Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 12-րդ տուրի հանդիպումները: Իր հաղթարշավն է շարունակում երկրի չեմպիոն «Փյունիկը», որը հերթական խաղը շահեց «Ուլիսից»: Առաջնության հետնապահի հետ մրցախաղում փյունիկցիների առավելությունն ակնհայտ էր, որոնք հաղթեցին 3-1 հաշվով: «Փյունիկից» գոլերը խփեցին Ալեքսանդր Պետրոսյանը, Լեւոն Փաչաջյանը եւ Աղվան Մկրտչյանը: «Ուլիսը» խոշոր հաշվով պարտությունից խույս տվեց ավելացված ժամանակում, շնորհիվ Վահրամ Լոբյանի խփած գոլի:
Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները «Հրազդանում» հյուրընկալել էին «Շիրակին»: Մինչ այդ հանդիպումն արարատցիները երեք անընդմեջ հաղթանակ էին տոնել, իսկ շիրակցիները չորս խաղ պարտվել էին: Թվում էր, թե այս անգամ էլ արարատցիները կհասնեն հաջողության: Սակայն շիրակցիները կարողացան դիմագրավել դաշտի տերերի ճնշմանը: Իսկ երկրորդ խաղակեսում գյումրեցի ֆուտբոլիստները բավական ակտիվացան եւ սկսեցին անհանգստացնել «Արարատի» դարպասապահին: Առաջին գոլային լուրջ պահը «Շիրակը» ստեղծեց 71-րդ րոպեին, երբ Կարեն Խաչատրյանը մեն-մենակ հայտնվեց դարպասի դիմաց: Նրա հարվածը հետ մղեց Էդիկ Երիցյանըՙ փրկելով «Արարատին» վերահաս գոլից: Սակայն երբ 5 րոպե անց դարպասապահի դիմաց դուրս եկավ Անդրանիկ Բարիկյանը, այս անգամ Երիցյանն անկարող էր փրկել դրությունը: Քիչ անց Վարդան Բիչախչյանը կարող էր վերջնականապես վճռել հանդիպման ելքը, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին:
Իրադարձությունների նման ընթացքն անակնկալ էր արարատցիների համար: Նրանք ունենալով խաղային զգալի առավելություն, այդպես էլ արդյունքի չէին կարողանում հասնել: Եվ միայն մրցավարի ավելացրած ժամանակում արարատցի Վահագն Մինասյանին հաջողվեց թիմին փրկել պարտությունից: «Արարատը» թանկարժեք 2 միավոր կորցրեց, սակայն եթե անկեղծ լինենք, ապա առաջին հերթին «Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը:
Երկրի գավաթակիր «Միկան» հյուրընկալվել էր «Կիլիկիային», որը վերջին շրջանում անկայուն ելույթներ է ունենում: Այդ խաղում «Կիլիկիայի» կազմում հայտավորված էր ընդամենը 13 ֆուտբոլիստ: Ինչպես խաղից հետո նշեց թիմի ավագ մարզիչ Աշոտ Բարսեղյանը, «Կիլիկիայում» սերնդափոխություն է ընթանում: Թիմի կազմում չեն Էրզրումյան եղբայրները, որոնք հիմնական հարվածային ուժն էին ներկայացնում: Սակայն չնայած այս ամենին, «Կիլիկիան» լուրջ դիմադրություն ցույց տվեց «Միկային», որի խաղն այս անգամ տպավորություն չգործեց: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը դա բացատրեց ֆուտբոլիստների հոգնածությամբ, նաեւ ինչ-որ տեղ մրցակցին թերագնահատելու հանգամանքով: Ճիշտ է, «Միկային» ի վերջո հաջողվեց հաղթանակ տոնել: Դրանում մեծ էր Արմեն Շահգելդյանի ներդրումը, որն, անկասկած, լավագույնն էր խաղադաշտում: Նա, նախ իրացրեց 11 մ հարվածը, ապա հիանալի փոխանցումով հարվածի դուրս բերեց Դավթյանին, որն էլ խփեց հաղթական գնդակը: Իսկ առաջինը հաշիվը բացել էր «Կիլիկիան». աչքի էր ընկել Էդուարդ Վարդանյանը:
Կապանում «Բանանցը» 4-1 հաշվով ջախջախեց «Գանձասարին»: Չորս գոլ խփեց Արամ Հակոբյանը, մեկականՙ Վահե Թադեւոսյանը, Արտակ Օսեյանը եւ Սերգեյ Սիզիխինը: «Գանձասարից» միակ գոլը խփեց Արտյոմ Բեռնեցյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 12 | 11 | 1 | 0 | 40-9 | 34 |
2. Միկա | 12 | 8 | 1 | 3 | 20-11 | 25 |
3. Բանանց | 12 | 7 | 1 | 4 | 31-13 | 22 |
4. Արարատ | 12 | 5 | 3 | 4 | 16-19 | 18 |
5. Գանձասար | 12 | 3 | 2 | 7 | 9-25 | 11 |
6. Կիլիկիա | 11 | 2 | 3 | 6 | 16-23 | 9 |
7. Շիրակ | 11 | 1 | 5 | 5 | 7-29 | 8 |
8. Ուլիս | 12 | 2 | 0 | 10 | 12-22 | 6 |
Ռմբարկուները
Արամ Հակոբյան | «Բանանց» | 12 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 9 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 8 |
Էդգար Սաֆարյան | «Արարատ» | 7 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 7 |
Բորիս Մելքոնյան | «Փյունիկ» | 5 |
Նշան Էրզրումյան | «Կիլիկիա» | 5 |
Աղվան Մկրտչյան | «Փյունիկ» | 5 |
Վահե Թադեւոսյան | «Բանանց» | 5 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ