Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ եւ թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Իսկ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումների են արժանացել դերասաններ Հովհաննես Բաբախանյանը (Հր. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն), Հրանտ Թոխատյանը (Կամերային պետական թատրոն), Դերենիկ Մարտիրոսյանը (Հ. Թումանյանի անվ. տիկնիկային պետ. թատրոն), Լալա Մնացականյանը («Մ. Մկրտչյան» պետ. թատրոն), Կարեն Սարգսյանը (Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխ. խմբավար):
Արվեստի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել Վարսիկ Գրիգորյանը (թատերագիր), Հակոբ Ղազանչյանը (ԵՊՀ թատրոնի գեղ. ղեկավար, տնօրեն): Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը այս անգամ բաժին հասավ Գրիշա Սահակյանին (ԵՊՀ թատրոնի գլխավոր նկարիչ):
Երեկ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարարներ Կարինե Խոդիկյանը, Գագիկ Գյուրջյանը մրցանակակիրներին հանձնեցին պարգեւները: Նախարարը շնորհավորական խոսքերից հետո մրցանակակիրներին մաղթեց թատերարվեստում նոր բարձունքների հասնելու ձգտում: ԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը կարեւորեց կոչումների շնորհումը, եթե դրանք լինում են ժամանակին ու նոր թափ են տալիս արվեստագետին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ