«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2006-06-29 | #121, 2006-06-30 | #122, 2006-07-01


ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏ

Ամերիկացի համանախագահ Բրայզան տարերքի մեջ է

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իսկապես կիսահղի չեն լինում, ինչպես «Ազգի» երեկվա համարում նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Պարզապես, եթե Կազիմիրովի այդ խոսքն ընդհանուր առմամբ վերաբերում էր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտումներին, այլեւ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի հայտարարությանը, ապա այս դեպքում արտահայտությունը մեկ հասցեատեր ունիՙ Մեթյու Բրայզա: Ամերիկացի համանախագահը կարծես դժգոհ է մնացել իր առաջացրած իրարանցումից եւ որոշել է էլ ավելի խառնել իրավիճակը:

Բրայզան հանդես է եկել նույն «Ազատությանը» տված երկրորդ հարցազրույցով: Հարցին, թե որքանով է առաջին հարցազրույցի առաջացրած իրարանցումը զարմացնում ամերիկացի նորանշանակ համանախագահին, Բրայզան պատասխանել է, որ զարմացած չէ, քանի որ համանախագահները, այդ թվում իր նախորդ Սթիվեն Մանը, գիտեին, որ Մանը համանախագահ էր մինչեւ Բրայզայի հարցազրույցի օրը պարտականությունները ստանձնելու պահը: «Մանը գիտեր, որ իրենց հենց նոր արած հայտարարությունը ԵԱՀԿ-ում մեծ նշանակություն ունի, մարդկանց կստիպի կրկին մտածել եւ տարածաշրջանում կհարուցի առողջ բանավեճ»:

Որքան էլ տարօրինակ է, Բրայզան իր այդ պահի վիճակը որակել է աննախանձելի, քանի որ դրանից մեկ ժամ առաջ էր ստանձնել պաշտոնը եւ պետք է բացատրեր մինչ այդ ուրիշների ընդունած որոշումը: Մինչդեռ ավելի տրամաբանական կլիներ, եթե Բրայզան աննախանձելիությունը վերագրեր հասկացությունների եւ սկզբունքների կիսատ-պռատ ներկայացնելու հանգամանքին: Ամեն դեպքում Բրայզան չի զարմացել իր իսկ խոսքերով սկսված առողջ բանավեճից:

Հետաքրքրական է, թե Բրայզան առողջ բանավեճ ասածն ինչ նկատի ունի եւ իր հատվածական մեջբերումներով հայտարարությունն ավելի շուտ կոնկրետ նպատակի ուղղված դիտավորություն որակվեց, այլ ոչ թե համանախագահների որոշում: Ավելին, Բրայզայի զարմանքն է հարուցել այն, որ մարդիկ արագ արձագանքել են հարցազրույցին, առանց ծանոթանալու Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահների հրապարակած փաստաթղթին, որտեղ ամեն ինչ, ըստ Բրայզայի, շարադրված է ավելի հանգամանորեն:

Ելնելով Հայաստանի եւ Ադրբեջանի մեկնաբանություններից, թե հանրաքվեի անցկացման հարցում համաձայնությունը ձախողողը հակառակ կողմն է, Բրայզան նման հարցին ի պատասխան չի անդրադառնում կողմերի կարծիքներին ու հայտարարություններին, նշելով, որ երկու տարում համանախագահների, Քոչարյանի ու Ալիեւի, արտգործնախարարների մշակած առանցքային սկզբունքները վերջնականապես չէին ստացել երկու նախագահների համաձայնությունը:

Ամերիկացի դիվանագետի խոսքերով, երկու նախագահները կիսում են համաձայնության չհասնելու պատասխանատվությունը: Եվ ինչն ավելի կարեւոր է, Բրայզայի մատուցմամբ, նախագահները յուրաքանչյուր պահի ուղղակի կարող են ասել, թե համաձայն են առանցքային սկզբունքներին կամ կհամաձայնեն որոշ փոփոխություններ կատարել եւ այդ կերպ ընդունել այս փաթեթը:

Խոսելով Ալիեւի հունիսի 23-ի արած հայտարարության մասին, թե միջազգային միջնորդների ջանքերն անհույս են, եւ Ադրբեջանը կվերադարձնի Ղարաբաղըՙ դիմելով բոլոր անհրաժեշտ միջոցներին, Մեթյու Բրայզան նման հայտարարությունները որակել է սովորական եւ կրկնել, որ «խոսակցություններըՙ Ղարաբաղն ուժով վերագրավելու կամ որեւէ կողմից ուժի կիրառման մասին պարզապես օգտակար չեն, դրանց անհրաժեշտությունը չկա, քանի որ սեղանին կենսունակ շրջանակային համաձայնագիր է, որը պարզապես մի փոքր ավելի քաղաքական խիզախություն է պահանջում կողմերիցՙ փոխզիջում ձեւավորելու համար»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վիճահարույց դրույթը, թե այլեւս իմաստ չկա շարունակելու վերջին մի քանի ամիսների ինտենսիվ դիվանագիտային միջնորդությունը, Բրայզան փաստի արձանագրում է համարում: Իսկ փաստն, ըստ ամերիկացի դիվանագետի, այն է, որ համանախագահները գործադրել են ողջ երեւակայությունն ու բանակցային եռանդը, հնարավորինս հղկել են առանցքային սկզբունքների այս շրջանակն այնպես, որ նախագահներին շատ ժամանակ պետք չէ մեկ անգամ էլ խորհրդածելու եւ որոշելու համարՙ ուզում են, թե չեն ուզում ընդունել կամ համաձայնեցնել այս շրջանակային համաձայնագիրը: Մեկնաբանելով հայտարարության այդ հատվածը, Բրայզան նշում է, որ ըստ այդմՙ «այլեւս տեղ չի մնացել դիվանագիտական երեւակայության համար, որպեսզի մետաղյա այս կտորը փոքր-ինչ վառ փայլի»: Փաստացի ամեն ինչ թողնված է նախագահներին:

Ընդգծելով Քոչարյանին եւ Ալիեւին լավ ճանաչելու եւ նրանց հավանելու հանգամանքը, Բրայզան հայտարարել է, որ բանակցային գործընթացն ընդմիշտ չի մահացել, պարզապես համանախագահները գործընթացի այս փուլն առաջ են մղել այնքան, որքան կարողացել են:

Ինչ վերաբերում է իրավիճակի թեժացմանն ու կրքերին ընդհանրապես, ապա Բրայզան գտնում է, որ անբարենպաստ ժամանակի կամ բարձր լարվածության պատճառաբանությամբ համաձայնություն ձերք չբերելը շրջաբերականի նման է դարձել, թեեւ փաստի արձանագրություն է: Այնուհետեւ ամերիկացի համանախագահի կարծիքը լարվածությունը թուլացնելու առնչությամբ հնչում է միանշանակ այն համատեքստում, որ հայկական ուժերի դուրսբերումը կթուլացնի լարվածությունը: «Բայց հայերն իրենց ուժերը դուրս չեն բերի, եթե մենք պարզապես ասենքՙ դուրս բերեք, որովհետեւ դա կթուլացնի լարվածությունը: Նրանք դա կանեն, եթե դրա դիմաց որեւէ բան ստանան եւ հենց դրան են վերաբերում այս առանցքային սկզբունքները», նշել է ամերիկացի համանախագահը:

Իսկ թե համարժեք ի՞նչ կարող է առաջարկվել հայկական ուժերի դուրսբերման դիմաց, Բրայզան հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «հիանալի հայտարարությունը», որին ինքը չի մասնակցել: «Զորքերի դուրսբերման համար գործածված է ապառազմականացում բառը եւ դա պետք է կամ կարող է ուղեկցվել մի գործընթացով, որը կհանգեցնի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցովՙ բնակչության քվեարկությամբ կամ հանրաքվեի: Կարծում եմ, հայերի համար դա չափազանց կարեւոր է, ուստի ադրբեջանական կողմը հայերին կարող է հենց դա առաջարկելՙ հայտարարության այդ դրույթների հետ: Դառնալով ադրբեջանական կողմին, կարծում եմ, որ նրանք պատրաստ են քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցով քվեարկության ձեւի հարցը, եթե առկա են փաթեթի ընդգրկած բազմաթիվ այլ տարրեր: Բարդությունն այստեղ այն է, թե ինչպես համաձայնեցնել հայկական ուժերի դուրսբերումը կամ վերատեղակայումը Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցով քվեարկության ժամկետի հետ»: Բռավո, Մեթյու Բրայզա:

Ի վերջո հարցազրույցի ամբողջ տեքստում միակ հատվածը հենց այս «բարդությունն» է, որ Բրայզան ներկայացնում է բավականին հստակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4