«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ԲԱՆԱԿԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄՆ Է

Նոր Նորքի բարձունքում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը երեկ զինված ուժերը համալրելու ճանապարհեց 259 կուրսանտների, որոնց հանձնվեցին ուսադիրներ ու ավարտական դիպլոմներ: Ինստիտուտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանն իր ելույթում անդրադարձավ 12 տարվա պատմություն ունեցող ռազմական ուսումնական դարբնոցի գործունեությանը, որով մեծ դեր է խաղացել ու զգալի ներդրում ունեցել ՀՀ զինված ուժերի կադրերի պատրաստման գործում:

Շրջանավարտներին ողջույնի խոսք հղեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը. «Մեր բանակի կյանքում կարեւոր իրադարձություն է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հերթական շրջանավարտների ավարտական հանդիսությունը, որով մեր բանակի սպայական շարքերը համալրող 439 սպաներից 259-ն այս ռազմական ինստիտուտից են: Եվ արդեն հստակ կարող եմ ասել, որ հայկական բանակը համալրված կլինի մասնագիտական կրթություն ստացած բարձրակարգ սպաներով: Այսօր հայկական բանակի առջեւ ծառացած է երկու խնդիր, առաջինըՙ պահպանել եւ էլ ավելի բարձրացնել մեր բանակի մարտունակությունը, դրանով իսկ հնարավորություն տալով երկրի ղեկավարությանը արժանապատիվ բանակցություններ վարելու մեր հակառակորդի հետՙ Ղարաբաղի խնդրին մեր ժողովրդի համար բարենպաստ եւ արդար լուծում տալու համար: Երկրորդՙ շարունակաբար կատարելագործել մեր զինված ուժերը, որպեսզի հայ զինվորը ոչնչով չզիջի աշխարհի զարգացած երկրների բանակներին»:

Կուրսանտներից շնորհակալական խոսքն ասաց Նարեկ Նալբանդյանը, որը մանկատնից գալով ռազմական ինստիտուտ, զգացել է հարազատ օջախի համն ու այսօր հրաժեշտ տալով իր տանըՙ խոստացավ միշտ բարձր պահել սպայի կոչումն ու պայքարել հանուն հայրենիքի: Տպավորիչ էր կուրսանտների խրոխտ ու համաչափ քայլքը շքերթի ժամանակ, որը տերունական եւ պահպանիչ աղոթքով բացեցին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպս. Քամալյանը եւ Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ տեր Նորայրը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4