Տեղումների առավելագույն քանակ գրանցվել է Ապարանում
Տարերքի անակնկալները գարնանից հանգիստ չեն տալիս հայ գյուղացուն: Ապրիլյան գերխոնավությանը հաջորդած ուժեղ շոգերից ուշքի չեկած հուլիսի 3-ի երեկոյան կարկտահարություններն ու հեղեղներն աղետի պես թափվեցին Արագածոտնի գյուղերի վրա: Լեռնարոտ գյուղի համայնքապետ Անդոկ Հովսեփյանը պատմում է, որ նախորդ երեկոյան 20 րոպե շարունակ կարկուտ էր տեղում եւ անխնա ոչնչացրեց ամենը, ինչ դեռ խնայել էր երաշտը:
«Ցորենի վրա բերք էլ չկար, չորացել էր, էդ էլ պառկցուց, թողեց, մի հատիկ ծիրան չմնաց», սա էլ Վերին Ագարակ գյուղի բնակիչ Սամվել Գալստյանն է շարունակում:
Շատ համայնքներում կարկուտներին հաջորդեցին գերառատ անձրեւները: Դիան, Ավան ու Կոշ գյուղերում ցեխախառն հեղեղը նույնիսկ հին տներ ու օժանդակ կառույցներ է փլել:
Արագածոտնի բարձր լեռնային համայնքներում կարկուտն ու հեղեղները հաճախադեպ այցելուներ են: Թերեւս այս հանգամանքով պայմանավորված 2004-2005 թվականներին կառավարական հակակարկտային միջոցառումները մեկնարկեցին հենց այստեղ: Աշտարակի եւ Ապարանի տարածաշրջանում այսօր 15 հակակարկտային կայանքներ են տեղադրվել, յուրաքանչյուրը սպասարկելու է 150 հա տարածք: Կայանքները կառավարվելու են համակարգիչով: Սրանք, սակայն, դեռեւս չեն շահագործվում: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ասում է, որ այժմ ընդունում-հանձնման գործընթաց է ընթանում արգենտինացիների հետ, որոնք իրականացնում էին այս ծրագիրը: Կայանքները կառավարելու համար նաեւ մասնագիտական վերապատրաստումների կարիք կա: Համենայն դեպս, սպասվում է, որ 1 ամիս հետո դրանք արդեն գործի կգցվեն:
Նախորդ գիշեր Կաքավաձոր, Բայսզ, Կոշ համայնքներում առատ անձրեւները հեղեղների են վերածվել. քանդվել են միջհամայնքային ճանապարհները, գյուղերը կտրվել են մայրուղուց: Վնասվել են Բայսզի եւ Կաքավաձորի խմելու ջրագծերը, քանդվել են կամուրջներ: Գյուղերը զրկվել են ջրից: 3 գյուղերին տարերքի պատճառած վնասները հաշվարկելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը 3 շաբաթ կաշխատի եւ արդյունքները կներկայացնի կառավարություն:
«Հայհիդրոմետի» տվյալներով, այս ամենի պատճառը հյուսիս-արեւելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցումն է հանրապետություն, որոնք խախտել են կայուն երաշտը եւ ստեղծել այսպիսի անկայուն, հորդառատ անձրեւներով եղանակ: Տեղումները հատկապես շատ են եղել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Նախորդ գիշեր անձրեւի առավելագույն քանակությունը գրանցվել է Ապարանում` 50 մմ, Տավուշում` 20-40 մմ, Սեւանում` 36 մմ, մնացած վայրերում` 6-13 մմ: Նշված վայրերում վերջին 4 օրվա տեղումները հասել եւ գերազանցել են ամսվա նորման: Տեղումները համեմատաբար նվազ են եղել Շիրակի մարզում, Արարատյան դաշտում (բացի Երեւանից) մինչեւ 13 մմ եւ Սյունիքի մարզում` 6-13 մմ: Երեւանում գրանցվել են 21 մմ տեղումներ:
Չոր եղանակի տիրապետության տակ առայժմ մնում են միայն Սյունիքի մարզի առանձին շրջաններ:
Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանի, այսօր տարբեր ժամերի տեղումները դեռեւս կշարունակվեն հանրապետությունում, հետագա 3 օրերին դրանց քանակը կնվազի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հուլիսի 8-9-ին Արարատյան դաշտում կհասնի 33-36 աստիճանի, լեռնային շրջաններում` մինչեւ 28 աստիճանի, Լոռիում ու Տավուշում` մինչեւ 31 աստիճանի: Այսինքն, աստիճանաբար կվերականգնվի հուլիսյան բարկ շոգը:
Կ. Դ.