Նրա ԱՄՆ կատարած այցը նշանավորվում է «Ռազմավարական ընդհանուր հայացք» փաստաթղթի հրատարակմամբ
Երկօրյա պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Աբդուլլահ Գյուլը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Դրան են հետեւել նախագահ Ջորջ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեդլիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարի հետ նրա հանդիպումները: Ենթադրվում է, որ Վաշինգտոնում Գյուլը կընդունի թուրք համայնքի ներկայացուցիչներին, ելույթ կունենա ամերիկյան վերլուծական տարբեր կենտրոններում եւ կմասնակցի ամերիկյան առաջնակարգ լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպումներին:
Ռայս-Գյուլ երեկվա հանդիպումն սկսվել էր մեր ժամանակով 20-ի սահմաններում: Այդ իսկ պատճառով դրա, ինչպես նաեւ ավարտին հրավիրված մամուլի համատեղ ասուլիսի մանրամասները հայտնի չէին: Պարզապես գիտենք, որ այդ հանդիպմանը քննարկվել են թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, Իրաքին, Իրանին, Սիրիային, Գազայի հատվածում Իսրայելի լայնամասշտաբ գործողություններին, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը, Կիպրոսի հիմնախնդրին, Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերին եւ էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող խնդիրներ:
Միաժամանակ Գյուլը Ռայսին իրազեկել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուդօղլուիՙ առեւանգված իսրայելցի զինվորականի հարցով Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ վարած բանակցությունների մանրամասները, ապա նրան է փոխանցել Իրաքի արտգործնախարար Խոշյար Զեբարիի օրերս Անկարա կատարած այցից ստացած տպավորությունները:
Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, դեռեւս հանդիպումից առաջ Աբդուլլահ Գյուլը բարձր էր գնահատել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի ընդունումն ԱՄՆ պետքարտուղարությունում, վերջինի հետ Կոնդոլիզա Ռայսի հանդիպումն ու գոհունակությամբ է արձանագրել ամերիկյան պաշտոնական պատվիրակությունների այցը կղզու թուրքական հատված:
Այլ կերպ, Թուրքիան Կիպրոսի առնչությամբ ավելի լուրջ աջակցություն է ակնկալում ԱՄՆ-ից: Համենայն դեպս, Ռայսի եւ Գյուլի հանդիպման օրակարգի առանցքային խնդիրը եղել են թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ դրա ավարտին հրապարակված «Ռազմավարական ընդհանուր հայացք» փաստաթուղթը, որը մեծապես կանխորոշում է այդ հարաբերությունների հետագա ընթացքը:
Այս փաստաթղթում, որը շրջանառության մեջ էր դրվել դեռեւս ապրիլի 25-ին, Կոնդոլիզա Ռայսի Անկարա կատարած այցի ընթացքում արձանագրվում են ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համատեղ մոտեցումներն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սեւ ծովի, «Մեծ Մերձավոր Արեւելքի», Անդրկովկասում եւ Միջին Ասիայում բարեփոխումների հարցերին եւ ընդգծվում ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական բնագավառում այս երկու երկրների համագործակցությունը:
Նշված խնդիրներն անմիջականորեն առնչվում են անվտանգության ոլորտին: Հետեւաբար միանգամայն տրամաբանական է, որ Գյուլը նախագահ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Հեդլիի հետ հանդիպմանը քննարկի «Ռազմավարական ընդհանուր հայացք» փաստաթուղթը, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լուգարի հետ արծարծի Հայոց ցեղասպանության բանաձեւերի հարցը:
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարարի վկայությամբ, Ռայսի հետ հանդիպումից առաջ վերջնական տեսքի բերված վերոհիշյալ փաստաթուղթը պայմանագիր չէ, պարզապես հավաստում է կողմերի «փոխհամաձայնությունը» նշված հարցերում:
Աբդուլլահ Գյուլը Թուրքիա կվերադառնա հուլիսի 7-ին: Սակայն նրա ԱՄՆ կատարած այցը դեռ կշարունակի տեղ զբաղեցնել պաշտոնական Անկարայի օրակարգում: Տվյալ դեպքում հարցը «Ռազմավարական ընդհանուր հայացք» փաստաթղթին համապատասխան տարածաշրջանի առանցքային խնդիրներին թուրք-ամերիկյան համատեղ մոտեցումների ցուցաբերումը կամ ցուցաբերման դիմաց Անկարային Վաշինգտոնի խոստացած փոխհատուցումը չէ, այլ Թուրքիա-ԱՄՆ ռազմական եւ ռազմավարական դաշինքի փոխարինումը վերոհիշյալ փաստաթղթով:
Կասկածից վեր է, որ այս փաստաթղթի հրապարակումն ամենեւին չի հանգեցնում երկու երկրների ռազմական եւ ռազմավարական դաշինքի վերականգնմանը: Դա պարզապես նախադրյալներ է ստեղծում հակաիրաքյան պատերազմի նախօրյակին առաջացած, ապա եւ հակասությունների վերաճած թուրք-ամերիկյան տարաձայնությունները հարթելու համար: Առանց դրա Թուրքիան հազիվ թե ի վիճակի լինի կատարել այն դերը, ինչ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրում նրան է հատկացրել Վաշինգտոնը: Թերեւս Գյուլի ԱՄՆ կատարած այցի նշանակությունը դրանում է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ