ԵԱՀԿ մշտական խորհրդին հունիսի 22-ին ներկայացրած Մինսկի խմբի համանախագահների հաշվետվությունը եւ դրան հետեւած ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները, բնականաբար, երկու կողմերի մեկնաբանությունների ու գնահատականների ալիք առաջացրին: Եվ համանախագահները երկու օր առաջՙ հուլիսի 3-ին հարկ համարեցին պարզաբանում մտցնել նոր հայտարարությամբ: Այն, ըստ էության, վերահաստատում է նախորդում ասվածը հնարավոր հակիրճությամբ եւ նույն գնահատականով: Համանախագահների ջանքերը հնարավոր են դարձրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդարացի, հավասարակշիռ սկզբունքների փաթեթ ներկայացնելը. «Այս առաջարկը կարող է բերել երկու կողմերին ցանկալի պայմանագրի ստորագրման: Ցավոք, նախագահները Բուխարեստում չկարողացան համաձայնության գալ այս սկզբունքներով»: Այդուհետեւ համանախագահները ինտենսիվ բանակցություններն այս փուլում անտեղի են համարում եւ հայտարարում. «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները շարունակելու համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք կրկին զբաղվել այս խնդրով»:
Թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերին առաջադրված սկզբունքներին այլընտրանք չի տրվելու եւ առանձնապես սպասելու հակվածությունն էլ չի նկատվում:
Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ հայտարարել է. «Մենք դեմ ենք հակամարտության կողմերին դրսից որեւէ դեղատոմս պարտադրելուն եւ առաջնորդվում ենք այն գաղափարով, որ վերջնական ընտրությունը պետք է կատարեն իրենքՙ ադրբեջանցիներն ու հայերը»: Կարասինի կարծիքով, գործուն կարող է լինել հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը հնարավոր կդարձնի կայունության եւ հանգիստ իրավիճակի վերադարձը Անդրկովկաս, իսկ հետհակամարտային շրջանում կօգնի պատմականորեն հաստատված ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությանը եւ տարածաշրջանը միջազգային քաղաքական ու ռազմական մրցակցության ասպարեզ չի դարձնի: ՌԴ փոխարտգործնախարարի տեսանկյունից էլ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են ապրել խնդրի լուծման ուղու փնտրտուքում: Փաստելով, որ «մնացած խնդիրները նույնքան բարդ են, որքան բուն հակամարտությունը, այնուամենայնիվ եկել է բանակցությունների փուլից դժվար որոշումների փուլ անցնելու եւ քաղաքական կամքի դրսեւորման ժամանակը», հայտարարել է Գրիգորի Կարասինը: Վերջինը թերեւս Ռուսաստանի փորձն է հավասարակշռելու սեփական մոտեցումը կոնֆլիկտի կողմերին ու դրա լուծմանը:
Ն. Պ.