Շատ երեւանցիներ եւ հյուրեր այս շոգ օրերին գերադասում են ժամանակ անցկացնել բացօթյա սրճարաններում, որոնք արտաքին եւ ներքին հարդարանքով մեկը մյուսին չեն զիջում: Բայց, ինչպես ասում են, ամեն փայլող բան չէ, որ ոսկի է:
Հունիսի 16-ին ինձ բախտ վիճակվեց երեկո անցկացնել «Առագաստ» սրճարանում (հայտնի որպես «Պապլավոկ»): Մատուցողուհին բերեց ուտեստների ցանկը, ապա, պատվերը ստանալուց հետո, այն մեր ներկայությամբ գռեհկորեն շպրտեց հարեւան սեղանին: Պատվիրված հյութի բաժակի վրա պարզ երեւում էր շրթներկի հետք: Իմ մատնանշումից հետո, առանց «ներողություն» խնդրելու, դժկամությամբ բերեց այլ բաժակ: Դեռ հույս ունեի, որ հեռանալուց առաջ սրճարանի աշխատակիցները կհիշեն կենցաղավարության եւ հիգիենայի նորմերի մասին` բայց զուր: Իրոք, «բարձրակարգ» սպասարկում քաղաքի կենտրոնական սրճարաններից մեկում:
Հարց է ծագում` ինչպիսի՞ չափանիշներով են ընտրվում մատուցող-մատուցողուհիները: Մի բան ակնհայտ է. տարրական քաղաքավարության եւ սպասարկման նորմերին նրանց մի մասը ծանոթ չէ: Վատ չէր լինի, որ աշխատակիցներ ընդունելուց առաջ սպասարկման ոլորտի օբյեկտների տնօրենները փորձեն նրանց ծանոթացնել սպասարկման կուլտուրային (եթե դա վերջիններիս մտահոգում է):
Կ. Մ.