«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄՈՍԿՎԱ Է ՄԵԿՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԶԵՐԸ

Երկու երկրների համահունչ մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին առանձնակի նշանակություն է հաղորդում այցին

Այսօր պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Հունիսի 29-ին Կրեմլում նա առանձնազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա կհանդիպի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին: Այցի ընթացքում Սեզերին կուղեկցի Աբդուլլահ Գյուլը, որը դեռեւս նախորդ օրը Փարիզից ուղեւորվել է Մոսկվա: Սա Ռուսաստանի Դաշնության ստեղծումից ի վեր նախագահի մակարդակով Անկարայից Մոսկվա կատարվող առաջին այցն է, որը փոխադարձում է 2004 թ.-ի դեկտեմբերին Պուտինի Թուրքիա կատարած այցը:

Հունիսի 2-ի համարում «Ազգն» անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Անկարա կատարած մայիսի 31-ի այցին, կարծիք էր հայտնել, որ դա նպաստելով ռուս-թուրքական հետագա մերձեցմանը, մերձեցումը համագործակցության վերածելու նախադրյալներ է ստեղծում:

Ըստ երեւույթին, ռուս-թուրքական մերձեցման նախադրյալներն էլ ստեղծվել էին Վլադիմիր Պուտինի վերոհիշյալ այցով, որ դրան հետեւեցին տարբեր մակարդակի փոխադարձ այցելությունները: Խնդիրն, ինչ խոսք, այդ այցելությունները չեն, այլ կողմերի համահունչ մոտեցումները, որոնք դրսեւորվում են հատկապես Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Պաղեստինում «Համասի» իշխանության հարցերում: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դա էլ էներգետիկայի բնագավառում է դրսեւորվում, ընդ որում, երբ էներգետիկ պաշարները ռազմավարական նպատակներով օգտագործելու մեջ Ռուսաստանին մեղադրող Վաշինգտոնը փորձում է հակազդել ինչպես կողմերի համահունչ մոտեցումներին, այնպես էլ համագործակցությանը:

Միաժամանակ Վաշինգտոնը բացասական վերաբերմունք է ցուցաբերում նաեւ «Շանհայի համագործակցություն» կազմակերպության հետ (որտեղ Չինաստանի կողքին առանցքային դիրք ունի Ռուսաստանը), հարաբերությունների սերտացման Անկարայի, իսկ «Կապույտ հոսք» նախագիծը Սամբուն-Ջեյհան նախագծով համադրելու եւ ռուսական գազով սպասարկելու համար նախագծում ինչպես Հունաստանին ու Իտալիային, այնպես էլ Իսրայելին ընդգրկելու Մոսկվայի նախաձեռնություններին:

Ի պատասխան դրա, Թուրքիան «Սեւծովյան ներդաշնակության շարժում» նախաձեռնությամբ ի չիք է դարձնում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հավանությանն արժանացած Սեւ ծովում նավատորմ ունենալու Վաշինգտոնի պահանջները: Մինչդեռ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան Անդրկովկասում եւ Միջին Ասիայում մրցակցում էր Ռուսաստանի հետ: Հակառակ դրան սեւծովյան պետություններն առ այսօր շարունակում են վարել ընդգծված հակառուսական քաղաքականություն:

«Զաման» թերթը հունիսի 27-ի համարում ռուս-թուրքական մերձեցումը պայմանավորում է «Հանուն Եվրասիայում համագործակցության համատեղ գործունեության» ծրագրով, որն ստորագրվել էր 2001 թ.-ին: Այդ ծրագիրն, ամենայն հավանականությամբ, որոշակի դեր ունի, սակայն մերձեցման հարցում գլխավորը դեռեւս 1997 թ.-ին Անդրկովկասի եւ Միջին Ասիայի հռչակումն էր ամերիկյան կենսական շահերի գոտի: Դրանով Վաշինգտոնը հրաժարվեց նշված տարածքներում Թուրքիայի միջնորդությունից եւ սկսեց ինքնուրույն գործել, ինչն անխուսափելիորեն առաջացրեց թուրք-ամերիկյան տարաձայնություններ:

Այս պայմաններում ինքնաբերաբար նվազեց Թուրքիայի դերակատարությունն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Այսինքնՙ ռուս-թուրքական մերձեցումը պետք է պայմանավորել թուրք-ամերիկյան վերոհիշյալ տարաձայնություններով: Այս ամենով հանդերձ Անկարա-Մոսկվա մերձեցումը թերեւս տարաձայնությունների բացակայություն չի ենթադրում: Հետեւաբար Թուրքիայի նախագահ Սեզերի այցը Մոսկվա ռուս-թուրքական մերձեցումն ամրապնդելու տեսանկյունից գնահատելիս պետք է հաշվի առնել այցին ԱՄՆ-ի հակազդեցության հավանականությունն ու երկու երկրների տարաձայնությունները հաղթահարելու Սեզերի ու Պուտինի կարողությունները, որքան էլ գլխավորապես Կիպրոսի հարցում դրսեւորվող այդ տարաձայնությունները չխաթարեն երկու երկրների հարաբերությունների բարեհաջող ընթացքը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4