«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ԿԻՍԱՀՂԻ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ։ ԿԱՄ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԿԱՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

Համանախագահները հոգնել են սպասելուց

«Ինձ համար դժվար է դատել այդ մասին, քանի որ բանակցություններին մասնակից չեմ եւ շատ բաներ գիտեմ ոչ սկզբնաղբյուրից, այլ կողմնակի աղբյուրներից։ Ուստի իմ դատողությունները կարող են միայն հարաբերական արժեք ունենալ», հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած զեկույցը մեկնաբանելու «Ազգի» խնդրանքին այսպես արձագանքեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ «Այն ամենից, ինչ ինձ հայտնի է, ես համանախագահողների հետ համամիտ եմ միջոցների հավաքածուի առնչությամբ, բայց ոչ դրանց հաջորդականության հետ։ Եթե նկատել եք, հայտարարության տեքստում երկկողմ եւ միջազգային երաշխիքների մասին խոսվում է նախագահներին առաջարկների բաժնի ամենավերջում։ Կարծում եմ, որ այն ամենը, ինչը վերաբերում է ուժ չկիրառելու, ավելինՙ ուժի կիրառման սպառնալիքի դեմ երաշխիքներին, պետք է ոչ թե լինի առաջին փուլում, այլ պետք է լինի զրոյական փուլՙ առաջին փուլով միջոցների ձեռնարկումից առաջ։ Հայտարարության մեջ երաշխիքներին վերաբերող հատվածն ամենավերջում տեղադրելը հաջող չեմ համարում։ Պետք է խստագույնս շեշտադրել, որ քանի փուլ էլ լինի, դրանց պետք է նախորդի կողմերի միջազգայնորեն ամրագրված պարտավորությունՙ հրաժարվել ուժի օգտագործումից եւ ուժի սպառնալիքից այս հակամարտության վիճահարույց խնդիրները լուծելու համար։ Սա պետք է լինի առաջին տեղումՙ որպես զրոյական փուլ»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Վիեննայում կատարած հայտարարության բովանդակության փուլային ընթացքին եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցում լղոզված ձեւակերպմանը, ապա Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով. «Այո, հանրաքվեի հարցն այդ հայտարարության մեջ ձեւակերպված է բավականին լղոզված։ Չի նշվում կոնկրետ ժամկետների մասին։ Ամրագրված է, որ կարգավիճակի հարցը կոնկրետ բանակցությունների առարկա կլինի, առանց նշելու այդ հանրաքվեի ո'չ ժամկետները, ո'չ պայմանները։ Ադրբեջանական կողմից միանգամից բողոքում են, թե հանրաքվե հնարավոր չէ անցկացնել, քանի որ Ադրբեջանի սահմանադրությամբ հանրաքվե կարող է անցկացվել համաադրբեջանական մակարդակով։ Բայց հարց է ծագում, մի՞թե պարզ չէ, թե ինչ նպատակով է նման ձեւակերպումը տեղ գտել Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Դա մտցվել է որպես փոփոխությունՙ հաշվի առնելով այդ հակամարտությունը, եւ որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ուղղակի դրսեւորում թույլ չտրվի։ Սա ակնհայտ է։ Բայց եթե վերցնենք միջազգային պրակտիկան, ե՞րբ է, որ նման հարցում քվեարկում է ողջ երկիրը։ Օրինակ, Քվեբեկում քվեարկեցին միայն քվեբեկցիները եւ ոչ ամբողջ Կանադան։

Հղումները, թե հանրաքվե հնարավոր չէ անցկացնել ադրբեջանական սահմանադրությամբ, համոզիչ չեն։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությունը կազմվել է այս հակամարտության պայմաններում, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ։ Միեւնույն ժամանակ, ինչպիսին էլ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հաստատապես կարիք կլինի Ադրբեջանի սահմանադրության փոփոխության, անգամ ադրբեջանցիների վերջին մատուցման դեպքում, թե Ղարաբաղի ինքնավարությունը կլինի ամենալայնն Ադրբեջանի կազմում»։

Իսկ թե ինչու Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին համատեղ հայտարարությամբ, ամերիկացի նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզան էլ առանձին ու հանկարծակի խոսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների փաստաթղթային դրսեւորման մասինՙ որոշ բացահայտումներ անելով, Վլադիմիր Կազիմիրովի մատուցմամբ, կային չափազանցված սպասումներ, որ 2006 թ.-ին կարելի էր հիմք դնել հակամարտության կարգավորմանը։ «Ինչը, սակայն, ավելի շուտ իլյուզիա է։ Տարվա կեսն անցել է եւ որեւէ առաջընթաց չի գրանցվել, անգամ եթե նկատի ունենալով եւ հարգանքով վերաբերվելով կողմերի այն հաստատմանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այդքան մոտ չեն եղել համաձայնությանը, նրանց միջեւ մնում են չլուծված տարաձայնություններ»։

«Նման պայմաններում որոշակի առումով կարելի է հասկանալ համանախագահների ձանձրույթը, ինչն ինձ էլ ծանոթ է. հսկայական ջանքեր համանախագահների, երկու երկրների նախագահների հանդիպումների ուղղությամբ։ Համանախագահները հիասթափված են, որ երկու նախագահներն իրար ընդառաջ գնալու ուղիներ չեն գտնում։ Դրա համար էլ համանախագահները ստիպված էին, եւ դա նորմալ է, որ ԵԱՀԿ փոխգործողության շրջանակներում զեկուցեցին այդ մասին», նշեց պրն Կազիմիրովը։

«Ազգի» հարցին, թե որքանով՞ է նպատակահարմար եւ ժամանակին բանակցային եւ մշակման փուլում գտնվող փաստաթղթի նման հատվածական հրապարակումը, պրն Կազիմիրովը պատասխանեց. «Ինչպես ասում ենՙ կիսահղի չեն լինում։ Կամ պետք է ամբողջությամբ հրապարակել փաստաթղթերը, կամ պահպանել գաղտնիության սկզբունքը։ Ներկայումս իրավիճակը կիսատ է. նախ Բրայզայի հարցազրույցը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակայնացումը։ Երկուսն էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված փաստաթղթի միայն մի հատվածն են։ Շարունակե՞լ հրապարակայնացումը, թե՞ դադար տալ, կորոշեն համանախագահներն ու կողմերը։ Բայց վերջին տեղեկություններով, օրինակ, Սերժ Սարգսյանը կողմ է արտահայտվել ամբողջական հրապարակմանը։

Ես ամեն դեպքում հիշեցնեմ, հիացած չէի, որ 1997-98 թթ. Հեյդար Ալիեւը հրապարակեց այդ ժամանակվա բոլոր երեք փաստաթղթերը եւ մեկ-երկու օր անց նույն բանն արեց Երեւանը։ Ամեն դեպքում, հանրությունը որոշակի պատկերացում կազմեց, թե ինչպես էին զարգանում բանակցությունները եւ ինչպես էին արվում առաջարկություններ։ Բայց մի մոռացեք, որ 1997-98 թթ.-ին բոլոր առաջարկներըՙ փաթեթային, փուլային եւ ընդհանուր պետության, ներկայացվում էին հակամարտության երեք կողմերին։ Ներկայումս համանախագահների առաջարկները ներկայացված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ ոչ թե հակամարտության բոլոր կողմերին»։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4