Ժողովրդական խոսք է. «ախորժակը գալիս է ուտելու ժամանակ»: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ մտքերն էլ գալիս են գրելու ժամանակ: Սակայն սա այն դեպքը չէ. ստորեւ բերվող մտքերը ինձ պարզապես տանջում են այն օրվանից, երբ Հայաստանում հայտնվեցին օտարատառ, օտարանուն եւ օտարամիտ ցուցափեղկերը, պաստառները, ազդագրերը եւ ծածկեցին մեսրոպատառ մեր սուրբ գրերը: Ռուսագրերը ինչ-որ տեղ, խորհրդային տարիներին արդարացվում էին (համարյա շուրջ տարի «թանգարան բաց երկնքի տակ» Հայաստանը լեփլեցուն էր խորհրդային եւ սոցերկրների զբոսաշրջիկներով: Իսկ հայերից շատ-շատերը գիտեն, որ նախկինում, որքան էլ ռեստորանների գները ցածր լինեին այսօրվա համեմատ, միեւնույնն է, հասանելի չէին եւ հաճախ ազատ զբոսաշրջիկներն ու գործուղման մեկնածները իրենց համեստ կերակրատեսակները հայթայթում էին այն ժամանակ աղքատիկ, «պրոդուկտովի մագազիններում», գաստրոնոմներում, «ֆրուկտի» անունը կրող խանութներում եւ, իհարկե, հայկական հարուստ «ռինոկներում»: Եվ հետո, այն ժամանակ ռուսերենը, գրավոր թե բանավոր, համարվում էր բոլորի համար համարյա թե մայրենի լեզու, իսկ որպես պետական լեզու ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրությամբ: Փառք ու պատիվ 60-ականների մեր պատգամավորներին, որոնք Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի քննարկումների ժամանակ ընդվզեցին պարտադրված նախագծին եւ որպես պետական լեզու պաշտպանեցին հայոց լեզվի իրավունքը: Ես հիշում եմ, թե ոչ դրական արդյունքը Վրաստանի խորհրդարանում ինչպիսի ալիք բարձրացրեց, իսկ բողոքի ձայն բարձրացրած վրաց ժողովուրդը, խորին հարգանքով խոսելով Հայաստանի հայերի մասին, միեւնույն ժամանակ վկայակոչում էր մեր Գերագույն խորհրդում ընդունած ազգանվեր որոշումը):
«Ի՞նչ անել» հարցը ոչ միայն Չերնիշեւսկին ու Լենինն են տվել իրենք իրենց, այլեւ մենք բոլորս, քանի որ հարցերն այսօր անթիվ անհամար են, որոնցից մեկն էլ կապված է շոշափվող թեմայի հետ: Եվ եթե հարցը բարձրացվում է «Խոշոր մանրուքներ» խորագրի տակ, բոլորովին չի նշանակում, թե քաղքենիությունն ու անտարբերությունը մանրուքներ են: Մանրուքը հարցի լուծումն է, դրա շատ դյուրին լինելը, սեփական աչքի գերանը տեսնելը: «Ի՞նչ անել» հարցի պատասխանը մեկը չէ: Նախորդ հոդվածում արդեն մեկը տրված է. ստուգել բոլոր ցուցակների, ազդագրերի, գրավոր գովազդների ուղղագրությունը եւ անհապաղ վերացնել անգրագիտությունը: Երկրորդ. եթե «Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ապա դա նշանակում է, որ պետական լեզու է հայերենի թե՛ բանավոր եւ թե՛ գրավոր խոսքը: Սա նշանակում է, որ պարտադիր պետք է լինի հայերենը բոլոր ցուցանակներում, ազդագրերում, գովազդային պաստառների վրա, ըստ որում, պետք է լինի առաջնային. եթե մի տողի վրա է` աջ կողմում, եթե գրված է երեք լեզվով, մեջտեղում եւ ընդգծված, եթե գրված է վերից վար, ապա վերեւում:
Ցուցանակները, հասկանալի է, մարդկանց համար են, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե հաց որտեղ են վաճառում, որն է մթերային-ալկոհոլային, որտեղ կարելի է տորթ ու քաղցրավենիք գնել, հագուստ ու կոշիկ առնել եւ վերջապես որտեղ կարելի է ձեռք բերել «Ազգ» թերթի հենց այս համարը` «Հայփոստի» կրպակներում: Եվ ինչ կարիք կա սովորական պարենային, մթերային խանութներրի ճակատին գրել «Shop», «Food», «մարկետ», իսկ մարկետ սովորաբար գրում են հայերեն, որպեսզի մենք` հայերս լավ հասկանանք, որ խանութը նաեւ մարկետ է, եւ ոչ միայն «Շոպ»:
Այնպիսի տպավորություն ես տանում, որ անգլերենը գլխավորն է, իսկ «իմաստուն» գործարարը մեծ լավություն է անում, եթե ինչ-որ մի անկյունում նաեւ հայերեն է գրում:
Սրանք մանրուքներ չեն եւ եթե դեմը չառնվի, ապա Անգլիայից հետո Հայաստանում գերիշխող կլինի անգլերենը, այն էլ ինչպիսի՜ անգլերենը, որ Մեծ Բրիտանիայի թագուհին, պառլամենտը եւ կառավարությունը բողոքի շատ խիստ նոտա կհղեն... մեր ժողովրդին:
Մենք ունենք Հայերենի բարձրագույն խորհուրդ, մենք ունենք Լեզվի պետական տեսչություն, վերջապես ունենք օրենք լեզվի մասին, սակայն չունենք այնքան անհրաժեշտ ինքնասիրությունը: Թերթեք հայերենի որեւէ բառարան ու կտեսնեք, հուսով եմ նաեւ կհասկանաք, թե որքան հարուստ է մեր հայերենը, որքան բարեհնչյուն ու հնչեղ է մեր հայերենը, եւ սեփական ուժերով էլ ավելի ճոխանալու, գեղեցկանալու, մոլախոտերից ազատվելու որքան ներուժ ունի: Կարդացեք 40-ական, 50-ական, 60-ական, 70-ական թվականների մեր մամուլը, հենց այսօրվա մեր թերթերը այս հերթականությամբ, եւ կհամոզվեք, որ լեզուն ինքնամաքրման ինչպիսի ջանքեր է ներդրել, իսկ այսօր մենք մեր ձեռքով ենք քանդում հայոց լեզվի շատ ամուր պատերը:
Լավ է, որ մեր վարսավիրանոցներին, այսօրվա մեր «գեղեցկության սրահներին», բայց ոչ «բյութի սալոններին» անուններ տանք, ասենք, «Արա Գեղեցիկ», որը կա, եւ «Շամիրամ», որը չկա: Լավ է, որ մեր ռեստորաններին, սրճարաններին, նվերների խանութներին, խոշոր հանրախանութներին, առանց մարկետի եւ առանց սուպերի, անուններ տանք, ինչպիսին է, օրինակ, «Տաշիրը», լավ է հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններին անուններ տանք, թանգարանները, ցուցասրահները, թատրոնները եւ կինոթատրոնները անուններով կոչենք եւ խոշոր պարենային խանութներն էլ համապատասխան ձեւով կոչենք, սակայն ոչ ունիվերմագ եւ ունիվերսամ, եւ բոլորն էլ ունենան անգլերեն, թող նաեւ ռուսերեն տառադարձությունը, սակայն մեզ, մեր լեզուն չխեղդենք:
Լավ չէ, սակայն պետք է ասեմ. եթե այսպես շարունակվեց, մենք շուտով տապանաքարերին էլ հանգուցյալների անուն-ազգանունները անգլերեն կգրենք: Ու ես ստիպված կլինեմ տապանագիրս գնալուց առաջ գրել հայերեն:
Լ. ԱՆԱՆԻԿՅԱՆ