«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 28-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ ժամ տեւած լսումների ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդը, պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերին, հայտարարել է, որ «վարչակազմում որեւէ մեկը երբեք չի հերքել, որ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել»: Սակայն, նրա խոսքերով, «վարչակազմի դիրքորոշումը հստակ է, եւ հաստատվելու դեպքում ես իրականացնելու եմ ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին եւ Ղարաբաղի հարցին, Հոգլանդը խոստացել է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը, նշելով, որ շատ կարեւոր է Ղարաբաղի հարցի խաղաղ լուծումը:

Հոգլանդը նաեւ մտահոգություն է հայտնել, որ հայաստանյան ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, եւ ասել է, որ 2007, 2008 թվականների ընտրություններից առաջ ջանքեր կգործադրի Հայաստանում ընտրական բարեփոխումներ իրականացնելու համար:

«Կարեւորն այն է, որ հանձնաժողովի նիստին ներկա բոլոր սենատորները անհանգստություն հայտնեցին, որ ԱՄՆ վարչակազմը չի արտասանում «ցեղասպանություն» բառը: Սենատոր Ալենը նույնիսկ ասաց, թե հավատացած է, որ հետագայում Միացյալ Նահանգները այդ իրադարձությունները կճանաչի որպես ցեղասպանություն», «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ըստ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի, «սենատորները Հոգլանդին դրեցին դժվարին կացության մեջ` ասելով, թե անհնար է, որ մեկը, օրինակ, լինի ԱՄՆ-ի դեսպան Իսրայելում եւ չճանաչի հրեաների Ողջակիզումը»: Սասունյանի խոսքերով, դեսպան Հոգլանդը ստիպված էր ասել, որ «հաստատման դեպքում ներքին կարգով կիրականացնի քայլեր, որ ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխվի»:

Հաջորդ քայլը հանձնաժողովի 18 անդամների կողմից Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացումն է: Պաշտոնում հաստատվելու համար հարցը վերջնական քննարկման է դրվելու Սենատի լիագումար նիստում: Հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի գոնե մեկ սենատոր պահանջի սառեցնել հաստատումը, քանի դեռ չի տրվել նախկին դեսպան Ջոն Էվանսին ազատելու մասին որոշման պաշտոնական բացատրությունը:

Հայաստանյան եւ ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս կարծիք են հայտնել, որ Ջոն Էվանսը վաղաժամկետ հետ է կանչվում Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու պատճառով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4