«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2006-06-27 | #119, 2006-06-28 | #120, 2006-06-29


ՓԱՌԱՏՈՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Բոլոր ժամանակներում հանդիսատեսի սերն ու համակրանքը վայելած ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին է նվիրվում հուլիսի 2-8-ը կայանալիք հանրապետական թատերական փառատոնը: Երեկ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչները, փոխնախարար Կարինե Խոդիկյանը, ՀԹԳ միության նախագահ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանը բարձր գնահատելով անկրկնելի դերասանուհու ավանդը հայ թատրոնի զարգացման գործում, որպես մեծարանք ու գնահատանք, հայ թատրոնի թագուհու ծննդյան 80-ամյակի առիթով որոշեցին եւս մեկ անգամ մեկ շաբաթ ցուցադրվող ներկայացումները նվիրել Մետաքսյա Սիմոնյանի հիշատակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնում հունիսի 2-ին, Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» դրամայի ցուցադրությամբ: Փառատոնին կմասնակցեն հանրապետության բոլոր թատրոնները: Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական թատրոնը փառատոնին կներկայացնի Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության պրեմիերան: Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնըՙ Ա. Պետրոսյանի «Արտոնված եղեռն» դրաման: Փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ կցուցադրվեն 16 բեմադրություններ: Փառատոնը կեզրափակի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվ. թատրոնը, որը Երեւանի մայր թատրոնում կներկայացնի Գ. Սուդուկյանի «Փուղի զորությունը» կատակերգությունը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4