«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ՍԵՆԱՏԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Երկարատեւ, բուռն վիճաբանություններից հետո Մ. Նահանգների Սենատի արտասահմանյան հարաբերությունների հանձնաժողովի անդամներն անցյալ շաբաթ հետաձգել են Ռիչարդ Հոգլենդի թեկնածության հաստատումը որպես Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի նոր դեսպանի, հաղորդում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հունիսի 28-ին Սենատի վերոհիշյալ հանձնաժողովը քննարկել է երեք երկրներում նոր դեսպանների նշանակման թեկնածությունները, եւ եթե Իռլանդիայի ու Շվեյցարիայի համար առաջադրված նոր դեսպանների հաստատման հարցը շատ քիչ ժամանակ է խլել, ապա Հայաստանի պարագայում մեկ ժամից ավելի տեւած քննարկումներն ու Ռիչարդ Հոգլենդին ուղղված հարցերն անորոշ ժամանակով կասեցրել են նրա հաստատումը: Ինչպես հայտնի է, Ջոն Էվանսին փոխարինելու հարցը պետքարտուղարությունը քննարկում է արդեն երկար ժամանակ, այն բանից հետո, երբ նա ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անցյալ տարի օգտագործել էր ցեղասպանություն բառը:

Հաստատումը կասեցնելու Սենատի այս քայլը խոսում է այն մասին, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դժգոհ են Սպիտակ տան եւ պետքարտուղարության դիրքորոշումից:

Վերջիններս ամիսներ շարունակ անտեսում էին Կոնգրեսի անդամների եւ ամերիկյան հասարակության կարծիքները, մինչեւ որ թեկնածուների հաստատման լսումներից մի քանի օր առաջ սենատոր Ջո Բիդենը (դեմոկրատ, Դելավարից) ուլտիմատում-նամակ հղեց պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, առաջ քաշելով դիպուկ հարցեր եւ խոստանալով ոչ մի քայլ առաջ չգնալ, մինչեւ լիարժեք պատասխաններ չստանա: Պետքարտուղարության իրավական հարցերով քարտուղարի օգնական Ջեֆրի Բերգնետի պատասխանը բոլորովին չի գոհացրել նրան:

Սենատոր Բիդենին միացել են նաեւ սենատորներ Ջոն Քերրին, Բարբարա Բոքսերը, Քրիստոֆեր Դոդը, Լինքոլն Չաֆին, Էդվարդ Քենեդին եւ Պոլ Սերբանեսը:

Հանձնաժողովի քննարկումների ժամանակ հատկանշական ելույթներ են ունեցել նաեւ սենատորներ Ջորջ Ալենը (Վիրջինիայից) եւ Նորմ Քոուլմանը (Մինեսոտայից): Վերջինս նախագահել է լսումներին նվիրված նիստը: «Ես հրեականություն եմ դավանում եւ չեմ կարող պատկերացնել, որ Իսրայելում նշանակված մի դեսպան արդյունավետ կարողանա աշխատել այդ երկրում առանց ընդունելու Հոլոքոսթի փաստը: Նույնը վերաբերում է Հայաստանին», ասել է նա:

Վերջապես Սենատը իր լուրջ կողմնորոշումն արտահայտել է այս կնճռոտ հարցի վերաբերյալ: Մեզ մնում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ դիրքորոշման ընդունմանը, ավարտում է իր հոդվածը Հարութ Սասունյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4