«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2006-06-27 | #119, 2006-06-28 | #120, 2006-06-29


ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Հերթական հայտարարությո՞ւն, թե՞ պարտադրվող գործողությունների ծրագիր

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկ անգամ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2006-ը գնահատեցին «հակամարտության կարգավորման պատմական հնարավորություն, հույսի պատուհան»: ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրած իրենց հաշվետվությունում էլ արձանագրեցին, որ «նախորդ տարի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը հակված են բանակցային փուլից անցում կատարելու դեպի որոշում ընդունելու փուլ»: Սակայն բանակցային ընթացքն այս պահին կարծես դեռեւս հեռու է որոշում ընդունելու փուլից, եթե, իհարկե, նկատի չառնենք խնդրի արագ լուծմանը հենց այս տարի հասնելու նպատակով գործադրվելիք ճնշումների հավանականությունը: Վերջինս արտահայտվում է հունիսի 22-ին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացրած հայտարարությունում, որը երեկ հրապարակվեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական կայքէջում: Այնտեղ համանախագահները փաստել են բանակցությունների չափազանց ակտիվությունը, իրենց կողմից ջանք չխնայելը, միջնորդական աշխատանքների ակտիվացումը, Բաքու եւ Երեւան համատեղ ու առանձին այցերի, կողմերի արտգործնախարարների, նախագահների հանդիպումների քանակը: Բանակցությունների իրադարձային ընթացքը ներկայացնելուց զատ հայտարարությունում համանախագահները կարծիք են հայտնել, որ Քոչարյանին ու Ալիեւին փոխնախարարների առաջարկած հիմնարար սկզբունքների փաթեթը արդարացի է, հավասարակշռված, գործունակ եւ երկու կողմերի համար կարող է ճանապարհ հարթել կարգավորման հեռանկարային համաձայնագրի մշակման համար: Չնայած դրանՙ իրավիճակը հայտնի է. Բուխարեստում նախագահները համաձայնության չեկան: Իսկ առաջարկվող «սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային դուրսբերումը Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներիցՙ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ:

Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցություններըՙ այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն ԼՂ շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու ԼՂ պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով: Կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց կամ այդպիսի սպառնալիքներ ներկայացնելուց եւ ապահովում են միջազգային ու երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ:

ԼՂ իրավական կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեի կամ համընդհանուր քվեարկության գաղափարի մասով կուզենայինք նշել, որ դա պետք է լինի երկու կողմերի բանակցային համաձայնության արդյունքը: Պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի քվեարկությունը անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ հրապարակային եռանդուն բանավեճերից հետո»:

Այս հիմնական սկզբունքների շուրջը համաձայնության կայացումն ակնկալվում է հուլիսին Սանկտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» կայանալիք վեհաժողովից առաջ, ինչը, համանախագահների վստահեցմամբ, «կապահովի լայն միջազգային ու ֆինանսական աջակցության բարձր աստիճան հետհակամարտային վերականգնողական ու խաղաղապահ գործունեության համար»: Թե ինչ կլինի Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, դեռեւս ենթադրությունների ու կանխատեսումների տիրույթում է: Իսկ դեռեւս փաստերի շարքում են ադրբեջանական կողմի ռազմատենչ կոչերն ու ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը (ծանոթանալ «Ազգի» երեկվա համարից) եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գնահատականը. «Մեծ հաշվով այն սկզբունքները, որոնք այսօր սեղանի վրա են դրել համանախագահները, հավասարակշռված են եւ կարող են իսկապես նպաստել հարցի կարգավորմանը: Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ»:

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ տարածած իր հայտարարությունում ՀՀ ԱԳՆ հունիսի 26-ի հայտարարությունը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւս մի վկայություն է» համարել եւ շարունակել հին ու ծանոթ երգը. «Ադրբեջանական կողմը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը ԼՂ-ին տրամադրելու ամենաբարձր կարգավիճակըՙ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Ադրբեջանի գործող սահմանադրության հիման վրա: Միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա հիմնված նման սահմանադրական մոտեցումը միակ հնարավոր ուղին է կայուն կարգավորման հասնելու համար»: Հընթացս ՀՀ ԱԳՆ հայտարարությունը գնահատվել է շահարկումներ ներառող ու դրանց տեղիք տվող, իսկ ՀՀ ԱԳՆ մոտեցումը հիմնախնդրի կարգավորմանըՙ ոչ կոնստրուկտիվ:

Միաժամանակ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեն միջազգային կառույցներին այնպիսի խոստումներ շռայլել, որոնք զորու չեն կատարել եւ որոնք ազգային շահերից չեն բխում»: Գամբարը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են հանրաքվեին. «Հետընտրական ժամանակահատվածում, հասկանալով հանդերձ, որ տրված խոստումներն անիրականանալի են, քանի որ կարող են հանգեցնել ժողովրդական ապստամբության, Ադրբեջանի իշխանությունները փոխում են իրենց դիրքորոշումը միջազգային կառույցների համար»:

Համանախագահները, իրենց հայտարարությունում փաստելով, որ ներկայացված սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու հարցում սպառել են սեփական երեւակայությունը, վստահություն են հայտնել, որ «հիմա ժամանակն է, որ երկու նախագահները ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Սա միակ ճանապարհն է ամրապնդելու այն դրական արդյունքները, որոնք արդեն ձեռք են բերվել բանակցությունների վերջին երկու տարվա ընթացքում, որպեսզի ավելի ուշ կարիք չլինի բանակցությունները վերսկսել զրոյից»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ամբողջովին տեղադրված է «Ազգի» կայքէջում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4