«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՈՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Այս տարվա փետրվարին Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու հովիվ Անդրեա Սանտորոյի սպանությունից հետո Թուրքիա գործուղված հայր Պիեռ Բրյունիսենը դատապարտել էր այդ «աներեւակայելի դրաման»: Հուլիսի 2-ի երեկոյան նա իր հերթին հարձակման թիրախ դարձավ իր պաշտոնավայր Սամսունում: Բարեբախտաբար, վերքը մահացու չէր:

Սամսունի նահանգապետը հայտարարեց, թե քահանային դանակահարած 47-ամյա հանցագործը ձերբակալված է եւ տառապում է շիզոֆրենիայով: Անատոլիայի կաթոլիկ փոխերեց Լուիջի Պադովեզեն այս կապակցությամբ «Ֆիգարո» թերթի թղթակցին ասել է, որ վերջին ամիսներին Բրյունիսենին հեռախոսով քանիցս սպառնացել էին սպանել: Բայց ոստիկանությունը թերագնահատել էր վտանգը:

«Ֆիգարոն» գրում է, որ վերջին կես տարում Թուրքիայում չորս հարձակում է կատարվել եկեղեցականների վրա: Հայր Սանտորոն գնդակահարվեց աղոթքի պահին: Ենթադրյալ մարդասպան Օգյուզը 16 տարեկան է եւ միակ մեղադրյալն է: Նրա դատավարությունը շարունակվում է: Սակայն հայտնի չէ, թե ովքեր են սպանության պատվիրատուները:

Եվրոհանձնաժողովը դեպի ԵՄ ձգտող Թուրքիայից պահանջում է բարելավել ոչ մահմեդական փոքրամասնությունների վիճակը: Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նոյեմբերին կայցելի Թուրքիա: Պատահական չէ, որ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն աճապարեց հայտարարել, թե Սանտորոյի սպանությունը «եզակի դեպք է»: Բայց դրանից մի քանի օր անց Զմյուռնիայում մի խումբ ստահակներ հենց եկեղեցու շեմին «Ալլահ աքբար» գոռալով բռնեցին սլովեն քահանայի կոկորդից: Ավելի ուշ Մերսին քաղաքի վանքերից մեկում դանակով զինված մի պատանի սպառնալիքներ ուղղեց մի քահանայի եւ մի վանականի:

99 տոկոսով մահմեդական Թուրքիայում ձախ եւ աջ ծայրահեղականներն իրենց կոչերում երկրի քրիստոնյաներին անվանում են «հինգերորդ շարասյուն»: 2005 թ. վերջերինՙ կաթոլիկների Սբ. Ծննդյան տոներին, երբ հունական փոքրիկ համայնքը ծեսի պահին ենթարկվեց «Գորշ գայլեր» խմբավորման ստահակների հարձակմանը, որոնք պահանջում էին «սիրել Թուրքիան կամ հեռանալ»:

Ծայրահեղականները պնդում են, թե քրիստոնյաները Թուրքիայում իբր զբաղվում են հոգեորսությամբ: Մինչդեռ «Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» տվյալներով, վերջին 7 տարում թուրքական պետությունն արձանագրել է քրիստոնեության ընդունման ընդամենը 350 դեպք: Իսկ քրիստոնյաների զանգվածային իսլամացման մասին նախընտրում են չխոսել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4