«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԶԻՋՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Եթե այդ երկիրն այդուհանդերձ խուսափի պարտադրվող համաձայնագրի ստորագրումից

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտումներից հետո բանակցային գործընթացը փաստորեն նորՙ հրապարակային քննարկումների փուլ մտավ: Այն, որ ամերիկյան համանախագահի բացահայտումները պատահական չէին եւ որ միջնորդների եռյակը պատրաստվում էր խնդիրը հրապարակայնացնել, պարզ դարձավ մի փոքր ուշ, երբ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը հրապարակեց համանախագահող երեք երկրների համատեղ հայտարարությունը, որտեղ առավել մանրամասն էին ներկայացվում միջնորդների առաջարկները: Դրան հաջորդեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բացատրություններն ու պարզաբանումները, այսինքն սկսվեցին առաջարկների հրապարակային քննարկումներն ու վերլուծությունները: Ինչո՞ւ համանախագահները գնացին այդ քայլին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեին:

Համաձայնագիրն ուղղակի կպարտադրվի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների հրապարակման պատճառների վերաբերյալ պետք չէ հեռուն գնալ: Միջնորդներն իրենց հայտարարության մեջ ասում են, որ արել են հնարավորը փոխզիջումային տարբերակ ստեղծելու համար եւ այժմ պատասխանատվությունն ընկնում է բանակցային կողմերի վրա: Սրանով համանախագահները ակնկալում են տեսնել, թե ինչպիսին է երկու երկրների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական կարծիքը առաջարկների վերաբերյալ: Իսկ ավելի հեռահար նպատակը այդ հասարակությանը կարգավորման իրենց առաջարկած տարբերակի ընդունմանը նախապատրաստելն է: Այն, որ միջազգային ճնշումները կողմերի վրա ուժեղանալու են եւ որ հակամարտության կարգավորման դրույթները պարտադրվելու են, նշել էինք դեռեւս մեր նախորդՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպմանը հաջորդած հրապարակման մեջ («Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կողմերին թերեւս կպարտադրվի», 14 հունիսի, 2006 թ.): Ակնհայտ է, որ իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ: Դրա առաջին լուրջ ապացույցը «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարների հայտարարությունն էր, որտեղ համաձայնություն էր հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած առաջարկներին եւ առաջարկվում երկու երկրների ղեկավարներին քայլ կատարել դեպի խաղաղություն: Հաջորդ քայլը լինելու է արդեն «Մեծ ութնյակի» գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպումը, որի ժամանակ արդեն կողմերը չեն կարող առանց իրենց համար լուրջ հետեւանքների խուսափել կարգավորման սկզբունքները ստորագրելուց:

Որքանով են առաջարկները ձեռնտու հայկական եւ ադրբեջանական կողմերին

Սա համաձայնագրի հնարավոր հետագա ճակատագրի մասին: Բնական է, կարեւորագույն հարցն այստեղ այն է, թե որքանով են առաջարկները շահավետ կողմերին եւ ինչպես են նախապատրաստում իրենց հասարակություններին դրանց ստորագրմանը:

Համանախագահների բացահայտումներին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների հայտարարություններից երեւում է, թե ինչպես են երկու երկրների հասարակություններին իշխանությունները ներկայացնում բանակցային գործընթացի էությունը, ինչից էլ երեւում է, թե որքանով են կողմերը պատրաստ համաձայնության կայացմանը: Եթե Հայաստանի արտգործնախարարի պարզաբանումները էապես չեն տարբերվում համանախագահների նշած մանրամասներից, ապա Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյաները բացահայտորեն հերքում են սեւով սպիտակի վրա համանախագահների գրած իրենց ոչ ձեռնտու սկզբունքներըՙ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեի միջոցով լուծելու, Լաչինի եւ Քելբաջարի առանձնահատուկ կարգավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին: Սա նշանակում է, որ այս առաջարկներին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ոչ իրատեսական եւ մաքսիմալիստական պահանջներին, համաձայն չէ եւ ձգտում է ու ձգտելու է ամեն կերպ խուսափել դրանց ստորագրումից: Հակառակ այն բանի, որ Հայաստանը հրապարակայնորեն հայտարարում է, թե համանախագահների առաջարկն իսկապես փոխզիջումային է եւ պատրաստ է ստորագրել: Այլ հարց է, թե որքանով է այն իսկապես շահավետ Հայաստանի համար, քանի որ առաջին փուլում 5 շրջաններից հայկական զինված ուժերի դուրսբերումը առանց Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերաբերյալ նախատեսված հանրաքվեի կոնկրետ ժամկետի եւ Ադրբեջանի կողմից դրա արդյունքները ճանաչելու կոնկրետ պարտավորության, լուրջ վտանգներ է պարունակում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե չլինեին նրա իշխանությունների ծայրահեղ պահանջները եւ այդ պահանջներին գերի դառնալը, ապա համանախագահների առաջարկներով նրանք ստանում են առավելագույնը, որ կարող էին ստանալ եւ ավելին, քան հայկական կողմը: Ի վերջո, հայկական կողմին, ըստ առաջարկների, տրվում էր արդեն գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի անկախության իրավական ճանաչման հեռանկարը միայն: Բացի այդ, հայկական կողմից պետք է վերցվի այն, ինչ ձեռք է բերել պաշտպանողական պատերազմի արդյունքումՙ ազատագրված տարածքները: Փոխարենը Ադրբեջանն ստանում է պատերազմում իր կորցրած տարածքներն առանց պատերազմի: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանի մոտեցումներն այլ ենՙ կոշտ եւ անզիջում:

Բանակցությունների ձախողումը եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը

Այս ամենով հանդերձ, բացառված չէ նաեւ այն տարբերակը, որ Ադրբեջանը, հույսը դնելով իր նավթային հեռանկարների վրա, մերժի համաձայնագրի ստորագրումը, ինչով փաստորեն հակամարտությունը կմտնի փակուղի: Ի՞նչ պետք է անի Հայաստանը: Անիմաստ սպառնալիք հղի, որ այդ դեպքում Ադրբեջանը բանակցությունները կշարունակի Լեռնային Ղարաբաղի հե՞տ, ինչպես արդեն մեկ անգամ հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը: Այս դեպքում միակ տրամաբանական ելքն այն է, որ Հայաստանն իր ողջ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելուն: Ադրբեջանի անզիջում եւ միջազգային հանրությանը դեմ գնացող կեցվածքը լավագույն առիթն է դրա համար: Մնում է միայն սպասել իրադարձությունների ընթացքին: Եթե Հայաստանն ու Ադրբեջանըՙ վերջինիս դիրքորոշման պատճառով չստորագրեն որեւէ համաձայնագիր, ապա Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այդ առիթը մեր երկիրը չպետք է բաց թողնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4