«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽԸ ՁԵՌՔԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ

Անցյալում ռուսաստանցի պատանիները կյանքում ինքնահաստատման էին ձգտում խաղաղ միջոցներով: Բայց վերջին տարիներին իրավիճակն արմատապես փոխվել է: Պիոներական ճամբարներին, արշավներին եւ «հմուտ ձեռքեր» խմբակներին փոխարինելու են եկել սափրագլուխների նացիստական երիտասարդական խմբավորումները, երաժշտական ու մարզական մոլեռանդներիՙ ֆանատների միավորումները, համակարգչահենների խմբերը եւ այլն:

«Այսօր դեռահասները երկրում միավորվում են բնավ էլ ոչ անմեղ նպատակներով: Հետեւանքներն ահավոր ենՙ իրավախախտումներից մինչեւ ինքնասպանություններ: Ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ կարելի է անել», հարց է տալիս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Տարեցտարի Ռուսաստանում անշեղորեն աճում է դեռահասների նկատմամբ հարուցվող քրեական գործերի թիվը: Միլիցիայի ամփոփագրերը վկայում են, որ ազգայնական հողի վրա ջարդեր սարքող սափրագլուխների, ավտոմեքենաներ ոչնչացնող ֆանատների, ծածկագրեր վերծանող եւ բանկերից դրամ գողացող համակարգչահենների մեծ մասը պատանիներ են:

Բայց եթե անցյալում օրինախախտները հիմնականում անապաստան երեխաներ էին կամ անբարեհաջող ընտանիքների զավակներ, ապա այժմ դեռահասների վտանգավոր միավորումների անդամներից շատերը լավ սովորողներ են եւ զուրկ չեն ծնողական խնամքից: Դեռահասների հանցավորության մասնագետ, Մոսկվայի ՆԳԲ անչափահասների գործերի ստորաբաժանման աշխատակից Միխայիլ Յակուբովի խոսքերով, նրանք ցերեկը կարող են լինել օրինակելի աշակերտներ, իսկ երեկոյան փողոցներում ջարդեր կազմակերպել:

Դա կապված է առաջին հերթին երկրի ընդհանուր անկայունության հետ: «Մեր ժամանակներում մեծահասակներն էլ հաճախ չեն հասկանում լավն ու վատը, էլ ի՞նչ խոսենք դեռահասների մասին», ասում է Յակուբովը:

Մշակույթի տների խմբակները, քաղաքական երիտասարդական շարժումները ձանձրալի են թվում ռուսաստանցի մերօրյա պատանիներին: Իսկ սափրագլուխների խմբին միանալը, սեւ բաճկոն հագնելը, երաժշտական կամ մարզական ընդդիմախոսներին դնգստելը շատ ավելի հետաքրքրական են թվում: Անմարդամոտ դեռահասներից ոմանք նախընտրում են համակարգչահենությունը:

Ահա այլատյացության հողի վրա 2006 թ. ռուսաստանցի պատանիների կատարած հանցագործությունների մի քանի օրինակ: Փետրվարի կեսերին 17-ամյա հինգ դեռահասներ մերձմոսկովյան էլեկտրագնացքում դանակահարեցին 23-ամյա մի հայի եւ ծեծեցին նրա քրոջը: Երկուսին էլ դուրս հրեցին դեպի կառամատույց, որտեղ հայ երիտասարդը մահացավ: Փետրվարի վերջերին Տոլյատիում մոտ 80 սափրագլուխներ (այդ թվում դեռահասներ) հարձակվեցին երիտասարդական երաժշտախմբի անդամների վրա: Ապրիլի 13-ին Բոլժսկի քաղաքի ծայրամասում 9 անձինք (այդ թվում 5 դպրոցականներ) հարձակվեցին գնչուների ընտանիքի վրա: Սպանվեցին երկու անձինք, մի աղջնակ եւ 80-ամյա մի կին հայտնվեցին հիվանդանոցում:

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի», այսօր Ռուսաստանում կա մոտ 60 հազար սափրագլուխ: Նրանց առնվազն 1/3-ը 13-18 տարեկան դեռահասներ են: Ազգայնականության հողի վրա կատարվող հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում պատանիներին: Սխեման նույնն է. նրանք հավաքվում են 5-6 հոգանոց խմբերով, հետեւում ոչ սլավոնական ազգության հերթական զոհին եւ հարմար պահին խմբովին հարձակվում նրա վրա: Նման դեռահասներից մեկի խոսքերով, ինքը չի վախենում բանտ ընկնելուց: Նա վստահ է, որ ինքը ճիշտ է վարվում եւ փրկում է երկիրն օտարերկրյա (մասնավորապեսՙ կովկասյան) «ժանտախտից»:

Նացիստական կազմակերպությունների գաղափարախոսության ազդեցության տակ հայտնված դեռահասները, որպես կանոն, չեն վախենում պատասխանատվությունից: Յակուբովը պնդում է, որ նրանք բառացիորեն զոմբիացված են եւ պատրաստ են կատարելու ամեն մի հրաման: Օտարերկրացիների խմբային ծեծերին երբեմն մասնակցում են նույնիսկ 11-17 տարեկան երեխաներ, որոնք ենթակա չեն քրեական պատասխանատվության:

Դեռահասների վրա նացիստական գաղափարների ազդեցության առաջին նշանը այլատյացության վերաբերյալ մշտական խոսակցություններն են: Մոսկովյան թերթը ծնողներին խորհուրդ է տալիս նման դեպքերում երեխային ծանրաբեռնել պարապմունքներով, ուղարկել մարզական խմբակ, որպեսզի նա հեռու մնա սափրագլուխներից: Իսկ եթե պատանին արդեն կապվել է նրանց հետ, ապա արդարացվում է նույնիսկ տնային կալանքը:

Ինչ վերաբերում է ֆանատներին, նրանք եւս կարող են վտանգավոր լինել: Այսպես, Պետերբուրգում «Զենիթ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների հրահրած ծեծկռտուքի ժամանակ վիրավորվեցին 10 անձինք: Հարձակվողների առնվազն կեսը դեռահասներ էին: Մոսկվայում «Public Enemy» երաժշտախմբի ֆանատները ջարդուփշուր արեցին կառամատույցներին մոտեցած գնացքը եւ շշեր ու քարեր նետեցին ոստիկանների վրա:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված երաժշտական եւ մարզական ֆան-ակումբների անդամների բախումները տարեցտարի ավելի ու ավելի կատաղի են դառնում: Եթե սովորական երկրպագուները հարգում են իրենց կուռքերին, ապա ֆանատները կարող են խանութներ, ավտոմեքենաներ ոչնչացնել, ծեծկռտուք սարքել նրանց հետ, ում դուր է գալիս մեկ ուրիշ մարզական թիմ կամ երաժշտախումբ: Ֆանատի գլխավոր սկզբունքը հետեւյալն է. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Ֆանատներից ոմանք խոստովանում են, որ իրենք հաճախ կռիվ են սարքում պարզապես ձանձրույթից, երբեմն էլՙ իրենց ուժը ցուցադրելու նպատակով:

Պատահում է նաեւ, որ դեռահաս աղջիկները հոգեկան խեղումներ են ստանում, անձնասպանության փորձեր կատարում իրենց երաժշտական կուռքերի հանդեպ անհասանելի սիրո պատճառով: «Վատ է, երբ ֆանատիզմը կապ չունի ստեղծագործության հետ եւ ուղղված է բացառապես արվեստագետի անձին», պարզաբանում է Միխայիլ Յակուբովը:

Առանձին խումբ են կազմում համակարգչահենները: 2005 թ. օգոստոսին Մորդովիայում ձերբակալվեց 17-ամյա մի դպրոցական, որը վտանգավոր վիրուսներով «վարակել» էր ՌԴ «Խնայբանկի» եւ ինտերնետից օգտվող տասնյակ այլ կազմակերպությունների կայքէջերը: 2004 թ. Մոսկվայում ձերբակալված մեկ ուրիշ դեռահաս հատուկ ծրագրերի միջոցով թափանցել էր արգելված կայքէջեր, կապի մատակարարին եւ ինտերնետից օգտվողներին պատճառելով մոտ 300 հազար ռուբլու վնաս: 2002 թ. վերջերին Տուլայում ձերբակալվեց 17-ամյա մի համակարգչահեն, որը թափանցել էր ՆԳՆ համակարգչային բազա:

Համակարգչահենների հանցանքները չեն սահմանափակվում վարկային քարտերից դրամ կորզելով կամ ինտերնետին խաբեությամբ միանալով: Դեռահաս համակարգչահեններից ոմանք դառնում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, ինտերնետի միջոցով օժանդակում աշխարհում ահաբեկչությունների կազմակերպմանը: Եթե դեռահասն ինտերնետային խանութներից մշտապես թանկարժեք իրեր է ձեռք բերում, դա պետք է մտահոգի ծնողներին եւ կասկածելու տեղիք տա: Հատուկ ծրագրի միջոցով նա կարող է բավական հեշտությամբ պարզել նշանաբառը եւ գնումներ կատարել ուրիշի վարկային քարտով:

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4