Որոնումներ անցյալի արժեքներում
Վերազգեստավորված կերպարները գեղանկարչական գունաձեւերի մեջ ստացել են արխայիկ նկարագիր: Իրականում իրենք մեր ժամանակակիցներն են: ժամանակի դեմ ընդվզումը, որ բարքերի ու ձեւավորված հարաբերությունների ծնունդ է, արվեստագետի հայացքը ուղղում է վաղ անցյալ: Նկարիչ Կայծ Վանիկյանը իր հերոսների հետ փնտրում է արժեքներ` մոռացված անցյալում, մարդկային հոգու որակներ, որոնք իրականում երբեք չեն փոխվում, բայց եւ կարող են դուրս մղվել հիշողությունից, որից էլ ծնվում ու խորանում է շրջապատի քաոսը: Այդ մոռացվածը հետ բերելու ազնիվ մղումով նա ստեղծում է կերպարներ, որոնցում քնքշությունն ու թախիծը, հեզությունն ու համբերությունը իրենց դարձնում են հնաբույր, զերծ ագրեսիայից ու անտարբերությունից, բայց ապրող, զգացող էակներ: Կայծ Վանիկյանի առաջին անհատական այս ցուցահանդեսը «Արամե» պատկերասրահում բավականին զգացմունքային գունապատկեր է գոյացրել, որը ներքին տրամադրություն ու սյուժետիկ գիծ ունի: Նկարիչը փնտրում է գոյություն չունեցողը, իր գույնի լույսը արտահայտում է մարդու ներքին էներգիան, որը եւ կերպարներին քնարական շունչ է հաղորդում («Հրաշքին սպասողը», «Հույս», «Հանելուկային կին»): Գունային թանձրաշերտերը, հարուստ ֆակտուրան դինամիկ վիճակներ են ստեղծում, մութ ֆոները միանգամից լուսավորվում են դեղինի ամենատարբեր արտահայտություններով` կտավներն ասես մայրամուտի արեւալույսով ողողված, իրենց պայծառությամբ տրամադրող մթնոլորտ են ստեղծում. նկարիչը գունային սյուժե է հորինում` դեղինի սիմֆոնիա:
Իր նկարչության ազդեցությունները ակնհայտորեն գալիս են վաղ եւ միջին Վերածննդի շրջանից (Մազաչո, Ռեմբրանտ): Ոճը, գունաձեւերը, սլացիկ, հպարտ կեցվածքները հատուկ են Վերածննդի վարպետների գործերին. «Սա Վերածննդի վարպետներին դիմելու նոր եղանակ է: Անցյալի խնդիրներ է փորձում լուծել, թե՞ ապագայի: Այս շրջանի մեջ նա իր իդեալներն է որոնում եւ փախուստ տալիս այսօրվա իրականությունից», այսպիսի մոտեցում ունի Սուրեն Դանիելյանը:
Չնայած իր առաջին անհատականին Երեւանում` Կայծ Վանիկյանը միջազգային մի քանի ցուցահանդեսների փորձ ունի արդեն` ԱՄՆ, Հոլանդիա, Իտալիա, որտեղ, ինչպես ինքն է ասում, բավականին լավ է ընդունվել: Սակայն արվեստի ավելի խոր ընկալում ցուցաբերում է հայ հանդիսատեսը: Ինքը սա պայմանավորում է մեր պահպանողականությամբ: Գույնը իր համար արտահայտչամիջոցներից մեկն է, որ կարող է ուժեղացնել կամ թուլացնել տրամադրությունը, մտահղացումից է ծնվում գույնի ու ձեւի կոմպոզիցիան:
«Կայծ Վանիկյանը անցել է հոգեւոր ինքնամաքրման ճանապարհ: Դիմում է ոչ միայն աստվածաշնչյան թեմաների, առաքյալներին, այլեւ պարզ մարդկանց, որոնք իրենց հոգու խորքում նույն զգացումը, նույն կրակը, նույն տվայտանքը ունեն եւ նրանք ոչինչ չունեն, գլուխը դնելու տեղ չունեն, սակայն եւ շարժում են նկարչի հետաքրքրասիրությունը, որովհետեւ մաքուր են, ու ինքն էլ անկեղծորեն է պեղել այդ ներաշխարհը: Եվ ահա ուզում է նրանց վերադարձնել նախնական պարզ, բայց մոռացված վիճակները: Իր ստեղծած կերպարները ճշմարիտ են, որովհետեւ արվեստագետի ներսից, հոգուց են ծնվել: Այս ամենի մեջ ոչ այնքան իմաստ, որքան խորհուրդ է պետք փնտրել: Որովհետեւ ցուցահանդես բացել, նշանակում է մերկանալ» (Սարո Սարուխանյան):
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ