«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2006-06-23 | #117, 2006-06-24 | #118, 2006-06-27


ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՍՈՒԼԻՆ ԿԱՐՏԱԴՐԵՆ

Հանրապետությունում տարբեր հաշվարկներով 20-25-30 հազար շաքարախտով հիվանդներ կան: Վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ ինսուլինային լարվածություն էր առաջանում, չնայած ամեն տարի պետբյուջեն դեղորայքի կենտրոնացված գնումների համար բավական պատկառելի գումարներ է առանձնացնում, որոնց մի մասը տրամադրվում է ինսուլինային գնումներին: Արդեն գրեթե 2 տարի կառավարության հատուկ որոշմամբ հանրապետություն է ներկրվում մարդկային ինսուլին, որը խիստ կարեւոր է այն առումով, որ կենդանական ինսուլիսը, մասնագետների կարծիքով, անպայման կողմնակի բարդություններ ու հիվանդություններ է առաջացնում:

Եթե հիշում եք, տարի ու կես առաջ ԱԺ-ում եգիպտական ինսուլինի հնարավոր ներկրումների շուրջը մեծ աղմուկ բարձրացրեց պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: Գուցե նաեւ այդ աղմուկի պատճառով ներկրումների մրցույթին մասնակից եգիպտական ֆիրմաներից մեկը պարտություն կրեց: Սակայն երեւում է, եգիպտացիները համառորեն ուզում են մասնակից լինել մեր ինսուլինային ապահովման խնդրի լուծմանը:

Երեկ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եւ Եգիպտոսի փոխարտգործնախարար Զագրա Չախրայի հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական առեւտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Արդեն իսկ 2 երկրների առեւտրաարդյունաբերական պալատները նախաձեռնողներից կազմված խումբ են ստեղծել, որը մշակում է փոխշահավետ նախագծեր: Դրանցից մեկը նաեւ եգիպտացիների հետ Հայաստանում ինսուլին արտադրելու նախագիծն է:

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Զագրա Չախրան հայտնել է, որ եգիպտացիները կմասնակցեն նաեւ Երեւանում սեպտեմբերին կայանալիք ագրոֆորումին: Իսկ մեր տարածքային կառավարման նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը շահագրգռված է եգիպտացիների հետ Հայաստանում ինսուլինի արտադրություն կազմակերպելու նախագծի արագ իրականացմամբ:

Ինսուլինի արտադրության համաձայնագիր ստորագրվել է եգիպտական «Վաքսերո» ընկերության հետ` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անցած տարվա այցի շրջանակներում:

Իսկ ընդհանրապես, Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հեռանկարային համագործակցության ոլորտներ համարվում են նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տուրիզմը:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4