Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` ղարաբաղյան հակամարտության բանակցությունների որոշ սկզբունքներ հրապարակելու կապակցությամբ մեկնաբանության «Ազգի» խնդրանքին ի պատասխան Վարդան Օսկանյանը երեկ Թբիլիսիում նշեց, որ երկուշաբթի Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել, որից առանձնացրեց երեք հատված: Առաջինը, որ Մեթյու Բրայզայի սկզբունքների բացահայտումը կամ շարադրումը ամբողջական չէ, այլ հատվածական: «Այնտեղից դուրս էր մնացել երկու կարեւոր սկզբունք: Առաջինը, որ հարցի լուծման կարեւոր բաղադրիչներից մեկը պետք է լինի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի ապահովումը եւ մինչեւ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Երկրորդ, առաջին անգամ համանախագահողները իրենք հաստատեցին, որ Լեռնային Ղաաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի միջոցով: Եվ երրորդ, Հայաստանը մեծ հաշվով գտնում է, որ այն սկզբունքները, որոնք այսօր սեղանի վրա են դրվել համանախագահների կողմից, հավասարակշռված են եւ կարող են իսկապես նպաստել հարցի կարգավորմանը, եւ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի