Մեր պետական կառավարման մարմինները, ամենավերին օղակից մինչեւ ամենաստորինը, հաճախ ընդունում են որոշումներ, որոնց ճակատագիրն ի սկզբանե պարզ էՙ դրանք մեռելածին են եւ մնալու են թղթի վրա: Վերոհիշյալ որոշումների թվին կարելի է դասել երեկ կառավարության հաստատած «Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» որոշումը, որը լրագրողներին ներկայացրեց առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Կառավարության ընդունած կարգը «գործատուին իրավունք է վերապահում» ստեղծել աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանման հարցերով հանձնաժողով: Ըստ Արտավազդ Վանյանի, այդ հանձնաժողովը, որի մեջ հավասար չափով պետք է ընդգրկված լինեն գործատուի, արհմիությունների եւ ձեռնարկության աշխատողների ներկայացուցիչները, նպատակ ունի աջակցել գործատուինՙ աշխատողների անվտանգության ապահովմանը եւ առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ապահովել այս առնչությամբ աշխատողների մեծամասնության կարծիքի ձեւավորմանն ու ներկայացմանը եւ այլն, եւ այլն: Տեսչության պետի կարծիքով, այս հանձնաժողովի ստեղծումը կամավոր լինելով հանդերձ, օժանդակում է գործատուներին, հատկապես խոշոր ձեռնարկություններին, որ նրանք ունենան ամբողջական տեղեկատվություն իրենց աշխատողների առողջական վիճակի վերաբերյալ: Միչդեռ ակնհայտ է, որ գործատուներին, չհաշված չնչին բացառությունները, մեղմ ասած, ամենեւին էլ չեն հետաքրքրում իրենց աշխատողների առողջական խնդիրները, եւ այս որոշումը նրանց բոլորովին էլ անհրաժեշտ չէ: Ավելին, այս կարգը ավելորդ գլխացավանք կստեղծի նրանց համար, եւ թերեւս այդ հանգամանքը նկատի ունենալով էլ կարգից օգտվելը կառավարությունը սահամանել է կամավոր սկզբունքներով:
«Ազգի» հարցին, թե ինչո՞ւ նման հանձնաժողով ստեղծելու կարգը չի պարտավորեցնում գործատուներին, այլ թողնվում է նրանց կամեցողությանը, պատասխանեց, որ օրենքով այդ դրույթը արդեն սահմանված է, եւ գործող կարգն ընդունվել է ըստ օրենքի 253-րդ հոդվածի: Ի դեպ, այս պատասխանը նույնպես տիպական է հայ չինովնիկների համար: Երբ որեւէ անտրամաբանական դրույթի առկայության մասին հարց է ուղղվում, ապա դա բացատրվում է նրանով, որ օրենքն արդեն ընդունված է, իսկ երբ մինչ օրենքի ընդունվելն է նման հարց ուղղվում, ապա պատասխանում են, որ չեն ցանկանում մեկնաբանություն տալ մինչ օրենքի ընդունումը:
Այդուհանդերձ, հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետը հույս հայտնեց, որ հանձնաժողովները միանգամից չեն ստեղծվի, բայց փուլ առ փուլ կստեղծվեն: Կարծում ենք, որ այս լավատեսության համար առանձնապես հիմքեր չկան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ