Գրականության եւ արվեստի ներկա վիճակի, դրա հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին երեկ «Հայելի» ակումբում զրուցում էին հրապարակախոս եւ թատերագիր Պերճ Զեյթունցյանն ու գրող Դավիթ Հովհաննեսը: Երկուսն էլ ցավով արձանագրեցին, որ գրականության եւ մշակույթի հանդեպ հասարակության ներկայիս վերաբերմունքն անհուսալի է: Դավիթ Հովհաննեսն այն համոզմանն է, որ գրողի ձայնն այսօր ոչ ոք չի լսում, արվեստագետի գործով չեն հետաքրքրվում, իրենց գործը չեն կարեւորում: Ըստ նրա, այսօր մեր օլիգարխիկ, ստամոքսապաշտ հասարակությունը դրանով ինքնակամ գնում է «էշի նահատակման»: Պերճ Զեյթունցյանը մտահոգված անդրադարձավ խնդրին, որ իր (նկատի ունի մտավորականներին) պահանջն այսօր չկա: Հրապարակախոսը հիշեց, որ 90 թ. իր «Արշակ Երկրորդ» վեպը հրատարակվեց 80 հազար տպաքանակով եւ վաճառվեց, իսկ հիմա 5 հարյուր օրինակով հրատարակված գրքերը չեն վաճառվում: «Սա տխուր երեւույթ է, սա մեր երկրի բարոյական դեգրադացիան է», ասաց նա:
Իրավիճակի պատճառների մասին խոսելիս ակումբի հյուրերը համամիտ էին, որ նյութապաշտ աշխարհում արժեքները փոփոխվել են: Պերճ Զեյթունցյանի գնահատմամբ, ամեն ինչ սկսվեց նրանից, որ նյութականը դարձավ գերակա, իսկ հոգեւորը մղվեց հինգերորդ, վեցերորդ պլան: Սակայն նա համոզված է, որ պետք է մտքներիցս հանենք միտքը, թե մենք երբեւէ հարուստ երկիր կդառնանք: Փոխարենը նա առաջարկեց մտածել բարեկեցիկ ապրելու եւ մեր երկրի բարոյական մթնոլորտը փոխելու մասին: Գրող Դավիթ Հովհաննեսն էլ կարծում է, որ հասարակությունը տնտեսական հոգսերի մեջ պատրաստ չէ հոգեւորի ընկալմանը:
Բանախոսներն անդրադարձան նաեւ նոր օրհներգի անհրաժեշտությանը: Հրապարակագիր Պերճ Զեյթունցյանը շեշտելով, որ ինքը երբեք չի եղել խորհրդային ռեժիմի համակիրը, նշեց, թե այդ տարիների օրհներգը վատը չէր: Մտավորականը համամիտ է նոր օրհներգի ընտրությանը միայն այն դեպքում, եթե խաչատրյանականին գերազանցող որեւէ գործ ստեղծվի: Օրհներգի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննեսը համոզված է, որ լավ երգը դեռ լավ օրհներգ չէ: Գրողը կարծում է, որ մենք բավական լավ ազգային երգեր ունենք, որոնք կարող ենք մի քիչ հարմարեցնել եւ օրհներգ դարձնել: Որպես օրինակ նա առաջարկեց Երանյանի եւ Միրզա Վանանդեցու խոսքերով գրված «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը` Կոմիտասի մշակմամբ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ