ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 4 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում օրերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան պալատում անցկացվել է «Սանկտ Պետերբուրգի պալատներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսին հայկական մշակույթը ներկայացրել են փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, ջութակահար Մարիա Սաֆարյանցը, ՀՀ ժողովրդական արտիստներ Բարսեղ Թումանյանը, Արաքս Դավթյանը, իտալացի սաքսոֆոնիստ Ֆեդերիկո Մոնդելչին, ամերիկացի շեփորահար Էնդրյու Բալիոն, որը կատարել է Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից, «Շողակն» ազգագրական համույթը: Համերգն ուղեկցվել է Էրմիտաժի պետական նվագախմբի նվագակցությամբ:
Միջազգային երաժշտական փառատոնի հովանավորներն էին Ռուսաստանի խնայբանկը եւ Մշակույթի կոմիտեն: