«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2006-06-24 | #118, 2006-06-27 | #119, 2006-06-28


ԱՐՈՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Թուրինում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին ավստրալացի շախմատիստուհի, 19-ամյա գեղեցկուհի Արիաննա Քաոյլին պատճառ է դարձել, որ անգլիացի շախմատիստ Դենի Գորմալին խանդի տեսարան սարքի ընդունելություններից մեկի ժամանակ, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 17-ի համարը, նյութը արտատպելով ավստրալիական «Դի էյջ» թերթից:

Ականատեսների վկայությունների համաձայն Գորմալին նկատելով, որ 23-ամյա Արոնյանը եռանդուն կերպով պարում է Քաոյլիի հետ, կորցնում է հավասարակշռությունը եւ սլանալով հայազգի շախմատիստի կողմը, հարվածում է նրան: Շփոթահար ընկերները միջամտում են եւ «խաղն ավարտվում է ոչ-ոքի», բայց արդեն մեծ աղմուկ է բարձրանում: Անգլիական թիմի ավագ Ալան Բիըրտսուորթը ստիպված է եղել ներողություն խնդրելՙ ասելով, որ «հավանաբար Դենին չափից ավելի խմած է եղել եւ խանդել է, քանի որ Արիաննան նրան դուր էր գալիս»: Պարզվել է, որ նրանք ծանոթ են նախորդ մրցույթներից եւ էլփոստով կապի մեջ են եղել: «Ես խոսել եմ այդ ընդունելությանը ներկա մարդկանց հետ եւ կասկած չկա, որ Դենին է մեղավորը: Արոնյանը հրաշալի երիտասարդ է», ավելացրել է նա: Ֆիլիպիններում ծնված եւ Բրիզբեյնում մեծացած Քաոյլի մայրը հաստատել է, որ աղջիկը հրապուրված է Արոնյանով:

Անգլիացի Գորմալին, որը հավանաբար նկատողության կարժանանա անվայելուչ պահվածքի համար, ըստ թերթի տվյալների, հրաժարվել է մեկնաբանել կատարվածը ասելով, որ դա «խիստ անձնական բնույթի միջադեպ էր»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4