«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2006-06-29 | #121, 2006-06-30 | #122, 2006-07-01


ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԶԵՐԻ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվան ու Անկարան հանգել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եզրակացությանը

Երեկ ավարտվեց Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի Ռուսաստան կատարած եռօրյա այցը, եւ նա Սանկտ Պետերբուրգից վերադարձավ Անկարա: Ինչպես ենթադրվում էր, այցն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում: Ինչ վերաբերում է «պատմական» բնույթին, ինչն այցի նախօրյակին փորձում էին հաղորդել թուրքական թերթերը, ապա դրա համար անհրաժեշտ էր, որ ռուս-թուրքական մերձեցումը վերածվի քաղաքական բնագավառում երկու երկրների միջպետական համագործակցության:

Միջպետական համագործակցությունը ենթադրում է դրա համապատասխան պայմանագրով ամրագրումը: Մինչդեռ Սեզերի այցի ընթացքում չի ստորագրվել նույնիսկ առեւտրատնտեսական որեւէ համաձայնագիր: Պարզապես կողմերը հաստատել են ռուս-թուրքական մերձեցումը խորացնելու Անկարայի ու Մոսկվայի վճռականությունը, հայտնելով էներգետիկայի բնագավառում համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու վճռականություն:

Թուրքական կողմը Սեզերի այցից ակնկալում էր, որ Ռուսաստանը Կիպրոսի հարցում կաջակցի Թուրքիային, նպաստելով «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» դուրսբերմանը միջազգային մեկուսացվածությունից: Քանի որ այցի ավարտին թուրքական մամուլն այդ մասին չի հիշատակում, ուստի պետք է ենթադրել, որ Մոսկվան չի արդարացրել Կիպրոսի հարցի առնչությամբ Սեզերի այցի հետ կապված Անկարայի ակնկալիքները:

Այս ամենը հիմք է տալիս նշելու, որ ռուս-թուրքական մերձեցման պարագայում համընկնում են երկու երկրների մարտավարական, այլ ոչ ռազմավարական շահերը, իսկ դա լուրջ խոչընդոտ է մերձեցումը համագործակցության վերածելու համար: Էլ չենք խոսում Ռուսաստան-Թուրքիա պատմական հակասությունների եւ հնարավոր այդ համագործակցությանն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի բացասական վերաբերմունքի մասին:

Ռուս-թուրքական համագործակցությունը կաշկանդող այլ գործոններ են նաեւ երկու երկրների տարածաշրջանում կամ միջազգային ասպարեզում ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ցուցաբերելու հնարավորությունների սահմանափակվածությունն ու որոշումների կայացման մեխանիզմներից դուրսմղումը տարածաշրջանային գլոբալ խնդիրներում:

Այսինքն, որքան էլ համընկնեն Ռուսաստանի եւ Թուրքիայի տեսակետներն Իրանի միջուկային ծրագրի, Իրաքի քաղաքական ճակատագրի, Պաղեստինում «Համասի» իշխանության եւ համանման այլ հարցերում, դա էական ազդեցություն չի թողնում այդ հարցերի շուրջը ծավալվող գործընթացների վրա:

Համենայն դեպս, հունիսի 29-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնահերթը եղել է Իրանի միջուկային ծրագրին առնչվող խնդիրը: Լրջորեն քննարկվել է նաեւ Սեւ ծովի հարցը, որտեղ գլոբալ շահեր է հետապնդում Վաշինգտոնը:

Չնայած ռուսական կողմի համառ պահանջներին, «Կապույտ հոսք» նախագծի շրջանակներում երկրորդ գազամուղի կառուցման հարցում թուրքական կողմը խուսափել է որեւէ պարտավորության ստանձնումից: Այդ իսկ պատճառով, ինչպես հունիսի 30-ի համարում նշում է «Զամանը», երկրորդ գազամուղի առնչությամբ որեւէ հայտարարություն չի արվել:

Հակառակ դրան, Սեզերն օրակարգ է մտցրել Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման նախագիծը: Հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում նախագահ Սեզերը նշել է, որ Թուրքիան էներգետիկայի բնագավառում կարեւոր նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը, «Կապույտ հոսք» նախագծի իրականացմամբ այս համագործակցությունը փոխադրվել է ռազմավարական հարթություն, ապա եւ ավելացրել. «Մենք տարածաշրջանային գերտերություն Ռուսաստանին դիտարկում ենք իբրեւ գլոբալ դերակատարի միջազգային հարցերում եւ բարեկամ երկրի»: Այնուհետեւ Թուրքիայի նախագահը գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների հարաբերությունների բարձրացումը «բազմակողմանի ուժեղացված գործակցության» մակարդակին:

Պուտինն իր հերթին Ռուսաստանի աջակցությունն է հայտնել «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությանը, որն Իսպանիայի հետ համատեղ ցուցաբերել էր Թուրքիան, եւ միաժամանակ նշել, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները ձեռք են բերել բոլորովին նոր բովանդակություն, եւ երկու երկրների տեսակետները համընկնում են միջազգային բազմաթիվ հարցերում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4