«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ԱՐՑԱԽՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

Հուլիսի 1-ից ԼՂՀ-ում գործում են էլեկտրաէներգիայի նորՙ ցերեկային ժամերի համար 20 դրամ, իսկ գիշերային ժամերի համար 15 դրամ սակագներ: Գիշերային սակագները կգործեն ժամը 23-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, ընդ որումՙ բնակարաններում ինդուկցիոն հաշվիչներ տեղադրելու դեպքում: Մինչ այդ բնակչությունից գանձվում էր 14 դրամՙ յուրաքանչյուր կվտ/ժամի համար:

Արցախի հանրային հեռուստատեսությանը օրերս տված հարցազրույցում «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Սլավա Գաբրիելյանն այս առնչությամբ, սակայն, ասել է, որ իրենց ընկերությունն ի վիճակի չէ բնակչությանը նման հաշվիչներով ապահովել: Լավագույն դեպքում իրենք կարող են հայտնել հայաստանյան այն ընկերությունների հասցեները, որոնք զբաղվում են դրանց արտադրությամբ: Այդպիսի մեկ հաշվիչի գինը, Ս. Գաբրիելյանի իրազեկմամբ, 23 հազար 500 դրամ է: Այլ հարց է, թե «Արցախէներգոյի» ավելի քան 40 հազար բաժանորդներին, որոնցից 3 հազարը մասնավոր հատվածից են, ինչքանով ձեռնտու կլինի նման հաշվիչների տեղադրումը:

Էլեկտրաէներգիայի թանկացումը «Արցախէներգոյի» տնօրենը բացատրել է դրա ծավալների կտրուկ ավելացմամբ: Եթե 2002 թվականին ԼՂՀ-ում սպառվում էր 147 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որի զգալի մասըՙ շուրջ 109 միլիոն կվտ/ժամ, ապահովում էր Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը, ապա 2005 թվականին սպառման ծավալը գերազանցում էր 210 միլիոնը, որից ՀՀ բաժինը կազմում էր 98 միլիոն կվտ/ժամ: Ըստ Ս. Գաբրիելյանիՙ այս տարի Արցախում կծախսվի մինչեւ 220 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որի 60-65 տոկոսը պիտի ստացվի Հայաստանի Հանրապետությունից:

Բնականաբար, Արցախում խանդավառված չեն այս թանկացմամբ, մանավանդ գազի սակագնի ավելացման պարագայում (մեկ խորանարդ մետրըՙ 65 դրամ): Սոցիալապես ընդգծուն շերտավորված բնակչության համար այս թանկացումները թերեւս շոշափելի կլինեն աշնանից, քանի որ յուրօրինակ գնային ցատկ է կատարել նաեւ վառելափայտըՙ մեկ խորանարդ մետրըՙ 5 հազար դրամ: Իսկ բնակչության ամենախոցելի զանգվածը այս առումով դարձյալ լինելու է թոշակառու եւ անգործունակ խավը, թեպետ միջին համարվող խավերն էլ հազիվ թե այս թանկացումներից նախանձելի վիճակում հայտնվեն:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4