Ցեղասպանության մասին Վեհափառ հայրապետի կարծիքը թուրքական թերթում գնահատում է Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունիսի 28-ին, վերադառնալով Ստամբուլից Մայր աթոռ Սբ. Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը իր գնահատանքն է հայտնել Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի ջերմ հյուրընկալության, պոլսահայ համայնքի խանդավառ ընդունելության, ինչպես նաեւ պոլսահայոց պատրիարքության 600 տարիների ստեղծած արժեքների պահպանման համար: Վեհափառ հայրապետը անդրադարձել է այցի ընթացքում կազմակերպված բողոքի ցույցերին, հունիսի 25-ի մամուլի ասուլիսին եւ այն մտահոգությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ արած հայտարարությունը չի՞ փոխի հայ համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքը:
Հարցին Վեհափառի պատասխանը հրապարակվել էր «Ազգ»-ի նախորդ համարում: Պարզապես ասենք, որ ջերմ ընդունելության համար Նորին սրբության հայտնած վերոհիշյալ գնահատանքը գոհունակության արտահայտություն է: Որքան էլ տհաճ լինեն բողոքի ցույցերը, դրանք ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ աննկատ են մնացել հայրապետական պատվիրակության ուշադրությունից, իսկ այցը եղել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Հետեւաբար, միանգամայն դրական պետք է համարել Ստամբուլում Ամենայն հայոց կաթողիկոսի ստացած տպավորությունները:
Այլ կերպ` գուցե թուրքական իշխանությունները Վեհափառի նկատմամբ դիվանագիտական քաղաքավարության կանոնները չեն խախտել: Ըստ երեւույթին, եթե ոչ քաղաքավարության, ապա կարելի է խոսել Վեհափառի այցին թուրքական մամուլի հավասարակշիռ մոտեցման մասին: Ընդ որում, այս մոտեցումը ընդհանուր առմամբ պահպանվել է նաեւ հունիսի 25-ին Պոլսո հայոց պատրիարքարանում հրավիրված մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, հետեւաբար չի կարող քննարկման առարկա դառնալ:
Հակառակ դրան, բողոքի ցույցերի առնչությամբ, թուրքական թերթերում հրապարակվել են խիստ քննադատական հոդվածներ եւ ցեղասպանության հարցում Վեհափառի ասածներն արդարացնելու համար դատապարտվել է հարցը վիճարկման ոլորտ ներքաշելու Թուրքիայի պետական մոտեցումը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Օզգյուր Գյունդեմ» թերթի հունիսի 25-ի համարում Դողան Գենչի ստորագրությամբ հրապարակված հոդվածին, որտեղ հեղինակը գրում է. «Հետախուզական կառույցների պատրաստած զեկուցագրում նշվել է համայն հայության հոգեւոր առաջնորդի Թուրքիա կատարած այցի ընթացքում որոշ շրջանակների բողոքի սադրիչ ցույցեր կազմակերպելու հավանականության մասին: Այս ամենը ինձ զարմանք եւ վիշտ է պատճառում: Այսօր ցեղասպանության այլ տարատեսակին է բախվում այն ժողովրդի ներկայիս սերունդները, որոնցից մենք պարտական ենք ներողություն խնդրել 1915 թվականի իրադարձությունների համար»:
«Ատելությունը կործանող է, իսկ սերը` կառուցող»
«Ռադիկալը» հունիսի 27-ի համարում Մուրադ Բելգեի հոդվածով հավելում է, գրելով, որ այդ ցույցերը թուրքական հանդուրժողականության խորհրդանիշն են, աշխարհում մարդիկ, իմանալով դրանց մասին, անպայման կասեն. «Չէ, սրանց նախնիները ի վիճակի չէին կոտորած կատարել: Թող աստված զրպարտությունից պահպանի»: Հեղինակը ցեղասպանության հարցում Վեհափառին հաստատելու համար նրա խոսքերն է մեջբերում եւ նշում է. «Հիրավի այս հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել եւ դրա առնչությամբ հարյուր հազարավոր էջեր են գրվել: Ի՞նչ պետք է ասեին հայերը, երբ նրանց առաջարկում ես բացել արխիվները, տեսնելու համար այս ամենը եղե՞լ է, թե՞ ոչ»:
Վեհափառ հայրապետի այցը «Հյուրիեթի» հունիսի 27-ի համարում Սեֆա Քափլանին տված հարցազրույցում փորձել է լուսաբանել նաեւ պոլսահայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը: Գնահատականի բնույթ կրող այս լուսաբանումը ուշագրավ է ինչպես բողոքի ցույցերին, այնպես էլ Վեհափառի ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններին թուրքական վերոհիշյալ թերթերի մոտեցումների հետ համեմատելու առումով:
Քափլանի «Պատրիարքապետ Գարեգին Բ-ի այցելությունից առաջ Ձեր համայնքում կային մտահոգություններ, ինչպես անցավ այցը» հարցին պատասխանելիս Մեսրոպ սրբազանը ուղղում է թուրք լրագրողին, թե «Գարեգին Բ-ի տիտղոսը «պատրիարքապետ» չէ, այլ «կաթողիկոս» է, եկեղեցին այսպիսի տիտղոս չունի»: Ըստ երեւույթին նա մոռանում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կրում է նաեւ Ծայրագույն պատրիարքի տիտղոս: Համենայն դեպս, Մութաֆյան պատրիարքը մեկ այլ հարցի առնչությամբ հիմնավորում է այս ուղղումը. «Հայ առաքելական եկեղեցին նվիրապետական չորս աթոռներ ունի, որոնցից յուրաքանչյուրը ինքնավար է, ունեն առանձին կանոնադրություններ (ի դեպ, վերջին արտահայտությունը տեղ չի գտել հարցազրույցի հայերեն տարբերակում, որը հունիսի 28-ին հրապարակվել է «Լրաբերի» կայքէջում)»: Ըստ երեւույթին, Մեսրոպ սրբազանը թուրքական թերթում նվիրապետական աթոռների հավասարության տպավորություն ստեղծելու համար ավելացնում է, թե այս աթոռները գտնվում են Սբ. Էջմիածնում, Անթիլիասում, Երուսաղեմում եւ Պոլսում:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա նա դրանց առնչությամբ ասում է. «Ճիշտ է, որ մեր համայնքում կային որոշ մտահոգություններ, եւ Գարեգին Բ կաթողիկոսի մամուլի ներկայացուցիչների հետ ասուլիսը եւ կատարված քաղաքական ցույցերը փաստեր են, որ ամենեւին անտեղի չէին այդ մտահոգությունները»:
Քափլանը հարցնում է. «Ինչպե՞ս եք գտնում Գարեգին Բ կաթողիկոսի ցեղասպանության հարցի առնչությամբ արած հայտարարությունները»: Իսկ Մութաֆյան պատրիարքը պատասխանում է. «Ինչ ասեմ: Ամենայն հայոց կաթողիկոսը ինձ անծանոթ մեկը չէր: Անկեղծ ասած գտա այնպես, ինչպես ակնկալում էի: Մեր համայնքում կային անհատներ, որոնք մտահոգ էին մամուլի ներկայացուցիչների հետ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպման առնչությամբ: Կարծես թե մի քիչ արդարացան մտահոգությունները: Նորին սրբության մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ «Շողակաթ» հեռուստակայանը, որի հաղորդումները դիտում են սփյուռքով մեկ տարածված հայերը: Հետեւաբար նորին սրբությունը «Ցեղասպանությունը վիաճաբանության նյութ չէ: Թուրքիան պետք է դադարեցնի ուրացման իր քաղաքականությունը եւ պաշտոնապես ընդունի կատարվածը» ասելիս նկատի է ունեցել Հայաստանի եւ սփյուռքի հանրային կարծիքը: Պետք է ասեմ, որ ես այդպես չեմ մտածում: 1915 թ. ողբերգությունը (հայերեն տարբերակում «եղեռն» է նշված) քաղաքագետները, դիվանագետները, պատմաբանները, մշակույթի գործիչները, սոցիոլոգները, աստվածաբանները պետք է որ ուսումնասիրության առարկա դարձնեն տարբեր հարթությունների վրա: Թուրքերը եւ հայերն ավելի քան հազար տարի ապրում են կողք կողքի, մենք հարեւաններ ենք, բարեկամներ: Երիտասարդության առջեւ ուղիների արգելափակումը պատմական պատասխանատվություն է: Ատելությունը կործանող, իսկ սերը կառուցող է»:
Մեսրոպ սրբազանի հարցազրույցը մեկնաբանության կարիք չի զգում: Պարզապես նա համայնքին վերագրվող այսպես կոչված մտահոգությունները մամուլի ասուլիսում Ամենայն հայոց կաթողիկոսի ցեղասպանության առնչությամբ արած հայտարարությունները արդարացնելիս ակամա հաստատում է մեր ենթադրությունը, որ «բողոքի, կազմակերպված ցույցերի» հավանականության մասին տեղեկությունները թուրքական հետախուզական կառույցներին են հասել հենց պատրիարքարանի միջոցով:
Ինչ խոսք, ամենապատիվ պատրիարքը կարող է ցեղասպանության հարցում համամիտ չլինել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Սակայն նա չունի Վեհափառի ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները «Շողակաթի» միջոցով սփյուռք եւ Հայաստան հեռարձակված հաղորդումներով պայմանավորելու իրավունքը, ոչ էլ նվիրապետական աթոռների առումով թուրք հասարակությանը թուրքական թերթում ապակողմնորոշելու:
Ինչ կարելի է ակնկալել մի պատրիարքից, որը դեռ չսկսած «հավանական անախորժությունների» չարաբաստիկ կանխագուշակումով մթագնում էր Վեհափառ հայրապետի այցը: «Հյուրիեթին» տված նրա հարցազրույցն էլ փորձ է մթագնելու այցի ընդհանուր առմամբ դրական տպավորությունը: