«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2006-06-29 | #121, 2006-06-30 | #122, 2006-07-01


Ե՞ՐԲ ԿՀԱՍՆԵՆՔ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Հայաստանի եվրոինտեգրման հեռանկարներին եւ Եվրոմիության հետ տնտեսական հարաբերություններին էր նվիրված երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած սեմինարը:

Առաջին զեկուցող Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց այն ցուցանիշները, որ Հայաստանն արձանագրել է ներկայումս, եւ այն չափանիշները, որոնց Եվրոմիության հետ մեր համագործակցության պայմանագրով Հայաստանը պետք է հասնի 2008 թ.-ին եւ 2015 թ.-ին: Նրա մատնանշած հիմնական ցուցանիշներից էին 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը, որը ներկայումս կազմում է 1600 դոլար, իսկ 2015 թ.-ին պետք է կազմի 2700 դոլարի, ինչպես նաեւ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը: Ներկայումս Հայաստանի այս ցուցանիշը կազմում է 19,5 տոկոս, իսկ 2015 թ.-ին պետք է կազմի առնվազն 36,4 տոկոս: Մի շարք, օրինակՙ տնտեսության ազատականացման, ցածր գնաճի ցուցանիշներով Հայաստանը ներկայումս համապատասխանում է ԵՄ չափանիշներին, իսկ այլ ցուցանիշներով, օրինակՙ տնտեսական մրցակցության, հետ է մնում եւ 2015 թ.-ին հազիվ տեղավորվի Եվրոմիության չափանիշների շրջանակում:

Երկրորդ զեկուցողըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչության պետ Վահագն Ղազարյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ առեւտրա-տնտեսական հարաբերությունները բնութագրող այս պահի ցուցանիշները, ընդ որում կիրառելով թվերը կարդալու նոր` մինչ այժմ անհայտ «տեխնոլոգիա»: Այսպես, ըստ վարչության պետի, Հայաստանի արտաքին առեւտրի ծավալը ոչ թե 2 մլրդ 718 մլն դոլար էր, այլ «2 հազար 718 մլն դոլար», իսկ միայն ԵՄ հետ առեւտրի ծավալները «հազար 33 մլն դոլար»ՙ 1 մլրդ 33 մլն դոլարի փոխարեն: Կարծում ենք, որ այստեղ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4