«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


«ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ». ՀԱՄՈԶՎԱԾ Է ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ

Աշխարհի հնագույն պետություններից մեկի` Հայաստանի, նրա պատմական անցյալի, վերջին տարիներին նրա առջեւ ծառացած քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր խնդիրներին, հատկապես Արցախի, ինչպես նաեւ Ջավախքի հիմնախնդիրներին է նվիրված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական ֆիլմը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Նոր եւ արխիվային կադրերով ստեղծված 42 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է 2006 թ` կես տարում, որը, կինոռեժիսորի խոսքերով. «Ճչալու փորձ է եւ սթափեցնելու խթան»: Սակայն ինչպես ֆիլմի հեղինակն է հավաստում, ֆիլմը ոչ թե սենտիմենտալ, էմոցիոնալ գործ է, այլ պատմությունը վերանայելու եւ ապագան կանխազգալու փորձ:

«Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական ֆիլմն սկսվում է Հայաստան աշխարհի` որպես աշխարհի հնագույն քարտեզներում եղած պետության ներկայացմամբ, որը չնայած իր դաժան ճակատագրին` դարեր շարունակ գոյատեւել է, որովհետեւ այն այլ ժողովուրդներին քաղաքակրթելու առաքելությամբ է օժտված: Այնուհետեւ ֆիլմի հեղինակը անդրադառնում է հայ ժողովրդի համար խիստ կարեւոր պատմական մի շարք անցքերին եւ հասնում հայկական պատմական տարածքներից Արցախի ազատագրմանը:

Ցույց տալով, որ հարկ եղած դեպքում մենք կարողանում ենք միավորվել, կինոռեժիսորը զուգահեռական է տանում Ջավախքի այժմյան խնդրի հետ` հետզհետե խորանալով ստեղծված իրավիճակում: Ընդգծելով Ջավախքի հայաբնակների կյանքի եւ կենցաղի վատթար վիճակը` Տիգրան Խզմալյանը նկարագրում է հատկապես վերջին տարիներին վրացական կողմի վերաբերմունքը հայերի նկատմամբ: Ֆիլմը հանգամանորեն ներկայացնում է «եղբայրական Վրաստանի» հայկական պատմամշակութային արձանների ու հոգեւոր կենտրոնների «վրացականացման» քաղաքականությունը, որին պաշտոնական Երեւանը պատասխանում է լռությամբ: Վերջում, ընդգծելով Արցախի ազատագրումը, կինոռեժիսորը կարծես հարց է բարձրացնում Ջավախքի հիմնախնդրի լուծման անհրաժեշտության մասին:

«Բոլոր հարցերի լուծումները կան, բայց մի նախապայմանով` ժողովուրդը եւ իշխանությունը պետք է լինեն միասնական», փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրումից հետո ասաց կինոռեժիսորը: Նա ցավ է ապրում, որ ազգի համար կարեւոր որոշումների կայացումը երկու-երեք անձանց մենաշնորհն է: Տիգրան Խզմալյանը նշեց նաեւ, որ ինքը չի զարմանա, եթե այս ֆիլմի ցուցադրումը նույնպես մերժվի` արժանանալով նախկին ֆիլմերի ճակատագրին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4