«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՑ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը Կանադայում կազմակերպել էր ճաշկերույթ-դրամահավաք, որին երկրի պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ջեյսոն Քեննի մասնակցությունը հարուցել էր Ադրբեջանի դեսպանատան ու տեղի ադրբեջանական համայնքի դժգոհությունը:

Կանադական թերթերից մեկում այդ կապակցությամբ տպագրվել է մի հոդված, որի հեղինակը, դատելով հոդվածի բովանդակությունից, օգտվել է ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից: Հոդվածում փորձ է արվել կամայական մեկնաբանություն տալ այն փաստին, որ կանադահայությունը օգնության ձեռք է մեկնում Արցախի իր հայրենակիցներին:

Հիմնադրամն անընդունելի է համարում նյութի ավարտին հոդվածագրի զետեղած համեմատությունը, որով ասես փորձ է արվել անհարկի զուգահեռներ անցկացնել մեկ այլՙ քաղաքական կասկածելի կազմակերպության հետ: Իր հասցեին հնչած անհարկի հարձակողական քննադատությունը որակելով որպես ադրբեջանական անհեռատես քաղաքականության դրսեւորում եւ հետեւանք, հիմնադրամը հայտարարում է, որ դրանք ստվեր են գցում նմանօրինակ քարոզարշավի կազմակերպիչների վարկինՙ փոխարենը բարձրացնելով հայրենիքին սատարող սփյուռքահայության վարկը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4