագրումը, ինչին չկարգավորված խնդիրներ ունեցող բնակիչները դեռ չեն ցանկանում գնալ:

- Այս տարի հնարավո՞ր է, որ սկսվի:

- Հնարավոր է: Շատ բան կախված է բնակիչների ցանկությունից, որպեսզի նրանք նույնպես մեզ օգնեն, սկսենք գույքագրումը եւ պարզենք, թե ում տարածքը որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4