«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2006-06-28 | #120, 2006-06-29 | #121, 2006-06-30


ԱՍՏՎԱԾԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ԴԻՎԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Ոմանք հավատում են երազներին, նաեւ ապագան «տնօրինող» թալիսմանների զորությանը եւ այլն: Ճի՞շտ են նրանք, թե՞ մոլորյալներ: Ո՞ւմ եւ ինչի՞ն պետք է հավատալ` նշանների՞ն, թե՞ Աստծու խոսքին: Հարցերին պատասխանում է Կոտայքի թեմի Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Կյուրեղ քհն. Տալյանը:

- Տեր հայր, նշանված ժամանակ կորցրեցի նշանդրեքի մատանիս: Հարազատներս խորհուրդ տվեցին չամուսնանալ, համարելով կորուստը աստվածային նախազգուշացում: Չլսեցի: Հետագայում անհաղթահարելի պատճառներով բաժանվեցի: Նման նշաններ էլի են պատահել, բայց քանի որ հաշվի չեմ առել, կարծես մի աներեւույթ ձեռք պատժել է ինձ: Ինչպե՞ս կմեկնաբանեք (Ս. Մ. 34 տ., Երեւան):

- Միանշանակ դժվար է ասել: Դրանք կարող են լինել զգուշացումներ, բայց մեծ մասամբ մենք դրանք կապում ենք չարի հետ, անսալով Ավետարանին, ուր ասվում է, որ ամեն երկնային բան չէ, որ Աստծուց է: Այսինքն, դրանք կարող են դիվական չար ուժերի գործեր լինել: Մեր ժողովրդի մեջ շատ է ընդունված. աղը թափվեցՙ կռիվ է լինելու, հայելին կոտրվեց` մահ կլինի, եւ այլն: Այս ամենը կոչվում է սնահավատություն, որը մերժելի է եկեղեցու կողմից որպես ոչ աստվածային երեւույթ: Իսկ ինչպե՞ս զանազանել: Եթե որեւէ նշան ու երազ զղջումի, ապաշխարանքի, դեպի Աստված դարձի կոչ է, վստահաբար Աստծուց է, մնացյալին խորհուրդ չէի տա հավատալ:

- Որքան տեղյակ եմ, մեր դավանաբանությունը չի ընդունում բախտագուշակությունն ու սուրճի բաժակ նայելը: Հնարավոր չէ՞ այդ անընդունելի գործողությունների դեմ այնպիսի քարոզչություն տանել, որ դրանք վերանան (Արկադի Դարբինյան, Երեւան):

- Քարոզչություն միշտ էլ տարվել է եւ հիմա էլ ընթացքի մեջ է թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլով, թե՛ քարոզխոսությունների ժամանակ, բայց մարդիկ հետ չեն կանգնում իրենց հեթանոսական սովորություններից, քանի որ սովորությունը բնավորություն է դաստիարակում, բնավորությունը` կյանքի ճանապարհ դառնում: Ավետարանում ասվում է` ականջ ունեցողը թող լսի, աչք ունեցողը թող տեսնի: Ցավոք, շատերն են գերադասում փոխաբերական իմաստով ասված այս անդամալուծությունը եւ ո՛չ տեսնում են, ոչ էլ լսում: Օրինակ, իմ ծխից մի կնոջ քանիցս բացատրեցի, հորդորեցի հետ կանգնել այդ մոլորությունից, սակայն անօգուտ: Նա հիմնավորում էր, թե ինքը դրանով իր հացի փողն է վաստակում: Ի վերջո, ստիպված եղա նրան հեռացնել եկեղեցուց, որ չպղտորի հավատացյալ մարդկանց:

- Հորաքույրս գրբաց է, նաեւ գիր է անում բարի նպատակներով: Մի՞թե նա կախարդ է (Մարիամիկ, 27 տ.):

- Սեւ ու սպիտակ մոգություն, չար ու բարի գիր անողներ, սրանց համարում եմ մանկական հեքիաթների ժանրից, բայց հղի իրական վտանգով, քանի որ այս ամենի աղբյուրը չարն է: Բարի նպատակով կախարդություն չեն անում, այլ բարիք են գործում: Ցավոք, սիրելի Մարիամ, հորաքույրդ ոչ աստվածահաճո խաբեության ճանապարհն է բռնել:

- Դուք մի անգամ մկրտություն անելիս հանել եք տվել աչքի հուլունքը երեխայի վրայից, ինչո՞ւ:

- Այո, եւ երբեմն խիստ եմ խոսում, որ լսելի լինեմ անհնազանդներին: Վստահ եմ, որ երբ մկրտվող մարդու մեջքին մյուռոնով խաչ ենք դնում եւ ասում` սա թող լինի ամուր վահան, որով կարողանաս սատանայի կրակոտ նետերից (այսինքն` հարձակումներից) պաշտպանվել, այլեւս պետք չկա նրան խաղալիքներով «զինել»: Մինչդեռ անգիտակից մարդիկ աստվածային դրոշմը` մյուռոնը քիչ համարելով, դիմում են աչքի հուլունքների: Ոմանք էլ փուշ, ավել ու նալ են խփում դռների առաջ: Սա մոլորությունների համաճարակ է, որ սերնդեսերունդ փոխանցվում է` իր մեջ չունենալով քրիստոնեական նշույլ անգամ: Շատ ձեռներեցներ էլ օգտվում են պահանջարկից ու արտադրում աչքի տարատեսակ հուլունքներ, հեթանոսական խաղալիքներ ու դրամ են շահում: Մշտապես հորդորս է եղել մեր սիրելի հավատացյալներին` չլինի թե Աստծու ողորմությունը, նրա սուրբ դրոշմը արհամարհեք, դիմելով ուրիշ ուժերի ու խաղալիքների, որովհետեւ ձեր չիմացությամբ պիտի Աստծու ողորմությունից զրկվեք:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ձեր հարցերը հոգեւորականին կարող եք ուղղել հետեւյալ հասցեներովՙ Երեւան, Հանրապետության 47, կամ column@azg.am:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4