«Ազգի» ընթերցողներին մի քանի անգամ տեղեկացրել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ մշակութային փառատոնի մասին, որը մեկնարկեց հունիսի 23-ին: 20 երկրներից եւ մարզերից ժամանած պատվիրակությունների եւ հյուրերի հանդիսավոր շքերթով սկսվեց փառատոնի համերգային ծրագրի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսք ասաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Գեղեցիկ ու ճաշակով կազմակերպված համերգին առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեցին հինգ պարային հատվածներ: Որքան էլ համերգի բեմադրիչ, ՀՀ պետ. մրց. դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Աշուղյանը, ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը, գեղ. ղեկ. Արմեն Մանուկյանը ջանացել էին, համերգը ուներ նաեւ թույլ ու անտեղի կատարումներ: Իսկ որ ամենակարեւորն է, համերգասրահի դռների միայն մեկ փեղկն էր բացված, որը եւ շատ վտանգավոր է նման մեծաքանակ հանդիսատեսի դեպքում: Այս ամենից զատ համերգի ավարտից հետո հրաշալի հրավառությունը նոր ոգեւորություն առաջացրեց, եւ փառատոնի մասնակիցները քայլեցին մինչեւ Հանրապետության հրապարակ, սակայն այնտեղ ժամը 23-ին անջատել էին շատրվանները եւ երաժշտությունը: Մի՞թե այս մեկ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը չէր կարող երկարաձգել շատրվանների աշխատանքը, որպեսզի հայրենիքում գտնվողները (հատկապես առաջին անգամ), որոնք մինչեւ լուսաբաց զբոսնում էին, վայելեին այդ հաճույքը:
Հունիսի 24-ը ամբողջությամբ տրամադրված էր թատրոնին ու կինոյին: «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հանդիպում կինոգործիչների հետ, որից հետո սկսվեց հայկական ֆիլմերի ցուցադրությունը: Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը, իսկ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում կայացավ թատերական հանդիսություն: Հաջորդ օրը նվիրված էր կերպարվեստին: Կեսօրին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացավ հոգեւոր երաժշտության համերգ: Եկեղեցու հոգեւոր տեսուչ Անուշավան վարդապետ Ժամկոչյանի ողջույնի խոսքից ու օրհնությունից հետո հանդես եկան Ստամբուլի (Թուրքիա) «Լուսավորչի դպրաց դաս» երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար` Հակոբ Մամիկոնյան), Արցախի պետական երգչախումբը (գեղ. ղեկավար եւ խմբավար Նինա Գրիգորյան) եւ Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին եկեղեցու պատանեկան երգչախումբը», երգչուհիներ` Լուիզա Վարդանովան, Անի Ծատինյանը եւ կոնսերվատորիայի ասպիրանտներ Արմինե, Կարինե Մկրտչյանները: Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես եկավ դաշնակահար Արամ Ավետյանը, որը արդեն երկու տարի սովորում է Լոնդոնի Արքայական ակադեմիայի ասպիրանտուրայում (դասատու` պրոֆ. Հեմիշ Միլեւ):
Երեկոյան ժամը 18-ից Աբովյան-Թումանյան խաչմերուկից մինչեւ հրապարակ փակվել էին փողոցները եւ Աբովյան փողոցի երկայնքով հանրապետության բոլոր մարզերը ներկայացրել էին իրենց կերպարվեստը, կիրառական արվեստը, բերքն ու բարիքը: Ցուցահանդեսը բացվեց ՊՆ-ի եւ ոստիկանության փողային նվագախմբերի շքերթով, որից հետո ամեն մի մարզ իր դհոլ-զուռնայով ու պարային խմբերով ելույթներ էր ունենում: Շառլ Ազնավուրի անվ. հրապարակում էլ իրենց լավագույն համույթներն ու անհատ կատարողներին էին ներկայացրել Երեւանի բոլոր համայնքները: Ամենուր թեւածում էր երգն ու երաժշտությունը, եւ փառատոնային եւս մեկ օրն ավարտվեց:
Երկուշաբթին գրականությանն եւ պոեզիային էր տրամադրված: Հյուրերը առավոտյան նախ այցելեցին Մատենադարան, իսկ հետո «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպեցին արտերկրից ժամանած գրողներ Ռազմիկ Թամրազյանի (Ավստրիա), Գրիշա Դարբինյանի (ԱՄՆ), Հակոբ Օրմանջյանի (Բուլղարիա) հետ, խոսեցին ժամանակակից գրականության հիմնահարցերից եւ պատասխանեցին լրագրողների հարցերին: Ճեմասրահում ներկայացված էր 255 անուն գիրք, որոնք սփյուռքի տարբեր հրատարակչությունների նվերն էին Ազգային գրադարանին, կցուցադրվեն փառատոնի ողջ ընթացքում: Օրը հագեցած ու լիարժեք ավարտվեց Սեւանա լճի ափին կայացած հանդիպման ու մերձեցման երեկոյով, գալա համերգով: Փառատոնի մասնակիցները բացի համերգային ծրագրերին մասնակցելուց, այցելել են Մայր աթոռ Սբ. Էջմիածին, ըմբոշխնել պատարագը, դիտել Մայր աթոռի գանձերը: Իհարկե այդ ամենից զատ ավելի հուզիչ ու տպավորիչ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակների տեղադրման պահը, համերգը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ