Արցախի բնիկ հայկական պատմական տարածք լինելու եւ մինչեւ 18-րդ դարը համարյա միատարր էթնիկ բնակչություն ունենալու հանգամանքն ապացուցելու համար մոտ մեկ տարի առաջ հնագետներ Համլետ Պետրոսյանը, Ժորես Խաչատրյանը, Աշոտ Փիլիպոսյանը եւ Վարդգես Սաֆարյանը սկսել են ուսումնասիրել Արցախի Տիգրանակերտ քաղաքի ավերակները: Հետազոտությունն իրականացրել է Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետազոտական արշավախումբը` հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ:
Հետազոտական խումբը, կիրառելով աղբյուրագիտական, տեղագրական եւ հնագիտական հետազոտությունների համալիր մեթոդաբանություն, հանգել է եզրակացության, որ Արցախի Տիգրանակերտի ավերակները` բաղկացած ամրակայված հատվածից, քաղաքային ընդարձակ թաղամասից եւ երկու դամբարանադաշտերից, գտնվում են ներկայիս Շահբուլաղ կոչվող աղբյուրի շրջակայքում: Արշավախումբը մանրամասնորեն հետազոտել է նաեւ Շահբուլաղի շրջակայքը, որը 19-րդ դարի տեղագիրների մոտ հայտնի է նաեւ Թնգրնակերտ, Թառնակերտ, Թառանյուրտ կամ Թառանգյուրտ անուններով, որոնք հնչողությամբ շատ մոտ են Մովսես Կաղանկատվացու օգտագործած Տկռակերտին եւ ի վերջո Տիգրանակերտին: Այս մասին ասվում է նախորդ տարի հրատարակված «Հայաստանի ազատագրված տարածքը եւ Արցախի հիմնախնդիրը» վերլուծական եւ փաստագրական նյութերի ընտրանիում: Նույն ընտրանիում, անդրադառնալով ուսումնասիրությանը, հետազոտողները նշում են. «Նմանատիպ երեւույթների շարքում առաջնային կարեւորություն ունի Արցախի Տիգրանակերտի ֆենոմենի բացահայտումը. քաղաք, որը լավագույն կերպով կարող է վկայել Արցախի էթնոմշակութային նույնականությունը ողջ Հայաստանի հետ` սկսած առնվազն մ.թ.ա. վերջին դարերից մինչեւ մեր թվարկության 11-12-րդ դարերը»:
Արցախի Տիգրանակերտի մասին առկա նյութերի ուսումնասիրությունը արշավախմբին հիմք է տվել հավանական համարելու, որ բնակավայրի ավերակները պետք է փնտրել Խաչենագետի ներքնահովտում, այնտեղ, ուր Արցախյան լեռնաշղթան շեշտակի անկումներով ձուլվում է տափաստանի հետ եւ որտեղով հնում հյուսիս-արեւմուտքից հարավ-արեւելք ձգվող մոտավոր գծով իրարից բաժանվում էին Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք նահանգները: Մեջբերելով 7-րդ դարի պատմիչ Սեբեոսին, հրապարակման հեղինակները նշում են, որ մյուս Տիգրանակերտը, որը պատկանում է Ուտիքին, եւ Տիգրանակերտ ավանը պատկանում են Արցախին:
Արցախի Տիգրանակերտը հստակորեն տեղայնացնելու համար այժմ արշավախումբն ուսումնասիրում է Տիգրանակերտի Խաչենագետի քարայրային համալիրը: Բարկ արեւի տակ աշխատող հնագետների հետ հանդիպելու հնարավորություն ունեցանք հենց համալիրի մոտ, որտեղ էլ զրուցեցինք հնագետ Համլետ Պետրոսյանի հետ: Խաչենագետի առնչությամբ հնագետն ասաց, որ այն հայտնի է եղել նաեւ ադրբեջանցիներին, որոնք սակայն համալիրին անդրադարձել են որպես վաղ աղվանական շրջանի համալիրի, «ինչը մեզ դրդում է հատուկ զբաղվել համալիրի ուսումնասիրմամբ»: «Այստեղ կան վաղ քրիստոնեական շրջանի խաչքարեր, գերեզմաններ: Այս շրջանը լի է հայկական քրիստոնեական խաչքարերով եւ մեր խնդիրն է աշխարհին ապացուցել, որ սրանք բնիկ պատմական տարածքներ են», ասաց հնագետ Պետրոսյանը եւ հավելեց. «Տիգրանակերտը Տիգրան Մեծի օրոք է ստեղծվել, բայց մենք հիշատակություններ ունենք, որ 7-8-րդ դարերում Տիգրանակերտը մնում էր հայտնի բնակատեղի եւ հնարավոր է, որ այս համալիրը մտել է վաղ միջնադարյան Տիգրանակերտի մեջ»:
Խաչենագետի քարայրային համալիրի ուսումնասիրության առաջին փուլում արշավախումբը լուսանկարել է տարածքի ճարտարապետական եւ հնագիտական դրսեւորումները, թվայնացրել դրանք, քարտեզագրել, հավաքել վերգետնյա նյութերը: Համլետ Պետրոսյանի ներկայացմամբ, Խաչենագետի քարայրային համալիրը կրոնական է եւ իրենից ներկայացնում է եկեղեցի, գավիթ եւ ժայռերի մեջ փորված տապանատուն: Ուսումնասիրության առաջին փուլում արշավախումբը համալիրից հայտնաբերել է վաղ շրջանի խաչային հորինվածքներ, հունական արձանագրություններ: Հնագետի հավաստմամբ, հիմնական արձանագրություններում, որոնք ընթեռնելի են, նշված է Հիսուս Քրիստոս անունը: Տարածքի նկարահանումից եւ չափագրումից հետո արշավախումբը պատրաստվում է արդյունքները համադրել առկա աղբյուրագիտական-տեղագրական նյութերի հետ, որը սակայն կարիք ունի նոր ֆինանսավորման:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Արցախ-Երեւան