Ռուսաստանը հաստատել է արտերկրից հայրենիք վերադարձող ռուսներին օգնելու ծրագիր: Իշխանությունները հույս ունեն, որ հայրենադարձությունը կնպաստի երկրի ժողովրդագրական վիճակի բարելավմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսների ինքնակամ վերաբնակությունը խթանող հրամանագիր եւ հաստատել է հայրենադարձների համար նյութական օգնություն նախատեսող պետական ծրագիրը: Մեկ ամսում պետք է մշակվեն վերջինիս բոլոր նախագծերը, որպեսզի իրագործման ծախսերը հաշվի առնվեն 2007 թ. բյուջեում, նշում է BBC-ն:
Առայժմ չի հաղորդվում, թե ԱՊՀ երկրներից եւ Մերձբալթիկայից վերադարձողներն ինչ գումարներ կարող են ակնկալել: Ընդունված ծրագրում ասվում է, որ ապագա հայրենադարձները նպաստներ եւ սոցիալական օգնություն կստանան, մինչեւ որ դառնան Ռուսաստանի քաղաքացիներ:
Բացի դրանից, կհատուցվեն բնակության ապագա վայր տեղափոխվելու եւ Ռուսաստանի տարածքում բոլոր փաստաթղթերը ձեւակերպելու, անհրաժեշտ պետական տուրքերը մուծելու ծախսերը:
Ծրագիրը կհամակարգի Ներգաղթի դաշնային ծառայությունը (ՆԴԾ): 2007 թ. հունվարից ծրագիրը կգործի եւ թույլ կտա կայունացնել Ռուսաստանի բնակչության թիվը: ՆԴԾ ոչ պաշտոնական տվյալներով, միայն ժամանակավոր աշխատանք փնտրելու նպատակով ամեն տարի նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ռուսաստան է գալիս մոտ 20 մլն մարդ: Իսկ թե տարեկան քանի ռուս կտեղափոխվի պատմական հայրենիք, առայժմ ոչ ոք չի կարող կանխատեսել: