Իսկ պետական բյուջենՙ չստանալ միլիոնավոր դոլարներ
Ընդունված է ասել, որ Հայաստանը օգտակար հանածոներով հարուստ երկիր է: Դժբախտաբար, նավթի եւ գազի հանքավայրեր մեր երկիրը չունի, բայց հատկապես քարհանքերի պակաս չունենք: Եվ կարծես թե բոլորին էլ հայտնի է, որ այդ հանքավայրերը հիմնականում շահագործվում են հին տեխնոլոգիաներով եւ ցածր օգտակար գործողության գործակցով: Փոխարենը հանքավայրեր շահագործողներն են գերշահույթներ ստանում, հարկային մարմիններին ներկայացնելով գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություններ կամ զրոյական հաշվետվություններ: Սա վկայում է, որ մեր երկրի ընդերքի հարստություններն առանց հարկային պարտավորությունների շահագործողներն ու նրանց բարձրաստիճան հովանավորները որքան էլ խոսեն միջազգային օրենքների եւ սահմանադրական նորմերի մասին, երբեք նկատի չունեն, որ օրենքի առջեւ հավասար պետք է լինեն բոլորը, նախեւառաջ հենց իրենք:
Հարկային պետական ծառայության հրապարակած 74 ընկերությունների ցանկը, որոնք ունեն օգտակար հանածոների շահագործման լիցենզիա, սակայն ցույց են տվել, որ գործունեություն չեն իրականացրել կամ զրոյական հաշվետվություններ են ներկայացրել, պետք է ուղղակի սթափեցնի բոլորիս: Դեռ 2001 թ.-ին մեր հրապարակած «Թալանված ընդերք, չհարկված միլիոններ» հոդվածում («Ազգ», 13 հունիսի, 2001 թ.), առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության խորհրդական Ստեփան Բաբայանիՙ արդյունահանվող եւ շինարարության մեջ օգտագործվող քարերի ու շինանյութերի անտրամաբանական տարբերություններին վերաբերող վերլուծությունները ներկայացնելով, ցույց էինք տվել, որ դեռ 1998-2000 թթ. այս ոլորտում տարեկան ստվերային շրջանառությունը 24-48 մլն դոլար է: Այդ հրապարակմանը հաջորդեցին նախագահի աշխատակազմի ստուգումները: Սակայն ինչպես պարզվում է հարկային պետական ծառայության հրապարակած ցանկից, Հայաստանի ընդերքը շարունակվում է թալանվել, իսկ պետական բյուջե մուտք չգործել միլիոնավոր դոլարներ:
Ցանկում թվարկված են Հայաստանում առկա գրեթե բոլոր քարհանքերը, որոնք շահագործողներն իբր գործունեություն չեն իրականացրել կամ շահույթ չեն ստացել: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ նրանք պետք է անցնեին կառավարական տարբեր օղակներով ձգվողՙ հանքավայրերի շահագործման թույլտվություն, լիցենզիա կամ արտոնագիր ստանալու գործընթացը, որպեսզի հետո հանքավայրերը չշահագործեն: Մի՞թե ակնհայտ չէ, որ իրականում այդ հանքավայրերը շահագործվում են, իսկ արդյունահանվող տուֆը, մարմարը, բազալտը, պեռլիտը, ավազը, ավազաքարը, օնիքսը, պորֆիրիտը, պեմզան, կվարցիտը, ֆելզիտը, տրավերտինը եւ այլ քարատեսակներըՙ լայնորեն կիրառվում են կտրուկ աճ արձանագրած շինարարության մեջ:
74 ընկերություններ, որոնց անունները քիչ հայտնի են լայն հասարակայնությանը: Դրանց թվում են Արթիկի տուֆն արդյունահանող «Տիգրան», «Անի շինանյութեր», «Պարթեւ», «Անի պեմզա կոմբինատ», ինչպես նաեւ այլ բնակավայրերում գտնվող տուֆի հանքավայրեր շահագործող բազմաթիվ ուրիշ ընկերություններ, բազալտի արդյունահանման «Տիգարբո» (Կոտայքի հանքավայր), «Պարիսպ» (Արամուսի հանքավայր), «Մարտունի» (Գեղահովիտ եւ Ձորագյուղ), «Շինանյութեր» (Մերձավան), «Արմ ընդ կար» (Ջրվեժ), «Նեստա» (Գառնի), «Վ.Հ.Վ. էյրլայնս» (Բալահովիտ), «Անի» եւ «Ախուրյանշին» (Ազատան), «Կարիեր ինվեստ» (Կոտայքի Կարապիձոր), «Սիսիան գրանիտ» (Շաքի), «Պողոսյան վարուժավ» (Անգեղակոթ), պեռլիտ արդյունահանող «Արագած պեռլիտ» (Արագածի հանքավայր), «Քալոյան» (Ձորագյուղ), մարմար արդյունահանող «Արարատ մոտորս» (Մայմեխ), «Ասմաթ» (Նոր Խարբերդ), «Գեֆեստ» (Մարմարաշեն), «Կարհավե» (Ապարան) ընկերությունները, ինչպես նաեւ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող ոչ անհայտ «Մեգո գոլդը», Կապանի պղնձի եւ Սյունիք ոսկու հանքերը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատը», միանգամից մի քանիՙ Արնանիսի ոսկու, Ենոքավանի եւ Սպիտակաջուրի մարմարացված կրաքարի, Կողեսի գաբրոմիենտի, Սարատովի բազալտի հանքավայրերը շահագործող «Մագասարը» եւ շատ ուրիշներ:
Բնական է, որ ամբողջ ցանկը թվարկել չենք կարող եւ բացի այդ, ամբողջությամբ արդեն հրապարակված է: Այստեղ ակամա հարց է ծագում, իսկ վերոնշյալ ցանկը հրապարակած հարկային պետական ծառայությունն ինչպե՞ս է հավատում հիշյալ հանքավայրերը շահագործողների հայտարարություններին: Կամ եթե չհավատալը նրա իրական հնարավորություններից բարձր է, ապա պարբերաբար հարկային ու մաքսային մարմիններից արդյունքներ պահանջող երկրի նախագահին չի՞ տեղեկացվում այս ցուցանիշների մասին: Վերստին հիշեցնենք, որ այս ոլորտում թալանի եւ ստվերային մեծ շրջանառության մասին դեռ 5 տարի առաջ էինք ահազանգել, որին հաջորդած նախագահական գործողությունները, մեծ հաշվով, մինչ օրս գործնական արդյունքների չեն հանգեցրել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ